Հերետիկոսն ու այլասերվածը, ֆալոսական պաշտամունքի գերագույն քուրմը, արվամոլը, տրանսգենդերն ու մազոխիստը (3)
Հելիոգաբալուսը որոշ ժամանակ մնացել է Անտիոքում՝ սպասելով ծագած խռովությունների ճնշմանը։ Պատմիչ Դիոն Կասիուսը նշում է դրանցից մի քանիսը, որոնք պատմաբան Ֆերգուս Միլարը թվագրում է 218–219 թվականների ձմռանը։ Ապստամբներից մեկը՝ Գելիուս Մաքսիմուսը, որն ապստամբության ժամանակ ղեկավարել է Սկյութական 4-րդ լեգեոնը, ի վերջո պարտվել է և մահապատժի է ենթարկվել: Ճնշվել է նաև Գալլական 3-րդ լեգեոնի ապստամբությունը: Ըստ Հերոդիանոսի՝ 218-219 թվականների ձմեռը Հելիոգաբալուսն անցկացրել է Բյութանիայում՝ Նիկոմեդիայի մոտ, իսկ 219 թվականի առաջին կեսին Թրակիայով և Մյոզիայով մեկնել է Իտալիա: Հերոդիանոսն ասում է, թե Հելիոգաբալուսն իր դիմանկարն ուղարկել է Հռոմ, որը պիտի կախվեր Սենատի շենքում գտնվող Վիկտորիա աստվածուհու արձանի վերևում, որպեսզի մարդիկ չցնցվեին կայսրի արևելյան տեսքից։ Անհայտ է՝ արդյո՞ք նման դիմանկար իրականում գոյություն է ունեցել: Եթե նրա դիմանկարը իսկապես կախված էր Վիկտորիա աստվածուհու գլխավերևում, ապա սենատորների զոհաբերություննեն աստվածուհուն ընկալվել է նաև որպես զոհաբերություն այս նորաթուխ կայսրին: Մայրաքաղաք տանող ճանապարհին արդեն նա դրսևորել է արևելյան բռնապետության ոգով իր դաստիարակվածությունը. չսպասելով Սենատի որոշմանը, նա ընդունել է «Պիուս Երջանիկ՝ տրիբունական իշխանությամբ պրոկոնսուլ» տիտղոսը: Հռոմ գնալու ճանապարհին Հելիոգաբալուսը մահապատժի է ենթարկել Մակրինոսի մի քանի կարևոր զինակիցների, այդ թվում՝ Սիրիայի կառավարիչ Գայոս Ֆաբիուս Ագրիպինուսին և Թրակիայի նախկին կառավարիչ Կլավդիոս Ատտալուս Պատերկուլիանուսին։ 219 թվականի օգոստոսին կամ սեպտեմբերին Հելիոգաբալուսը մեծ հանդիսավորությամբ մտել է կայսրության մայրաքաղաք։ Հռոմի բարձր դասին շնորհված համաներումը վերահաստատվել է, սակայն փաստաբան Ուլպիանոսին աքսորել են։ Կոմազոնը ստացել է պրետորական պրեֆեկտի պաշտոնը, իսկ 220 թվականին նշանակվել է քաղաքի կոնսուլ և պրեֆեկտ (երեք անգամ՝ 220-222 թթ. ընթացքում), որը Դիոն Կասիոսը որակել է «բռնություն հռոմեական կարգերի դեմ» ։ Ինքը՝ Հելիոգաբալուսը, կոնսուլի պաշտոնը զբաղեցնում է երեք տարի անընդմեջ՝ մինչև 220 թվականը։ Հերոդիանոսը և «Օգոստոսների պատմություն» -ը պնդում են, թե Հելիոգաբալուսը իր դաշնակիցներին կարևոր պաշտոններ է վստահել։ Հելիոգաբալուսի հարաբերությունները մոր և տատի հետ լավ են եղել, և նրանց ազդեցությունը կայսրի վրա նրա գահակալության սկզբում ուժեղ է եղել, և այդ է եղել պատճառը, որ Մակրինուսը պատերազմ է հայտարարել ոչ միայն Հելիոգաբալուսին, այլև այդ կանանց։ Նրանք եղել են առաջին կանայք, որոնց թույլ է տրվել Սենատ մտնել և սենատորի տիտղոս ստանալ։ Նրանք այնքան մեծ ազդեցություն են ունեցել երիտասարդ կայսրի վրա, որ նրանց պատկերները հաճախ հայտնվել են այն ժամանակվա մետաղադրամների և փաստաթղթերի վրա, ինչը բացառիկ պատիվ էր հռոմեացի կնոջ համար: Հելիոգաբալուսի օրոք հռոմեական դինարն աստիճանաբար արժեզրկվել է, ինչին էականորեն նպաստել է կայսրի անսանձ մսխումը՝ ի հետևանք որի սաստկացել է կայսրության ֆինանսական ճգնաժամը: Սեպտիմուս Սևերոս կայսրի օրոք արևապաշտությունը տարածված է եղել է ամբողջ կայսրությունում: Իսկ 220 թվականի վերջին Հելիոգաբալուսն իր Էլագաբալուս աստծուն հռչակել է հռոմեական պանթեոնի գերագույն աստվածություն, իսկ տարվա մեկնարկային ամսաթիվը սահմանել է ձմեռային արևադարձի օրը։ Հելիոգաբալուսը ստացել է «անպարտելի աստված արևային Էլգաբալուսի գերագույն պոնտիֆիկոս» տիտղոսը (sacerdos amplisimus dei invicti Soli Elagabali, pontifex maximus) ։ Այն փաստը, որ այս օտար աստվածն ու իր քահանայապետ Հելիոգաբալուսը պետք է ավելի շատ հարգված լինեին, քան Յուպիտերը, ապշեցրել է շատ հռոմեացիների: Միգուցե հռոմեական կրոնի նկատմամբ հարգանք դրսևորելու կամ նոր և հին պաշտամունքի միջև կապ հաստատելու նպատակով, Հելիոգաբալուսն Աստարտե, Միներվա, Ուրանիա աստվածուհիներին կամ նրանց պայմանական համակցությանը Էլագաբալուս աստծու կանանց կարգավիճակ է տվել: Հնարավոր է նաև, որ նա փորձել է Կապիտոլիական եռյակին՝ Յուպիտերին, Յունոնային և Միներվային փոխարինել Էլագաբալուսով, Ուրանիայով և Աթենասով: Նկարում՝ հռոմեական դրամ ՝Հելիոգաբալուսի տատի՝ Յուլիա Մեսայի պատկերով: (շարունակելի) |