* * *
Կուրծքն այրվում էր
հեռացած մատների հետքերից,
Կուրծքը լա՜ց էր լինում հեռացումը…
Աչքերում ցա՜վ էր,
Աչքերում թա՜ց էր,
…ու կրակն էր բորբոքվում արցունքներից:
* * *
Երբ սիրածդ կնոջ տանից վերադառնում ես տուն՝
Քայլերդ հարբածի, շարժումներդ անկանոն
Գիշերը լուսավոր,
Անցորդներն անհետացած
…և չկա մեկը որ տեսնի քո երջանիկ դեմքը:
* * *
Մի սանրվածք էր իջնում աստիճաններից:
Սանրվածքի հետ միասին
իջնում էին կիսաբաց ազդրեր,
…ու թվում էր, թե դրանք քո աղոթքնե՜րն են,
որ բարձրից վերադառնում են դեպի քեզ:
* * *
Երբ գլուխդ չի՛ շարժվում
աչքերդ էլ չե՛ն փնտրում արևելքից արևմուտք՝
Նշանակում է պարանոցիդ փաթաթվել է Սերը,
Նշանակում է ամեն պահի կարող է քեզ խեղդել,
…ու սպասում ես խեղդվելուն:
* * *
Մարմինս ընկերացել է օգոստոսի հետ՝
դարձել նրա նման անկարգ,
քրտնած ու անկանխատեսելի…
Հոգիս ըմպում է օգոստոսի շոգը
…դանդաղ ծանոթանում եմ դժոխքի հետ: