Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԱՂԵՑԻ (ժամանակի զոհը)

12:05, Monday, 12 August, 2024
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԱՂԵՑԻ (ժամանակի զոհը)

Հարություն Մարաղեցի (Հարություն Մկրտչյան, 1915-1968) . ընթերցողին ոչինչ չասող անուն։ Մարդ, որ եղել է գրող իր ուղն ու ծուծով: Ում շրջապատը վերաբերվել է մեծագույն ակնածանքով: Ով իրեն ճանաչողների շրջանում եղել է անառարկելի հեղինակություն:

Բայց, ավա՜ղ, մի բան է լինել ստեղծագործող, լինել գրող էությամբ, մեկ այլ բան` ճանաչվել-կայանալ որպես այդպիսին։

Հիրավի, դժվար է հավատալ, որ ճակատագիրն ստեղծագործողի հանդեպ կարող է լինել այնքան դաժան, որքան եղել է նրա նկատմամբ:

Ծնվել և ապրել է Օշականում: Շատերի նման նա էլ անհիմն դատապարվել ու աքսորվել է: Թեև հետագայում արդարացվել է, բայց գրական աշխարհում իր տեղն այդպես էլ չի գտել: Թե ինչո՛ւ է նրա ստեղծագործությունների վրա դրվել արգելք, հասկանալի չէ, որովհետև նման ճակատագրի արժանացած շատերի առջև արդարացվելուց հետո ճանապարհները եղել են բաց։

Ըստ ավագներից լսածի՝ գրելը եղել է նրա առօրյան, կյանքը: Դրանով նա, բառիս ուղղակի իմաստով, զբաղվել է որպես «պրոֆեսիոնալ» ։

Ձեռագիր վաստակը եղել է մեծ. բազմաթիվ թղթապանակներում ամփոփված բանաստեղծություններ, պատմվածքներ, վիպակներ, վեպ․․․

Այժմ քիչ բան է պահպանված, բայց, համենայն դեպս, չի բացառվում, որ արժեքավոր գործեր գտնվեն։

Հիմնականում սևագրություն է բանաստեղծությունների այն մասը, որին ես ծանոթ եմ, և հավանաբար դա չէ այն արժեքավորը, որն ստեղծել է Հ․ Մարաղեցին:

Դրանց գերակշռող մասը վաղ տարիքում, հիմնականում 1930-ական թվականերին գրված ստեղծագործություններ են, երբ հեղինակը դեռևս շատ երիտասարդ էր, և բնական է, որ այդ գործերի ստվար մասը, թող թույլ տրվի ասել, հասուն գրչի արգասիք չեն։ Այս իսկ պատճառով դրանք հրապարակելու հարկ, կարծում եմ, չկա։

Ե՛վ դպրոցական մի քանի տետրում ամփոփված, և՛ շուրջ 130-140 էջ կազմող մեքենագրված գործերի մեծ մասը կրկնություններ են։ Երբեմն՝ երեք, չորս և ավել օրինակով։

Հասկանալի է, որ այս պարագայում ինձ մոտ եղող ստեղծագործությունների քանակը դառնում է բավական փոքր։

Ձեռագրերում շատ բան անընթեռնելի է։ Չգիտեմ` ինչպիսին են այդ ստեղծագործությունները վերջնական տեսքով կամ բերվե՞լ են վերջնական տեսքի, թե՞ ոչ, բայց դրանք, ինչպես և մեքենագիր գործերն ընթերցելով՝ ակնհայտ է դառնում, որ մենք կորցրել ենք գրողի, իր ձայնն ունեցող բանաստեղծի: Կորցրել ենք` չտալով գրական տարածք և օդ․․․

Որպես ասվածի հավաստում և որպես օրինակ՝ կուզեի վկայակոչել «Ապրիլյան կեսօր» վերնագրով արձակ մի բանաստեղծություն, որը, ըստ իս, յուրահատուկ ստեղծագործություն է։

Որքա՜ն պատկերավոր է այն․ անմիջապես տեսնում ես բազկաթոռին կանգնած, մանրիկ, փափլիկ թաթիկները պատշգամբի բազրիքին դարսած՝ Երևանին նայող փոքրիկ աղջկան։ Մեղմ ու անուշ գարուն է, ծաղիկները բուրում են, և զգում ես երևանյան լույսը, որը նաև լույսն է երջանկության։

Նկատենք նաև հիշյալ բանաստեղծությունը գրելու ժամանակը (1962 թվական), երբ այս ոճի բանաստեղծություններ, որքան ես գիտեմ, չէին գրվում։ Եվ ընդհանրապես․ պատկերացրեք, թե մեր գրականության մեջ ինչ ինքնատիպ էջ կունենայինք, եթե շարունակվեր արձակ բանաստեղծությունների այդ շարքը և դառնար ժողովածու։

Ափսոս․․․

Եթե անգամ ընդունենք, որ Հ․ Մարաղեցու ստեղծագործությունները չեն հրատարակվել, որովհետև չեն բավարարել պահանջվող չափանիշները, միևնույնն է, այդ պատճառաբանությունն էլ անհիմն է, քանի որ նույն ժամանակ տպագրվում էին դրանց շատ բանով զիջող գործեր։

Հավանաբար ընդունենք, որ դա պարզապես եղել է ճակատագիր։ Եվ, անշուշտ, ընդունենք նաև անվիճելի այն իրողությունը, որ հեղինակի զարգացման, կատարելագործման համար հարկավոր է ասպարեզ, գրական թթվածին։ Ոչ մի կասկած, որ Հ․ Մարաղեցու ստեղծագործությունները կլինեին ավելի ինքնատիպ, նա կստեղծեր անհամեմատ ավելի արժեքավոր գործեր, եթե չլիներ անիմաստ, անհասկանալի արգելքը։

Իսկ դրա դեմ նա, իհարկե, պայքարել է։ Նոթատետրում գրված մի «բողոքից», որը ենթադրաբար էքսպրոմտ է, կարելի է եզրակացնել, որ արգելքի հիմնական պատճառները եղել են ոչ թե գրական, այլ քաղաքական դաշտում, թեև ստեղծագործություններում, այսպես ասած, հակասովետական ոչինչ չկա (համենայն դեպս, ինձ ծանոթ գործերում այդպես է) ։

Ահա այն․

Կ Վ հանձնաժողովին[1] КПСС

Փակ նամակի առիթով


    

Այս լեթարգիայից արթնացեք։

Մեռնելն իսկ այժմ ամոթ է։

Երգերիս դռները բացեք։

Իմ հոգին երգերով լի է։


    

Այն, ինչ դուք աչքերով տեսել եք,

Ես իմ հոգով եմ զգացել։

Այն, ինչ որ լսել ու կրել եք,

Ես իմ սրտով եմ ընկալել։


    

Ուշագրավ է նաև դատավարության առիթով գրված մի քառատող․

Ձեր դահլիճներում Լենինը չկար,

Իսկ ձեր հոգու մեջ Լենին կա՞ր արդյոք,

Որ դուք նրա ալ դրոշի ներքո

Նստել, ինձ դատում եք անհոգ։

Իմ ձեռքի տակ կա Հ․ Մարաղեցու ընդամենը մի քանի տպագրված գործ:

1959 թվականին թեև նա արդեն երիտասարդ չէր, մի քանի բանաստեղծություն տպագրվում է «Երիտասարդ ձայներ» ալմանախի 4-րդ գրքում (Հայպետհրատ, Երևան, 1959 թ.): Մի քանի ստեղծագործություն կա «Այգեգործ կոլտնտեսական» պարբերականում, մեկը` «Սովետական դպրոցում»:

Հնարավոր է նաև, որ փոքր մի ժողովածու հրատարակվել է, քանի որ տետրերից մեկում հանդիպում են այսպիսի տողեր․

Արդ ես իմ փոքրիկ գրքով առաջին

Երախտապարտի անհուն ցնծությամբ

Բացել եմ նրան [ժողովրդին - ԳՄ] իմ սիրտն ու հոգին․․..

1938-64


    

Իմ ունեցած տեղեկությամբ` այդքանը:

Հ․ Մարաղեցու արձակ ստեղծագործություններից ինձ մոտ կա մի վեպ, մի պատմվածք և ակնարկ։

Վեպը այժմ հրապարակել նույնպես նպատակահարմար չէ, որովհետև, ցավոք, թեման, բովանդակությունն արդեն ժամանակավրեպ են։ Գեղարվեստականությամբ ևս այն ներկայիս չափանիշներին համապատասխան չէ, թեև, մեկ անգամ ևս ասենք, կան տվյալ ժամանակաշրջանում հրատարակված նման շատ ստեղծագործություններ։ Ի դեպ, այն նույնպես ավարտուն տարբերակը չէ․ շատ էջեր սևագիր են, որոշ էջեր՝ անգամ ձեռագիր։

Ինչպես մի քանի գործեր, այնպես էլ այս վեպը գրելու ժամանակահատվածը (գրել է 1933-1935 թվականներին, մշակել 1959-ին) տեղիք է տալիս մտածելու, որ նրա ծննդյան ընդունված թվականը ճիշտ չէ։ Հավանաբար ծնվել է ավելի վաղ։

Ակնարկը, որը նվիրված է, ինչպես հեղինակն է գրում, «Փառքի կավալեր, Կարմիր աստղի շքանշանակիր, Վոլգոգրադի, Մոզդոկի, Կոստանցիայի, Բուդապեշտի, Վիեննայի և բազմաթիվ այլ քաղաքների պաշտպանական և ազատագրական մարտերի մասնակից» Սոնյա Պետրոսի Սինոյանին, բավական հետաքրքիր է և առանց տարակուսանքի՝ կարելի է հրապարակել։ Նույնը վստահաբար կարող ենք ասել պատմվածքի մասին։

Ներկայացվող բանաստեղծությունների ընտրությունը ես, իհարկե, արել եմ իմ սուբյեկտիվ ճաշակով:

Ընտրության չափանիշը մեղմելու դեպքում գործերի քանակը կարելի էր ավելացնել, սակայն, կարծում եմ, տվյալ ձևաչափում նպատակահարմար է այսքանը։

Ես ընդհանրապես դեմ եմ գեղարվեստական գործերում խմբագրումներ անելուն նույնիսկ հեղինակի կենդանության ժամանակ և այստեղ էլ այդ սկզբունքին մնացել եմ հավատարիմ, սակայն, թող ներող լինի հեղինակը, ներկայացվող չտպագրված ստեղծագործություններում (նկատի ունենալով նաև, որ դրանք չեն բերվել վերջնական տեսքի) կատարել եմ որոշ կրճատումներ: Ինձ այդ վերապահումը թույլ եմ տվել` համոզված, որ այդպես դրանք շահել են։

Ստորև հրապարակում եմ Հ․ Մարաղեցու բանաստեղծությունները։

Նույն կերպ վարվել կոչ եմ անում նրանց, ովքեր պահպանված նման ստեղծագործություններ ունեն։

Գուրգեն Միքայելյան


    

ԱՊՐԻԼՅԱՆ ԿԵՍՕՐ

Աստղիկին

Որքան լույս է, լույս է, լույս է Երևանում:

Տատիկը բազկաթոռը դրել է նրա ոտների տակ, պատշգամբում շքեղ: Փոքրիկ աղջիկն այս իր մանրիկ, իր փափլիկ թաթիկները դարսած բազրիքին` անհուն երանությամբ նայում է Երևանին:

Որքան լույս է ու ջերմ, որքան անուշ ու մեղմ գարունը Երևանում: Բուրում են ծաղիկները, և ծառերն ասես լույս են ճառագում:

Ջինջ աչիկներով շիկագանգուր աղջիկն այս նայում է քաղաքին հրճվագին ու գոհ, և նրա խոհուն, վճիտ աչիկներում մեր կյանքի անհուն երջանկությունն է ծաղկում:

Օ՜, մանկան հոգու հորդաբուխ ժպիտ, որ պարուրում ես երկիրն իմ ծաղկող, խաղաղության թևերով հասիր ամենուր, որ ողջ աշխարհի մանուկները բոլոր ժպտան այս անմեղ, փոքրիկ ու խնդուն, ոսկեծամ ու հեզ աղջկա հանգույն:

Որքա՜ն լույս է, լույս է, լույս է Երևանում:

07.04.1962


    

Ո՞վ է մեղավոր, ասա՛, սիրելիս, ինչո՞ւ մենք այսպես ուշ հանդիպեցինք: Չէ՞ որ փնտրել եմ, երկար եմ փնտրել. իմ ուղիներում, իմ գարուններում հուզաթաթավ քո հոգին եմ փնտրել, բայց որ չեմ գտել, ո՞վ է մեղավոր, ո՞վ է մեղավոր, ասա՛, սիրելիս:

Այժմ եկել ու կանգնել ես իմ դեմ որպես նոր աշխարհ, որպես արշալույս: Ժպտում ես, ինչպես լուսեղ մի երկինք, չքնաղ տիեզերք ծիրկաթիններով…

Բախտ, երջանկություն քո ոտքերի տակ փռել կուզեի… Ասում ես` ո՜ւշ է: Ասում ես` արդեն…

Օ՜, ես լռում եմ և վերջացնում միակ իմ տխուր, տխուր այս երգը: Երգն այս` հինավուրց և անլուծելի…

Ա՜խ, ինչո՞ւ այսպես, ինչո՞ւ մենք այսպես ուշ հանդիպեցինք:

1963


    

ՈՒՇԱՑԱԾ ՍԵՐ[2]


    

Ինչո՞ւ դու չեկար, երբ իմ գարունն էր: Երբ օրն իմ անցնում էր շաչ ու շառաչով։

Ինչո՞ւ դու չեկար, երբ իմ այգու մեջ ճոխ ծաղկում էին ամեն թուփ ու ծառ, ամեն սար ու քար, երբ որ կաքավն էր այնտեղ գեղգեղում:

Ինչո՞ւ դու չեկար, երբ կարկաչում էր աղբյուրն իմ հոգու զով ու պաղպաջուն:

Ինչո՞ւ դու չեկար, երբ սիրտս լի էր հազար գանձերով:

Այժմ ի՞նչ անեմ, ասա, սիրելիս, ի՞նչ նվեր տամ քեզ։

Ա՜խ, ինչո՞ւ չեկար, դու ինչո՞ւ չեկար երբ իմ գարունն էր:

* * *


    

Քո սենյակում միշտ էլ շուտ է բացվում լույսը: Լո՞ւյսն է սիրում քեզ, թե՞ դու ես լուսատուն: Եվ մի՞թե երբևէ մթնում է քո շուրջը:

Ծաղիկները ննջել են քո սենյակում` գլուխները դեպի քեզ թեքած (ինչպես արևին), ես էլ` նրանց հետ:

Սիրում եմ այսպես աղջամուղջի հետ միահյուսված` բաց պատուհանից նայել քեզ, երբ դու նիրհած ես։ Բայց ահա արևի չարաճճի մի շող կարծես կարոտանքով ներս է թափանցում… Ուզում է համբուրե՞լ…

Ա՜խ, ինչպես կուզեի ես էլ ցոլք դառնալ, արևի մշտազվարթ, չարաճճի մի ցոլք ու նրա պես համարձակ ներս թափանցել. ինչպե՜ս կուզեի…[3]

* * *


    

Բաց թող պատուհանդ, որ սենյակդ լցվի ծաղկած փշատենու հոգեպարար բույրով:

Վաստակած ու խոնջ քնել ես անուշ, և որքան մեղմ է շնչառությունդ:

Լսո՞ւմ ես արդյոք սիրո քայլերգը. այդպես ռիթմիկ իմ սիրտն է երգում…

Բաց թող պատուհանդ, որ լուսնկայի ցոլքերի հետ գոնե ողջագուրեմ քեզ…

Բաց թող պատուհանդ, որ վաղորդայնը քաղցր երազներով օրորի քեզ:

* * *


    

– Վաղորդայնն այս որքա՜ն հոյակապ է, որքա՜ն հիասքանչ։

– Ես ամեն օր ավելի հրաշք այգաբացներ եմ տեսնում։

– Իսկ ինչո՞ւ ինձ ցույց չեք տալիս։

– Սիրելիս, նրանցով ամբողջ աշխարհը կարող է հիանալ, բացի Ձեզանից։

– Ինչո՞ւ։

– Նրանք Ձեր աչքերից, Ձեր վճիտ աչքերից են ճառագայթում․ հրաշք այգաբացներն այդ․․․[4]


    

ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ


    

Գինի տուր ինձ,

Գինի տուր ինձ քո շուրթերի բաժակով:

Ստինքներիդ բույրը խառնած սև գինուն,

Գինի տուր ինձ,

Գինի տուր ինձ, որ հարբեմ:


    

Ավա՜ղ, մենք էլ

Մեռնելու ենք վաղ թե ուշ:

Անցնելու ենք մեր մարմնով մեղսական:

Կյանքը մահվան սերմեր ունի իրեն մեջ.

Մեռնելու և

Անցնելու ենք վաղ թե ուշ:


    

Այժմ դու ինձ

Վայելք տուր ու մոռացում:

Վայելք տուր ինձ քո մարմնով հեշտաբույր,

Բոց կոնքերիդ կախարդանքով ե՛լ իմ դեմ,

Վայելք տուր ինձ,

Տուր ինձ կյանք ու հիացում:

13.8.1939


    

ԱՂՋԻԿՆ ԱՅՍ․․․[5]


    

Այս աղջիկն իմ սրտում ապրում է որպես երգ,

Որպես թեթևաշունչ գարնանն հյուսած մի տաղ,

Նա իր ժպտով պայծառ վաղորդյան արևելք`

Անհուն խնդությամբ է լցնում հոգիս խաղաղ։


    

Անմեղությա՞մբ է նա կախարդում ինձ այսպես,

Թե՞ նուրբ այն շուրթերով, որ նման են վարդի,

Սրնգային նրա ձայնո՞վ եմ դյութված ես,

Թե՞ հմայում են նրա գանգուրները հուռթի:


    

Եվ դեմքը կաթնաթույր ժպիտներով ծաղկուն,

Եվ դայլայլը նրա նուրբ շուրթերին ալ-վառ,

Եվ աչքերը վճիտ անմեղությամբ լեցուն,

Եվ սիրտը, սի՛րտը ջերմ, հոգին` լույս ու պայծառ:


    

Գերել է ինձ առմիշտ, հմայել առհավետ…

Օ՜, փառք քեզ, Հայրենիք, որ քո անուշ ծոցում,

Քո ջերմ ու մայրական գրկի մեջ բուրավետ

Կյանքի այսքան վճիտ գարուններ են ծաղկում:


    

ԿԱՐՈՏ[6]


    

Ոսկեծամ այս աղջկա լուսաժպիտ հայացքում

Կախարդանք կա խորախոր և սրտահույզ հրապույր:

Նա` որպես կյանք մի ջերմին, որպես անուշ արբեցում,

Բոցավառել է իմ մեջ սիրո կարոտն հրահուր:


    

Սիրում եմ քեզ ու գիտեմ` կհասկանաս ինձ մի օր,

Քանզի գիշեր ու ցերեկ, քնած լինեմ, թե արթուն,

Ես լոկ քեզ եմ երազում ու ապրում եմ քո սիրով`

Հավատալով, որ մի օր տեղ կունենամ քո սրտում:

1953


    

Գարնան օրերի վաղորդյան իմ լույս,

Վաղորդյան իմ լույս, լույսից էլ քնքուշ։

Լույսից էլ նրբին իմ կյանք, իմ վառ հույս,

Անմար հույս իմ, սեր, իմ ցնորք, իմ հուշ։


    

Անմար հույս իմ, սեր, իմ ցնորք, իմ հուշ,

Քո հրով անուշ սիրավառ կյանքի

Արևներ վառիր, տուր ինձ սեր և հույզ,

Որ կյանքն իմ լուսեղ խնդությամբ հորդի։

* * *


    

Աստղ էլ որ ուզես, վար կբերեմ ես

Մեր սիրո հզոր թևերի վրա,

Որ երկնքի պես գեղեցիկ լինես,

Եվ գարուն կյանքդ անթառամ մնա, -

Որ իմ գրկում քեզ երջանիկ զգաս,

Աչքերիդ վճիտ հուրը չմարի,

Զվարթուն՝ որպես առավոտ ժպտաս,

Եվ իմ սերը քեզ խնդություն բերի։

1937


    

Աչքերը ծով են կապուտակ,

Հայացքը՝ վաղորդյան մշուշ,

Վարսերը՝ լեռնային վտակ,

Շուրթերը՝ կեռասներ անուշ։


    

Հոգիս այդ ծովերն են գերել,

Վարսերը՝ շղթայել ամուր,

Իսկ սիրտս, սիրտս անհամբեր

Վառվում է կարոտով մի հուր։


    

Թե ինչպե՞ս ազատվեմ հիմի,

Ինքս էլ չգիտեմ արդեն,

Գուցե նա՝ սիրուհիս ասի,

Թե ինչպես կապանքս քանդեմ․․․


    

Իսկ մինչ այս թող այսպես մնա,

Թող հոգուս հույզերը բանտվեն,

Որ հետո գետի պես գարնան

Երգ դառած սիրավառ հորդեն։

1933-1935


    

Սև աչքեր ունես սև գիշերի պես,

Այդ մութն ահով է լցնում իմ հոգին,

Բայց ժպիտը քո վառ արև ասես՝

Ցրում է վերջին կասկածը մթին։


    

Ու ես զգում եմ, որ այդ անօրեն

Խոսքերն են խաբում, իսկ սերդ ահա

Ցողի պես վճիտ իջնում մեղմորեն՝

Նստում է կարոտ իմ հոգու վրա։

* * *


    

Կրկին ինձ հետ ես, իմ տենչանք միակ։

Եկել ու զվարթ ժպտում ես ուրախ։

Սև աչերը քո՝ վճիտ ու հստակ,

Նույնն են՝ կախարդող, անհուն ու չքնաղ։


    

Հատուկ քեզ միայն գալիս ես այնպես,

Ինչպես երազն է մի օր կրկնվում,

Եվ քո գգվանքով կյանք եմ առնում ես,

Ինչպես գարնանը աշխարհն է ծաղկում։

* * *


    

Սիրտս լցված է անհուն տագնապով.

Ես մեղմիվ այնպես սիրում եմ մեկին…

Գնացել է նա, թողել կարոտով,

Բայց ատելով էլ սիրում եմ կրկին:

Թե ի՜նչ կստացվի անհույս այս սիրուց,

Ոչ ոք չգիտե, ինքս էլ չգիտեմ,

Բայց նա չի ջնջվի իմ խորունկ հոգուց,

Ա՜խ, ես այդ գիտեմ և հաստատ գիտեմ:

1937


    

ԻՄ ԳՈՂՏՐԻ ԵՐԱԶ


    

Սիրենի պես և Էլֆիկի

Թռվռում ես իմ հոգում,

Որպես չքնաղ հավերժահարս՝

Ե՛վ խաղում ես, և՛ խնդում։


    

Բայց ես չունեմ քո մեծ եղբոր

Քնարն անգին, ոսկելար,

Որ Պառնասում կախարդական

Երգեր հյուսեմ քեզ համար։


    

Ու տանջվում եմ, տանջվում անքուն,

Որ հեռու ես և անհաս՝

Որպես Մասիս սարի գագաթ,

Որպես գողտրիկ մի երազ։


    

Ձեռք կբերեմ սակայն մի օր

Կախարդական քնարն այդ

Եվ կգտնեմ երգով հզոր

Հոգուդ ճամփան լուսազարդ։


    

Ու կփարվեմ ստինքներիդ

Լուսափրփուր ու քնքուշ

Ու կծծեմ շրթունքներիդ

Աստվածային լույսն անուշ։

1937


    

ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀՈՒՄ[7]


    

Դու գիրք կարդա, ես՝ աչքերիդ հուրն անշեջ,

Որ հուլիսյան աստղերի պես հուրհրան,

Ասուպ դառած` եկան ընկան սրտիս մեջ,

Որ կրծքիս տակ սիրո հրով վառ մնան:


    

Օ՜, իմ կարոտ… Որքան եմ ես երջանիկ,

Երբ տեսնում եմ աչքերիդ մեջ լուսաջինջ

Խոստումնալից մի պատասխան կա գողտրիկ՝

Դու էլ վաղուց, շատ վաղուց ես սիրում ինձ:

1934


    

ԽՈՍՏՈՒՄ


    

Անհատնում սիրով սիրում եմ ես քեզ,

Ու որքան էլ դու անտարբեր մնաս,

Իմ սիրող սրտում կաս ու կմնաս՝

Որպես վաղորդյան մի լուսեղ երազ։


    

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԵՐԵԿՈ[8]


    

Բարակ անձրև է շաղում մեղմանուշ,

Խշշում են մեղմիվ նուրբ տերևները,

Որքան զովաշունչ, որքան են քնքուշ

Եվ անուշ որքան գարնան օրերը:


    

Լուսնից ցողի պես քրտինք է կաթում,

Կարծես հենց նոր է լոգանք ընդունել,

Ու ողողվում են նրա արծաթում

Մրգերով հասուն այգիները մեր:


    

Ամպերի եզրով արծիվն է ճախրում,

Հպարտ, տիրաբար իջնում է ժայռին,

Կարոտի երգով մարին թևաբաց

Հեռվից կանչում է իր վարուժանին:


    

Ջահել հովիվն է սրինգ նվագում,

Ու պարզ այդ երգը լսում է ուռին.

Մատղաշ գառնուկն է հանգիստ արածում

Կանաչ լեռների թավիշ լանջերին:

1938, 1951
    
    

Իջավ երեկոն մեղմիվ նազանքով,

Բարձրացավ լուսնի մահիկն երկնքում,

Սուրում է դաշտում մարմանդ սյուքը զով,

Թովիչ անդորր է լեռների գրկում։


    

Զվարթագին քո դայլայլն է հնչում

Լուրթ երեկոյի աստղահույլի տակ,

Անուշ բերկրանքով իմ սիրտն է երգում,

Քո սերն է երգում ձայնիդ ներդաշնակ։


    

Երկինք ու երկիր նիրհեցին արդեն,

Եվ մարդիկ այսպես կանուխ ննջեցի՞ն,

Թե՞ հոգեզմայլ լուռ ունկնդրում են

Հուզաթաթավ քո սրտաբուխ ձայնին։

1935-1937


    

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ


    

Որքան անդորր է գիշերն այս լռին․

Մարմանդ զոփյուռն իր տաղերն է ասում,

Զով կանաչ հովտի թավիշյա լանջին

Ալ կակաչներն են մեղմաձայն խոսում։


    

Աղբյուն է լեռան լանջին խոխոջում,

Երիկնքն աստղերով ժպտում աշխարհին,

Հույզերն հորդաբուխ իմ սիրտն են հոսում

Այս անդորր, այս լռին ու խաղաղ պահին։

* * *


    

Ծերացել է հին տարին,

Ուժն է նվազել,

Ձյուն է իջել վարսերին,

Եվ սիրտը՝ ցրտել։


    

Բայց ահա մեր զվարթուն

Նոր տարին կայտառ,

Աչիկներով պարզ-խնդուն՝

Մանուկ մի անճառ։


    

Գրկին բերել է մրգեր,

Շքեղ տոնածառ,

Մեզ վառ օրեր է բերել

Եվ գարուն պայծառ։

1935 թ․


    

ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳ[9]


    

Մի՛ լա, բալիկ, մի՛ լա, թող հայրդ նիրհի,

Նա վաղուց գլուխն իր բարձին չի դրել:

Նա կռվել է ընդդեմ չարի ու մահի

Եվ քեզ համար կյանքի ճամփան է հարթել:


    

Քնի՛ր, մուշ-մուշ քնիր, գիշերն անց կացավ,

Կապուտակ երկնքում ցոլաց մի աստղիկ,

Թշնամին պարտված է, հայրդ տուն դարձավ,

Խաղաղ է քո տունը, ննջիր, իմ բալիկ:

1945


    

ՀԱՎԵՐԺԱՑՄԱՆ ՊԱՀ

ԿԱՄ

ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ[10]


    

Որքան նման է եղել պահն այդ մարող կանթեղի…

…Նրա կոպերը երեկ երբ քարացել են խաղաղ…

Եղիշե Չարենց


    

Ա՜խ, ինչ խոհեր է հորդել

Նրա հոգին այն պահին,

Երբ զգացել է հանկարծ

Ցրտացումն իր արյունի,

Երբ դադարել է գործել

Գիտակցության ուժն անխոնջ,

Երբ մշուշվել է դանդաղ

Իրականը լուսակաթ:


    

Հավաքվել են երամով

Խոհեր վաղուց մոռացված,

Մտքեր անձև ու թերի

Եվ շատերը` նորանոր:

Նա հիշել է իր հյուսած

Գրքերն այնքա՜ն խոհալի,

Դեմքեր` սրտից անբաժան,

Հարազատ ու սիրելի:

Վերծանվել են և հուշեր

Մշուշապատ ու անդեմ,

Սիրո ժամեր քաղցրագին,

Հուզումնաբեր ժպիտներ,

Դալուկ այտեր մի կնոջ,

Կույս աղջիկներ լուսադեմ,

Լուսնկաթի[11] նման մեղմ`

Կապտակապույտ համբույրներ:


    

Նա տեսել է իր կողքին

Գրչակներ ու չար նախանձ,

Մարդկանց անուն ունեցող

Գայլերի սև մի ոհմակ,

Որոնք դահճի նենգությամբ

Ցավ են տվել ու տանճանք

Եվ տմարդի քսությամբ

Լրտեսել կյանքն իր համակ:


    

Նրա լուսեղ մեծ հոգում

Կոշմարվել են իր ապրած,

Վամպիրից էլ դժնադեմ

Պատերազմներն արնախում,

Գլխատումներ վայրաբար,

Արնաթաթավ մեհյաններ:

Նա լսել է եղեռնի

Որբերի ճիչը թշվառ:


    

Երբ խորագին դառնությամբ

Անսալով ձայնն իր արյան`

Ցրտի պես է զգացել

Մահացումը վաղահաս,

Գրկել է լոկ տեսիլքով

Ոսկեծամ իր աղջկան:


    

Կարոտների մշուշից

Արևային զորությամբ

Բոցավառվել է հանկարծ

Հայրենի սերը պայծառ,

Որին տվել էր արդեն

Հոգին երգով լեփ-լեցուն,

Արդ տալիս էր և սիրտը

Բաբախուն ու հրավառ:


    

Հույզերից այդ բյուրավոր`

Տեղատարափ հավաքված,

Նոր տիեզերք է հյուսել

Խորիմաստ ու բազմակյանք,

Բայց հոյակապ եզերքն այդ

Հանկարծակի մի միգում[12]

Կախարդանքով ասես թե

Քարացել է հավերժում:


    

Քարացել է հավերժում

Ու հավիտյան մերն է նա

Իր խորահուն երգերով,

Իր արվեստով մոգական:

1938-56


    

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻՆ


    

Շանթասլաց պեգասով քո սլացար դու լեռն այն կապույտ,

Ուր աճում է մշտադալար, քեզ արժանի դափնին անգին:

Կախարդական սրնգի պես կհմայի երգը հոգուդ,

Եվ Ապոլոնը սևաչյա կողջունի քեզ սրտագին:


    

Պառնասում էլ դու չես թեքի քո նաիրյան գլխուխն հպարտ:

Չես զիջելու անգամ Նժդեհ մեծ արքային երգ ու խոհի:

Խորհախորհուրդ քո երգերով և հույզերով քո հրացայտ

Գերելու ես հոգիները նեկտարախում անմահների:


    

Գերել ես դու սիրտ ու հոգին մահացող ու անմահների:

Դարեր կգան ու սրընթաց դարեր կանցնեն աշխարհի մեջ,

Բայց արվեստիդ շունչը զվարթ, խորությունը քո մտքերի

Ապրելու են հավերժի մեջ, հավերժի պես` հար ու անվերջ:

1938


    

Կայծկլտացին իմ հոգում հազար խոհեր ու հանգան:

Աղավնու պես ճախրելով, կայծակի պես հրածին:

Արդ կանչում եմ կարոտով, սպասում եմ, թե կգան`

Ուրախաձայն ճիչերով լցրած երկիր ու երկին:


    

Բայց չի ելնում[13] ոչ մի խոհ և խնդագին ոչ մի երգ.

Հոգիս քոնն էր և միայն տարփանքներիդ հնազանդ:

Գալիս էիր գիշերով ու պարերգում նրա հետ

Երգեհոնով մահաձայն, բամբիռներով հնավանդ:


    

Գուցե հավերժ ցամաքեց աղբյուրը իմ երգերի:

Լացի ձայն է իմ հոգում` սգո երգով դառնահեծ:

Արդեն կյանքս էլ հոխորտուն երգ ու ավյուն չի բերի.

Լոկ մի անգամ է ժայթքել Արարատի սիրտը մեծ:

06.09.38


    

ՖՈՐՆԱՐԻՆ

(Ռաֆայելի)


    

Ով կին` հրահուր աչերով,

Աշխարհում եղե՞լ ես արդյոք

Եվ հոգի գերող հայացքով

Թափե՞լ ես ցնորք ու մորմոք,

Թե՞ նա է հանճարեղ վրձնով

Շարժուն գույներից կերտել

Եվ հոգու անհուն բերկրանքով

Հետագա դարերին թողել:

1938


    

Խեղճ բլուրմենը ընկել է ճամփա,

Բայց ոչ ուժ ունի՝ առաջ գնալու,

Ոչ գործերի մեջ պոետի շունչ կա,

Եվ ոչ էլ քաջ է` ճամփից դուրս գալու:


    

ՍԻՐՈ ԳԱՂՏՆԻՔԸ

(հունական լեգենդ)


    

Աստվածները մի խորհդի ելան.

(Սիրո գաղտնիքն են կամենում լուծել),

Զևսը ժողովից հեռացավ շուտով

(Նա իր սիրածին շատ էր կարոտել),

Ամուրն էլ իսկույն այդ նիստը փակեց, -

(Ու դարեր անցան հողմից սլացիկ),

Մարդն էլ նրանցից ավել չդատեց,

Ու սերը մնաց մի անգին գաղտնիք:

* * *
    
    

Գուրգուրվում են իրար գրկած

Մեծ պոետն ու հեզ սիրուհին

(Հին աստված է կարծես նստած)

Պոետն ասես` մի հին աստված:


    

Խնջույք է ճոխ գիշերում այդ,

Խրախճան է խելակորույս,

Խռնվել են աստված ու մարդ,

Խռնվել են էյֆեր ու կույս:


    

Լսվում է մեղմ երգ մի անմեղ,

Յոթ քույրերն են այնտեղ երգում:

Թնդում է խոլ ու խելահեղ

Զուռնան կյանքի շքեղ այգում:


    

Հուզվում է ջինջ երկինքը խիստ,

Բորբոքվում է խնջույքը դեռ,

Մութ գիշերն է սահում հանգիստ`

Գրկին սեղմած անտառ ու լեռ:


    

Մի ձայն հանկարծ ճայթում է զիլ

Անտառի մեջ ահեղագոչ,

Մխրճվում է երկնքում բիլ`

Որպես կռվի գոռ մարտակոչ:


    

Դադարում է երգը վարար,

Լռությունն է անտառ մտնում,

Փախչում է խինդը դողահար,

Մահվան սուրն է շաչում մթնում…


    

Միայն պոետն այստեղ մնաց

Եվ անտառում այս լուռ ու խուլ

Լուռ աղջկա կրծքին ընկած

Թողեց իր կյանքն անքուն, անդուլ:


    

Կույսն է ողբում լալահառաչ

Պոետի և սիրո վրա,

Բայց անտառի մթնում կանգնած`

Ժանտ մի դև է խնդում ահա:

1938


    

Անհուն լռությամբ երկիրն է նիրհել,

Լռել է քամու սոսափը հեռվում,

Մթին գիշերն է քարի պես նստել,

Աստղերն էլ ասես աղոտ են վառվում:


    

Մի ձայն աղեխարշ ճեղքեց անդորրը,

Ա՜խ, իժահարի մահվան ճիչն էր այդ,

Անտաբեր կրկին լռեց անտառը,

Ու թաղվեց մթնում իժահարն անհայտ:

1937


    

Թեև խղճուկ ու հեգ գլխով անկարող է երգ գրել,

Բայց ինչ արած, որ չամաչեց գրական աշխարհ մտնել։

Ու քայլում է միշտ ինքնագոհ, որպես հայտնի մի գրչակ,

Եվ սպասում՝ ոտների տակ փռեն և՛ փառք, և՛ հռչակ։

* * *


    

Քո միտք ու խոհերով հստակ`

Որպես մարդ՝ ապրեցիր հպարտ։

Ապրեցիր արդար ու շիտակ

Հոգով քո մեծ ու անարատ։

1938


    

Հեռվում եմ թողել և՛ ահ, և՛ սարսափ,

Զի մահը չէ իմ ոխերիմ թշնամին,

Այլ այն, որ [……][14], տիեզերքում անափ

Դանդաղ հանգչում է իմ ոգին։

25․12․54


    

Անցնում է կյանքը, և կորչում կայքը․

Ամենն էլ՝ անհետ։

Մնում է սերը, մնում է հուշը․

Կմնան հավետ։


    

[1] Ձեռագրում բառը դժվար է ընթերցվում։

[2]Տպագրվել է «Այգեգործ կոլտնտեսական» պարբերականում (1961 թ. օգոստոսի 11):

[3]Տպագրվել է «Սովետական դպրոց» պարբերականում (1961 թ. դեկտեմբերի 1):

Ներկայացվում է հեղինակի կատարած թեթևակի փոփոխությամբ:

[4]Տպագրվել է «Սովետական դպրոց» պարբերականում (1961 թ. դեկտեմբերի 1):

[5]Տպագրվել է «Այգեգործ կոլտնտեսական» պարբերականում (1961 թ. օգոստոսի 11):

[6]Տպագրվել է «Երիտասարդ ձայներ» ալմանախի 4-րդ գրքում (Հայպետհրատ, Երևան, 1959 թ.):

[7]Տպագրվել է «Այգեգործ կոլտնտեսական» պարբերականում (1961 թ. օգոստոսի 31):

[8]Տպագրվել է «Երիտասարդ ձայներ» ալմանախի 4-րդ գրքում (Հայպետհրատ, Երևան, 1959 թ.):

Ներկայացվում է հեղինակի կատարած փոփոխություններով:

[9]Տպագրվել է «Երիտասարդ ձայներ» ալմանախի 4-րդ գրքում (Հայպետհրատ, Երևան, 1959 թ.):

[10]Ներկայացվում է որոշ կրճատումներով:

[11]Ձեռագրում բառը դժվար է ընթերցվում:

[12]Ձեռագրում բառը դժվար է ընթերցվում:

[13]Ձեռագրում բառը դժվար է ընթերցվում:

[14]Չընթերցվող բառ։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
945 | 0 | 0
Facebook