* * *
… Լուռ ուղեկցությամբ օտար աչքերի,
Օտար մի երկրում,
Օտար քաղաքի օտար փողոցում,
Գլուխը հպած ամպերին,
Հայի քայլվածքով մի կին էր քայլում:
Կորոտի՞ց էր ծանրացել քայլքը,
Թե՞ հայի ոտքն է միշտ եղել ծանր -
Սեղմված այս խորթ երկրի
Թույլ զարկերակին…
Արարատյան գինու թունդ, տտիպ համով
Տխրում էր Մի կին…
Մի կի՜ն էր,
Մի աղո՜թք մոգական,
Ու կարոտում էր կինը
Սիրահետելու
Լեզուն եղեգան…