Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

«Վա՜յ պարտվածներին»

11:09, Thursday, 04 July, 2024
«Վա՜յ պարտվածներին»
    

«Vae victis !» -ը լատիներեն արտահայտություն է, որը նշանակում է «Վա՜յ պարտվածներին»: Այն արտաբերել է հին Հռոմին հաղթած գալլերի առաջնորդ Բրեննոսը (կամ Բրեննուսը) ։

Ասել է, թե պարտվողը հաղթողի իշխանության ներքո է:

Մ.թ.ա. 390 թվականին գալլերը, իրենց թագավոր Բրեննոսի գլխավորությամբ, ներխուժել են Էտրուրիա, որպեսզի կողոպտեն տեղի բնակչությանը։ Ալլիա գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում գալլերը հաղթել են հռոմեական բանակին, ապա առանց դիմադրության մտել են Հռոմ: Քաղաքի դարպասները բաց են եղել, իսկ քաղաքի ամբողջ բնակչությունը, բացի սենատորներից, փախել է: Սենատորները նստել են քաղաքի հրապարակում գտնվող իրենց աթոռներին ու սպասել հաղթողներին։ Գալլերի ռազմիկներից մեկը մոտեցել է սենատորներից մեկին և զվարճանալու համար քաշել է նրա մորուքը ։ Երբ սենատորը, ի պատասխան այդ անարգանքի, ձեռնափայտով հարվածել է գալլին, նրան անմիջապես սպանել են ու սկսել են կողոպտել քաղաքն ու սպանել բոլոր նրանց, ովքեր դեռ հեռացած չեն եղել:

Ողջ մնացած հռոմեացիները պատսպարվել են Կապիտոլիումում և կարողացել են հետ մղել գալլերի հարձակումը։ Զգալով, որ գրոհով չեն կարողանալու տիրել Կապիտոլիումին՝ գալլերը պաշարել են այն։ Կապիտոլիումի պաշարումը տևել է յոթ ամիս։ Ըստ ավանդապատման՝ երբ գալլերը փորձել են թաքուն ներխուժել քաղաք, Կապիտոլիումի սագերն աղաղակել են ու արթնացրել քնած պահապաններին: Սագերի շնորհիվ Կապիտոլիումի պաշտպանները ժամանակին կանխել են հարձակումը և փրկվել անխուսափելի կոտորածից: Մեկ ուրիշ անգամ էլ, երբ Կապիտոլիումում պատսպարված հռոմեացիները գրեթե սովի են մատնված եղել, պարիսպներից հաց են նետել պաշարողներին, որպեսզի նրանց հավատացնեն, թե իրենք պարենի մեծ պաշար ունեն և գալլերը թող հույս չունենան, թե սովի մատնվելով, իրենք անձնատուր կլինեն: Գիտակցելով, որ հնարավոր չէ պաշարումով ընկճել հռոմեացիներին՝ Բրեննոսը համաձայնեել է բանակցել հռոմեական ռազմական տրիբունի՝ Քվինտուս Սուլպիսիուս Լոնգուսի հետ: Պայմանավորվել են, որ գալլերը մեծ փրկագնի (327, 45 կգ ոսկի) դիմաց հեռանալու են:

Բայց ագահ գալլերին այդ մեծ փրկագինն անգամ քիչ է թվացել, և նրանք կեղծ կշռաքարեր են դրել նժարին, որպեսզի ավելի շատ ոսկի ստանան: Ապպիանոս Կլավդիուսը բողոքել է՝ ասելով. «Ի՞նչ իրավունքով եք կեղծ կշռաքարեր օգտագործում»: Բրենոսը պատասխանել է. «Հաղթողների իրավունքով» և կշեռքի նժարին է նետել նաև իր սուրն ու գոտին ու հավելել է. «Vae victis !» («Վա՜յ պարտվածներին») ։

Ավելի ուշ, երբ հռոմեացի զորավար Ֆուրիուս Կամիլիուսը հաղթել է գալլերին, Բրեննոսը գանգատվել է, թե Կամիլիուսը խախտում է պայմանագիրը, վերջինս նրան իր իսկ խոսքերով է պատասխանել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
848 | 0 | 0
Facebook