Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Քո գարունները կբացվեն նորեն, Քո լավ օրերը ետ կգան նորեն.Ազնավուր100.Հարություն Գալֆայան

Online Art
Author:
Online Art
14:49, Wednesday, 29 May, 2024
Քո գարունները կբացվեն նորեն, Քո լավ օրերը ետ կգան նորեն.Ազնավուր100.Հարություն Գալֆայան

Իմ զրուցակիցն է ռեժիսոր, դերասան, նկարիչ Հարություն Գալֆայանը:
     Ինչպե՞ս ծագեց ներկայացման միտքը. ինչո՞ւ հենց Ազնավուր:
    
     Դեռ վաղուց փնտրում էի պիես բեմադրելու համար և ասելիք ունենար: Հանկարծ պատահաբար գրադարանից վերցնում եմ Ազնավուրի գրած գրքերը և կարդում ու հասկանում սա այն էր ինչ փնտրում էի… մեծ ասելիք կար ու խորություն դրանցում: Եվ ահա իմանալով, որ այս տարի Ազնավուրի 100 ամյակն է միանգամից հավաքեցի մոնոլոգները ու ստացվեց թատերականացված ընթերցանություն, այնուհետև ընտրեցի երգերը Ազնավուրի երգացանկից:
     Մի առիթով ասել էի, որ պետք է լինել Շառլ, դառնալ Շառլ…արվեստում այդ բարձրակետին հասնել: Երբեք չէի մտածի որ հենց կկարդամ Շառլի մոնոլոգները՝ ներկայացնելով դրանք:
    
     Իսկ ո՞րն էր միջոցառման ասելիքը:
    
     Ցույց տալ մեծ Շանսոնյեի՝ Ազնավուր երգչի, դերասանի ու գրողի, միաժամանակ նաեւ եղբոր, ամուսնու ու ընկերոջ մտերմիկ միջավայրը որում ձևավորվել է արտիստը:
     Պատմել դժբախտության, հաջողության, երջանիկ հանդիպումների մասին վերապրելով իր վաղուց մոռացված սերերն ու հուշերը: Սեր, դավաճանություն, նվիրում, բաժանում, ապաշխարում, Աստծո հետ զրույց: Հայաստան, բոհեմ, սերեր, ընկերներ, Հոլիվուդ: Զավեշտալի ու դրամատիկ, անսպասելի ու հուզիչ պատմություններ, որոնք ունկնդրին հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչել անսպառ կենսասիրության խորհրդանիշ արտիստին: Ազնավուրյան հատուկ ոճով սրամտորեն, ինքնահեգնանքով եւ հումորով պատմել իր փորձի, ժամանակակից կյանքի մասին իր պատկերացումների, կյանքի, մահվան, սիրո եւ փողի մասին։
    
     ինչո՞ւ հենց Ազնավուր:
    
     Ուզում էի այնպիեսի բան, որ պատմեր եղեռնից մազապուրծ եղած և Ֆրանսիա գաղթած հայ ընտանիքի մասին և ահա գրքում գտա, որ շոշափվում է նաև պատերազմի և եղեռնի թեմաները:

Նաև այդ շրջանում կարդում էի արևմտահայ բանաստեղծներին և ուզում էի անդրադառնալ նրանց ինչ-որ պոեզիայի երեկոյով և ահա գտա Ազնավուրի ընտանիքի պատմությունը:
     Արևելահայաստանից ու Արեմտահայաստանից սերած, ցեղասպանության, բռնահանման արհավիրքներով Փարիզ հասած, հայ ժողովրդին համաշխարհային փառք, համբավ բերած գերդաստանի պատմությունը, անտարբեր չի կարող թողնել ոչ մի ընթերցողի:


     ինչպիսի՞ կառուցվածք ստացան մոնոլոգները:
    
    

Այդ մոնոլոգները որոնք հավաքել եմ բաղկացած է չորս մասից:
     Առաջինում սկիզբն է կարիերայի, երկրորդում եղեռնի թեման է, որը կապել եմ իրար հենց արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի «Ձոն» բանաստեղծությամբ, ապա կարիերայի ու կյանքի մասին է: Վերջում ֆինալն է և «Քեզ համար Հայաստան» երգով ու բառերով ավարտում եմ մոնոլոգներս:
    
     Իսկ ո՞ր գրքերից եք օգտվել:
    

Երեք գրքից եմ օգտվել «Ազնավուրն Ազնավուրի մասին» , «Քանի սիրտս բաբախում է» և «Անցած օրեր»:


     Ի՞նչը գրավեց հատկապես այդ գրքերից:
    
     Ինչպես Շառլն է ասում. «Եթե դու ընտրում ես դերասանի, ծաղրածուի, երգչի արհեստը, ուրեմն՝ թող քեզ բոլորը ճանաչեն։ Թող լվանան ոսկորներդ, քննարկեն հագուստդ և ընկերուհիներիդ։ Նա, ով բեմ է բարձրանում, պիտի պատրաստ լինի այն իրողությանը, որ իր մասին բոլորին ամեն ինչ հայտնի է դառնալու։ Չէ՞ որ դու դա չես անում լոկ այն պատճառով, որ կարողանաս հաց վաստակել, այլ այն նպատակով, որ մարդիկ քեզ ճանաչեն, սիրեն կամ ատեն, և որպեսզի քո փոքր կյանքը նրանց հետաքրքիր թվա։
    
     Շատ արվեստագետներ ընտրում են արվեստի հենց դժվարին ճանապարհը: Ձեր ճանապարհն ինչպե՞ս է անցել և անցնում արվեստում:
    
     Ճիշտ եք արվեստագետի ճանապարհը երբեմն փշոտ է:
     ինչպես Շառլն է ասում.
     «Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել։ Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին... երեսիս փակված դռներ, հեգնանքով ու արհամարհանքով լի ժպիտներ, կատակի տակ քողարկված չարախոսություններ․ «Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու» ․․․ Այս և նման այլ արտահայտություններ։ Ես ճաշակել եմ այդ բոլորը։Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել։Շատերի նման մտածել եմ, որ գուցե ավելի լավ կլիներ ոչինչ չասել։Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ։
     Կասկածն ու հուսահատությունը, չհասկացված լինելու ու բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ։ Բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պաշտպանվելու համար։
     Քաղցը, ցուրտը, հոգնածությունը, զսպված արցունքը իմ ճանապարհի անբաժան ընկերներն են եղել։
     Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ, ու համարձակվում եմ ասել, թող սա ինքնագովություն չթվա, ես ինձ դուր եմ գալիս։Եթե ինձ վիճակվեր կրկին ապրել, ապա այդ բոլորը նորից կապրեի նույնությամբ» ։
    
    
     Այսօր կարելի է անել մի բան և դառնալ աստղ թեկուզ արվեստից հեռու
     ի՞նչ կասեք:
    
     Այո կրկին կմեջբերեմ Շառլի խոսքերից.
     «Այսօր շատ արագ կարելի է դառնալ աստղ, իսկ եթե բախտդ բերի, ապա՝ նաև դերասան։ Իսկ հետո՝ ո՞վ գիտե․․․ Եթե նորից բախտդ բերի, ապա կդառնաս նաև արտիստ։ Ու մեկ էլ տեսար, ի վերջո, ի հայտ կգա տաղանդը» ։
    
     Ի՞նչ նոր բան բացահայտեցիք Շառլի կյանքից:
    
     Այն բացահայտեցի և կոտրեցի իմ մեջ ինչ որ կարծրատիպ որ նա ասում Է.
     ՙՄի բան է հայտնի ծնողներս երբեք ժամանակակից Թուրքիան չէին փնովում…ատելություն չէին սերմանում այդ ժողովրդի հանդեպ…հակառակը ասում էին Թուրքիան ինչ գեղեցիկ երկիր է, կանայք ինչքան հմայիչ են, խոհանոցը լավագույնն է ողջ միջին արևելքում…մենք նմանություններ ունեինք..եթե եղեռնը չլիներ կամ գոնե ճանաչվեր այդքան խորը չէր արմատավորվի երկրորդ ու երրորդ սերունդների հիշողության մեջ:


     Մասնագիտական և ոչ մասնագիտական ի՞նչ ասելիքներ վերցրեցիք Շառլի գրքերից:
    
     Շատ կարևոր մտքեր: Օրինակ երբ նա ասում է.
     «Ասում են մեր մասնագիտությունն աշխարհի ամենալավ մասնագիտությունն է: Շատերին այն թվում է հասանելի ու ցանկալի: Բայց այդպես միայն թվում է: Դեպի բաղձալի ծափերը տանող ճանապարհը արտիստն անցնում է մշտական տագնապների վախերի ու կասկածների միջով.այնպիսի տառապանքների որ ցանկություն է առաջանում այլ մասնագիտություն ընտրել..»:
     Եվ նաև հասկացա իր խորությունը երբ ասում է.
     «Չեմ հասկանում ինչու իսկապես ինչու ենք այս աշխարհ գալիս..որ հետո ստիպված լինենք վաղ թե ուշ լքել այն..ի՞նչ եմ հասցրել անել և ի՞նչ եմ թողնելու մեր սերունդներին... Ի՞նչ է մնալու մեզնից հետո...հարկավ ոչ մի կարևոր մի բան...Ի՞նչ եմ թողնելու ընդամենը մի քանի երգ գուցե նաև ցավի ափսոսանքի զգացում, որից հետո կանհետանամ ու կիջևանեմ այն երկրում որտեղ դեղնած լուսանկարներ են, տեսաֆիլներ միակ հանդիսատեսը անտարբերությունն է: Կապ չունի ճանաչված ես թե անհայտ դու պետք է լքես այս աշխարհը: Դա բոլորի ժակատագիրն է»
    
     Իսկ չորրորդում Քո գարունները կբացվեն նորեն, լուսավոր ֆինալն է… հավատո՞ւմ եք վերջում լույսը կհաղթի խավարին:


    

Մենք ծնվել ենք, որպեսզի մեռնենք, սակայն մինչ այդ պետք է ապրել:

Ֆինալն ամեն դեպքում լավատեսական է: Այո հավատում եմ և վերջում ասում հենց երգի բառերով…

Քո գարունները կբացվեն նորեն,

Քո լավ օրերը ետ կգան նորեն,

Ձմռանից հետո, դժոխքից հետո,

Կվերընձյուղվի կենաց ծառը քո -

Քեզ համար, Հայաստան։
    
     ՍոնեՄիլե OnlineArt

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
796 | 0 | 0
Facebook