Կիսաառասպելական թագավորի ու նրա՝ հիշատակման արժանի գործունեության մասին (3)
«Եզան ֆորումում կառուցված Ֆորտունայի տաճարները շատ հարազատ են եղել հասարակ ժողովրդին, որը համարել է, որ հենց այս աստվածուհին է օգնել Սերվիոս Տուլլիոսին ստրուկից թագավոր դառնալ»: Սերվիոս Տուլլիոսի կրոնական գործունեությունը, ըստ ավանդության, ներառել է Ֆորտունայի և Դիանայի տաճարների կառուցումը: Դիանայի պաշտամունքի ներմուծումը Հռոմ, համաձայն Տիտոս Լիվիոսի, պայմանավորված է եղել Եփեսոսում գտնվող Արտեմիսի տաճարի մեծ ժողովրդականությամբ: Իսկ Հռոմում Դիանայի տաճարի կառուցումը կապված է նաև այն իրողության հետ, որ Հռոմն այդ ժամանակ կենտրոնական տեղ է գրավել Լատինական միությունում, որի քաղաքները միավորվել են հիշյալ աստվածուհու պաշտամունքի շուրջ: Տաճարը կառուցել են Լատինական միության բոլոր քաղաքների ներդրումներով: Տաճարի կառուցումից հետո Դիանայի պատվին տեղի ունեցող տոնակատարությունը դարձել է բոլոր ստրուկների տոնը, քանի որ տաճարի հիմնադիրը ծագումով ստրուկ է եղել: Եզան ֆորումում կառուցված Ֆորտունայի տաճարները շատ հարազատ է եղել հասարակ ժողովրդին, որը համարել է, որ հենց այս աստվածուհին է օգնել Սերվիոս Տուլլիոսին ստրուկից թագավոր դառնալ: Սերվիոսի սահմանադրությունը Համապատասխան ինստիտուտների ստեղծմամբ Հռոմում դրվել է պետության քաղաքական համակարգի հիմքը: Հռոմեական հասարակության կառուցվածքը հիմնվել է պատրիկերին կուրիաների (քաղաքային խորհուրդ կամ քաղաքային սենատ) բաժանելու հենքի վրա: Կուրիանային կոմիցիաները (պատրիկների հավաքները, ժողովներն ըստ կուրիաների) այդ ժամանակաշրջանում եղել են ժողովրդական ժողովի միակ տեսակը, որում վճռվել են համաքաղաքային նշանակության հարցերը: Պլեբեյները և կլիենտները եղել են օտարերկրացիների կարգավիճակում և իրավունք չեն ունեցել մասնակցել ժողովրդական ժողովներին, և, համապատասխանաբար, նրանք զրկված են եղել քաղաքական և հասարակական իրավունքներից: Նրանք նաև չեն մասնակցել համապետական պարհակներին: Հաղթական պատերազմների շնորհիվ Հռոմի իշխանության ընդլայնումը հանգեցրել է պատրիկների ծանրաբեռնվածության աճին, այն դեպքում, երբ շարունակ աճել է իրավազուրկ պլեբեյների թիվը: Սերվիոսի բարենորոգման էությունը նրանում է եղել, որ քաղաքացիության իրավունքները պատկանում են ոչ միայն պատրիկներին, այլև պլեբեյներին, որոնք ոչ միայն իրավունքներ են ստացել, այլև պարտավորություններ՝ մասնակցելու պետական այնպիսի պարհակներին, ինչպիսիք են հարկերի վճարումը և զինվորական ծառայությունը: Համաձայն Դիոնիսոս Հալիկառնասցու՝ ամբողջ բնակչությանը բաժանել են 30 տրիբուսի՝ չորս քաղաքային (լատիներեն՝ Tribus urbanae) և 26 գյուղական: Անտիկ դարաշրջանի արդի մասնագետներն այն կարծիքին են, որ սկզբում Հռոմ քաղաքը բաժանել են չորս տրիբուսի (Tribus rusticae) ՝ (Collina, Esquilina, Palatina, Suburana): Դրանցից յուրաքանչյուրին հատկացվել է Հռոմի սահմաններից դուրս գտնվող այս կամ այն տարածքը: Գյուղական հողերը, իրենց հերթին, բաժանել են 26 շրջանի (regiones) կամ «պագուս» -ների (ամենափոքր վարչատարածքային միավորը Հռոմ քաղաքի սահմաններից դուրս): Հետագայում այդ պագուսներից կազմավորել են գյուղական տրիբուսներ: Ի տարբերություն նախորդ բաժանման՝ այս կամ այն տրիբուսին պատկանելիության հիմքում դրվել է ոչ թե տոհմային, այլ տարածքային սկզբունքը: Դրանցում ընդգրկվել են ինչպես պլեբեյները, այնպես էլ պատրիկները: Ուշադրության չառնելով մարդու ծագումը՝ Սերվիոս Տուլլիոսը, կախված գույքային վիճակից, բնակչությանը բաժանել է մի քանի դասակարգի: Յուրաքանչյուր դասակարգ պարտավոր է եղել տրամադրել ցենտուրիական զինվորների որոշակի քանակություն: Ընդ որում նշվել է ոչ միայն զինվորների քանակությունը, այլև նրանց սպառազինությունը: Ըստ Տիտոս Լիվիոսի և Դիոնիսոս Հալիկառնասցու՝ ստորաբաժանումները հետևյալներն են եղել. 1. 100 հազար աս կամ 100 մին ունեցվածի տեր ամենահարուստ քաղաքացիները տրամադրել են 80 ցենտուրիոն: Յուրաքանչյուր ռազմիկ պարտավոր է եղել իր անձնական միջոցներով ձեռք բերել բրոնզե սաղավարտ, կլոր վահան, զանգապաններ, զրահ, սաղավարտ, ինչպես նաև նիզակ և սուր: Այս 80 ցենտուրիաները երկու մասի են բաժանել. առավել երիտասարդներից կազմել են Հռոմից դուրս կռվելու համար զորք, իսկ ավելի ավագ տարիքի ռազմիկները մնացել են Հռոմում քաղաքը պաշտպանելու համար: Առաջին դասակարգի ռազմիկները մարտի ժամանակ կանգնել են փաղանգի առաջին շարքում: Նրանց են կցվել նաև արհեստավորների երկու ցենտուրիոններ, որոնց պարտականությունն է եղել պաշարողական մեքենաների կառուցումը: 2. 75-ից 100 հազար աս կամ 75-ից 100 մին կարողություն ունեցողները տրամադրել են 20 ցենտուրիա: Նրանց սպառազինությունն առաջին դասակարգի սպառազինությունից տարբերվել է միայն զրահի բացակայությամբ ու մեկ էլ երկարաձգված վահանով՝ ի տարբերություն կլոր վահանների: 3. 50-ից 75 հազար աս ունեցվածքի տեր հռոմեացիները դասվել են երրորդ դասակարգի շարքում: Բանակին 20 ցենտուրիոն տրամադրող բնակչության այս շերտին զանգակապաններ չի թույլատրվել: 4. 25-ից 50 հազար աս ունեցողները նույնպես տրամադրել են 20 ցենտուրիա: Նրանց տրվել են միայն նիզակ և տեգ: 5. 25 հազար ասից պակա ունեցվածքի տեր աղքատ դասակարգից կամված 30 ցենտուրիաների ռազմիները կրել են միայն պարսատիկ և մետաղական քարեր և պարտավոր են եղել կռվել փաղանգի մարտական շարքից դուրս: Այս դասակարգից են կազմվել նաև երաժիշտների և արհեստավորների երկուական ցենտուրիաները, որնք միշտ ուղեկցել են զորքին: 6. 11 հազար ասից պակաս ունեցվածքի տեր աղքատներից (որոնց անվանել են «proletarii civis») կազմել են մեկ ցենտուրիա, որն ազատվել է զինվորական ծառայությունից: Նկարում՝ Եզան ֆորումը: (շարունակելի) |