Կիսաառասպելական թագավորի ու նրա՝ հիշատակման արժանի գործունեության մասին (2)
Նախկին թագավոր Անկուս Մարսիուսի որդիները, որոնք, բնականաբար դժգոհ են եղել «նախկին ստրուկի» բարձրացումից, դավադրություն են կազմակերպել: Նրանք մտածել են, որ եթե սպանեն Սերվիոս Տուլլիոսին, ապա ծերացած թագավորը մեկ ուրիշ փեսացու կգտնի իր դստեր համար, այդ իսկ պատճառով փորձել են սպանել հենց Տարքվինիոս Պրիսկուսին և հաջողել են: Թագավորի այրին՝ Տանակվիլիսը, որ դարձել էր Սերվիոս Տուլիոսի սիրուհին, վճռականություն է դրսևորել և կարգադրել է փակել պալատի դռները: Ժողովրդին հայտարարել են, թե թագավորը վիրավոր է, բայց հրամայել է մինչև իր ապաքինումը հնազանդվել Սերվիոս Տուլլիոսին: Անկուս Մարսիուսի որդիները, տեղեկանալով դավադրության ձախողման մասին, Հռոմից փախել են ու ավելի ուշ մեռել են օտարության մեջ: Անկուսի որդիների փախուստից հետո Տանակվիլիսը, հայտարարել է ամուսնու մահվան մասին: Երբ Սերվիոս Տուլլիոսը բավականաչափ ամրապնդվել է գահին, բացահայտորեն որպես թագավոր է հանդես եկել և հետո միայն սենատից պահանջել է հաստատել իրեն այդ պաշտոնում: Ստրկուհուց ծնված լինելու հանգամանքը, հավանական է, հորինվել է, որպեսզի հիմնավորվի նրա Սերվիոս («ծառա, ստրուկ») անվան ծագումը: Իսկ որ Սերվիոսը գահին տիրել է անօրինական ճանապարհով, հավանաբար, պատմական փաստ է: Նախորդներից տարբերվող իր վարկածն է շարադրել նաև կայսր Կլավդիոսը, որը քաջագիտակ է եղել էտրուսկների պատմությանը և երիտասարդ տարիներին քսան աշխատություն է գրել այդ թեմայի վերաբերյալ և էտրուսկերենի բառարան է կազմել: Մ.թ.ա. 48 թվականին Կլավդիոսը սենատում ելույթ է ունեցել, որի ժամանակ պնդել է, թե ի սկզբանե Սերվիոս Տուլլիոսը ոչ թե ստրուկ է եղել, այլ էտրուսկ ավազակ՝ Մաստերնոս անունով: Երբ նրա ընկեր Սելիոս Վիբենոսը բռնվել է, Մաստարնոսն ընկերների հետ Հռոմ է ներթափանցել և կարողացել է ազատել իր գերյալ ընկերոջը: Դրանից հետո այս էտրուսկին թագավոր Տարկվինիոսի տուն են ընդունել, որտեղ էլ նա հաստատվել է՝ փոխելով իր անունը Սերվիոս Տուլլիոսի: Նրա վարած արտաքին քաղաքականության մասին կարելի է դատել Դիոնիսոս Հալիկառնասցու «Հռոմեական հին պատմություններ» ստեղծագործությամբ: Իսկ այս հեղինակն իր նկարագրած այդ իրադարձություններից հինգ հարյուր տարի անց է ապրել: Համաձայն այս հեղինակի՝ Տարքվինիոս Պրիսկոսի ժամանակ Հռոմից կախյալ ցեղերը չեն ցանկացել ենթարկվել այս երբեմնի ստրուկին: Առաջինն ապստամբել են վայյանները: Նրանց հետևել են ցերեացիները և տարկվինացիները, իսկ նրանց էլ հետևել են էտրուսկները: Պատերազմը շարունակվել է մի քանի տասնամյակ և ավարտվել է Հռոմի հաղթանակով ու Լատինական միության հետ խաղաղության պայմանագրով: Պատերազմի ավարտից հետո Սերվիոս Տուլլիոսը վայյաններից, տարկվինացիներից և ցերեացիներից խլել է նրանց հողերը, իսկ հետո այդ հողերը բաժանել է հռոմեացիներին, որոնք դեռ նոր-նոր էին քաղաքացիություն ստացել: «Հռոմեական առասպել» -ի առանձնահատկություններից մեկն էլ եղել է բազում տարիներին ձևավորաված ավանդույթները վերագրել մեծ անձի որոշումներին: Սերվիոս Տուլլիոսին է վերագրվել պատրիկությանը թուլացնելուն և հասարակ ժողովրդի իրավունքներ տալուն նպատակաուղղված միջոցառումներ իրականացնողի համբավը: Նրա անվան հետ են կապվել այնպիսի գործողություններ, ինչպիսիք են աղքատներին հողակտորների հատկացումները, պարտապաններին շղթայակապ պահելու արգելքը, նրան է վերագրված հարստանալու և անկախ ծագումից բարձր դասերին անդամակցելու իրավունքը, ազատարձակներին հռոմեական քաղաքացիության շնորհումը, գյուղական համայնքների (պագուսների) կյանքի կարգաբերումը, «պագանալիա» (պագուսները պաշտպանող աստվածություններին նվիրված տոնակատարություն) և «կոմպիտալիա» («կոմպիտում» - «խաչմերուկ» բառից- տոնակատարություն նվիրված ճանապարհները և խաչմերուկները ու նաև տունը, ընտանիքը և ընդհանրապես համայնքը պաշտպանող «լարես» աստվածություններին) անունն ստացած տոների սահմանումը: Երկրորդ տոնակատարության առանձնահատկությունն այն է եղել, որ դրան մասնակցել են նաև ստրուկները, քանի որ, ըստ պատմիչի, «նրանց ծառայությունը հաճելի է լարեսներին»: Նկարում՝ էտրուսկյան դամբարանին արված պատկերազարդումն է այն առասպելի, որի համաձայն Սելիոս Վեբենոսին ազատագրում է նրա ընկերը՝ էտրուսկ ավազակ Մաստարնոսը ՝Հռոմի ապագա թագավոր Սերվիոս Տուլլիոսը (ձախ կողմի զույգը): (շարունակելի) |