Բառի զարմանալի էվոլյուցիան
Մի քանի տասնամյակ առաջ մեր ժողովրդին քաջածանոթ էր «սաբո» եզրույթը. այդ ժամանակներում հայազգի օրիորդներն ու երիտասարդ կանանցից շատերը «սաբո» անվանյալ բարձրաներբան կոշիկներ էին հագնում, որպեսզի շրջապատում բարձրահասակի տպավորություն թողնեն: Բայց ոչ մեկի մտքով այդ ժամանակ չի անցել, որ «սաբոտաժ» եզրույթը, որը հայերի բառապաշարում ամուր հաստատված է, ծագել է հիշյալ «սաբո» -ից: Միջնադարյան Ֆրանսիայում գյուղացիներն ամբողջական փայտի կտորից պատրաստված ոտնամաններ են հագել, որոնց «սաբո» անունն են տվել: Ֆրանսիայի հյուսիսարևմտյան Բրետոն երկրամասի աղջիկներն այդ սաբոներով «սաբոտե» պարն են պարել: Բայց նախնական, առավ հին իմաստով «սաբո» -ն մեծ հոլ է եղել, որը պտտեցրել են մտրակով: Այստեղից էլ ծնվել է ֆրանսերենում գործածվող «dormir comme un sabot» («Հոլի պես խորը քուն մտնել») արտահայտությունը. ասել է, թե, երբ « «Հոլը քնում է», «այն տեղում այնպես արագ է պտտվում, որ թվում է անշարժացել է»: «Սաբո» -ն ձիու և այլ կենդանիների սմբակ է նաև նշանակել: Հետագայում «սաբո» -ի «կյանքում» հետաքրքիր էվոլյուցիա է տեղի ունեցել: «Սաբոտե» եզրույթը, որ 13-րդ դարում «հրել, զարկել, ցնցել» է նշանակել, 19-րդ դարի սկզբում ստացել է «մի որևէ բան, մի որևէ առաջադրանք կամ աշխատանք անել շատ արագ, վատ, անորակ»: Եվ, քանի որ ինչ-որ բան փչացնելով, դուք կարող եք «փչացնել, ոչնչացնել» որևէ ռազմական կամ քաղաքացիական մեքենա, սարքավորում ուրեմն և, աբստրակտ իմաստով, կարող եք «վարկաբեկել, ձախողել» որևէ նախագիծ, որևէ ձեռնարկ: Բայից ծնունդ առած երկու գոյականները միևնույն փոփոխությունն են կրել. սկզբում «սաբոտաժնիկ» է եղել նա, ով սաբոտաժի է ենթարկել աշխատանքը, ապա՝ սաբո պատրաստող այն արհեստավորը, որն իր աշխատանքն անորակ է կատարել կամ ինչ-որ բան փչացրել է: Եվ սկսած 1842 թվականից «սաբոտաժ» -ը (հայերենում՝ «նենգադուլ») ոչ թե վերաբերել է սաբոներ պատրաստելուն, այլ՝ աշխատանքը դիտմամբ անորակ կատարելուն, կամ որևէ նախագիծ, ձեռնարկ, բիզնեսը ձախողելուն: Մարդիկ մի պատմություն են հորինել բառի բացասական իմաստների երևան գալու առնչությամբ, որն ասում է, թե, երբ ստեղծվել են մանածագործական մեքենաները, բանվորները սաբոներ են նետել այդ մեքենաների մեջ, որպեսզի խափանվի դրանց աշխատանքը, որպեսզի իրենք գործազուրկ չդառնան: Սակայն, այս վարկածն հաստատող ոչ մի պատմական փաստ գոյություն չունի, մանավանդ որ մեքենաները փչացնելու գաղափարը շատ ավելի ուշ է ծնունդ առել, քան 1801 թվականին մանածագործական մեքենայի ստեղծումը: |