«Ես երջանիկ եմ, որ ազատագրվեցի այդ բարոյական լծից». Հիտլերի նամակը Մուսոլինիին (1941 թվականի հունիսի 1)
Դո՛ւչե, Ես այս նամակը Ձեզ գրում եմ այն պահին, երբ ամիսներ տևած ծանր մտորումները, ինչպես նաև անվերջանալի նյարդային սպասումն ավարտվեցին կյանքումս ամենից դժվարին որոշումն ընդունելով: Ես կարծում եմ, որ այլևս իրավունք չունեմ հանդուրժել Ռուսաստանում առկա իրադրությունը, ինչպես նաև այդ երկրի վերաբերյալ բազմաթիվ այլ տեղեկությունները ստանալուց հետո: Ես նախ և առաջ համարում եմ, որ այդ վտանգը վերացնելու այլ ճանապարհ այլևս չկա: Հետագա հապաղումն ամենաուշը այս կամ հաջորդ տարի կործանարար հետևանքների կհանգեցնի: Իրավիճակը: Անգլիան այս պատերազմը տանուլ տվեց: Խեղդվողի հուսահատությամբ նա կառչում է ամեն մի շյուղից, որը նրա աչքում կարող է փրկության խարսխի դեր կատարել: Ինչ խոսք, նրա որոշ հույսեր զուրկ չեն հայտնի տրամաբանությունից: Մինչև այժմ Անգլիան իր պատերազմները միշտ մղել է մայրցամաքային երկրների օգնությամբ: Ֆրանսիայի ոչնչացումից հետո, ընդհանրապես նրանց բոլոր արևմտաեվրոպական դիրքերի վերացումից հետո, պատերազմի բրիտանացի հրձիգները շարունակ իրենց հայացքն ուղղում են այնտեղ, որտեղից նրանք ջանացին սկսել պատերազմը՝ Խորհրդային Միության վրա: Այս երկու պետությունն էլ, Խորհրդային Ռուսաստանն ու Անգլիան, հավասարապես շահագրգռված են, որ լինի երկարատև պատերազմից փլուզվող Եվրոպա: Այդ պետությունների թիկունքին հրահրողի դիրքորոշմամբ կանգնած է Հյուսիսամերիկյան Միությունը: Լեհաստանի լիկվիդացիայից հետո Խորհրդային Միությունն ունի հետևողական ուղղվածություն. այդ երկիրը խելացիորեն ու զգուշորեն, բայց նաև անշեղորեն, վերադառնում է Խորհրդային պետության ընդլայնման բոլշևիկյան հին ձգտմանը: Ձգձգելով պատերազմները, որոնք անհրաժեշտ են այդ նպատակներին հասնելու համար, ենթադրվում է այդ նպատակներին հասնել գերմանական ուժերն Արևելքում կաշկանդելու ճանապարհով, որպեսզի գերմանական հրամանատարությունը չհամարձակվի խոշոր հարձակում գործել Արևմուտքում, հատկապես օդում: Ես Ձեզ, դուչե, արդեն ասել եմ վերջերս, որ Կրետեում շատ հաջողված փորձն ապացուցեց, թե Անգլիայի դեմ ավելի լայնամաստաբ ռազմական գործողություն դեպքում որքան անհրաժեշտ է մինչև վերջին ինքնաթիռի գործածումը: Այս վճռական պայքարում կարող է պատահել, որ հաղթանակը վերջին հաշվով նվաճվելու է շնորհիվ ընդամենը մի քանի էսկադրիլայի: Ես մեկ ակնթարթ անգամ չեմ տատանվի այդ քայլն անել, եթե, չհաշված բոլոր այլ նախադրյալները, լինեմ ապահովագրված Արևելքից հանկարծակի հարձակվելուց կամ նույնիսկ հարձակման սպառնալիքից: Ռուսները հսկայական ուժեր ունեն. ես գեներալ Յոդլին հանձնարարել եմ Ձեր ռազմական կցորդին՝ գեներալ Մարասին, փոխանցել իրավիճակը ներկայացնող վերջին քարտեզը: Մեր սահմաններին են ռուսական առկա բոլոր զորքերը: Տաք եղանակներից սկսած շատ վայրերում պաշտպանական աշխատանքներ են կատարվում: Եթե հանգամանքներն ինձ ստիպեն Անգլիայի դեմ նետել գերմանական ավիացիան, վտանգ կառաջանա, որ Ռուսաստանն իր կողմից կսկսի ճնշում գործադրել հյուսիսում ու հարավում, որի պարագայում ես ստիպված կլինեմ լռելյայն նահանջել այն պարզ պատճառով, որ երկնքում գերակշռություն չեմ ունենա: Այդ պարագայում ես չեմ կարողանա Արևելքում գտնվող դիվիզիաներով ռուսական պաշտպանական կառույցների դեմ հարձակում գործել առանց ավիացիայի բավարար աջակցության: Եթե շարունակեմ հանդուրժել այդ վտանգը, ստիպված կլինեմ, հավանաբար, կորցնել ամբողջ 1941 թվականը, և այդ պարագայում ամբողջ իրավիճակն ամենևին չի փոխվի: Ընդհակառակը, Անգլիան էլ ավելի շատ կընդդիմանա խաղաղության պայմանագրի կնքմանը, քանի որ նա կշարունակի հուսալ, որ ռուս պարտնյորը կգործի: Բացի այդ, հույսը, բնականաբար, կաճի ռուսական զինված ուժերի մարտունակության բարձրացմանը համապատասխան: Իսկ այդ ամենի հետևում նաև ամերիկյան ռազմական մատակարարումներն են, որոնք սպասվում են 1942-ին: Էլ չեմ ասում այն մասին, դուչե, որ դժվար է հուսալ, որ մեզ այդքան ժամանակ կտրամադրվի: Քանի որ երկու կողմերից այդպիսի վիթխարի ուժերի կենտրոնացման դեպքում (չէ՞ որ ես ստիպված եմ եղել արևելյան սահման նետել էլ ավելի տանկային ուժեր և ուշադրություն դարձնել Ֆինլանդիայի և Ռումինիայի գլխին կախված սպառնալիքին) հրանոթները կարող են ինքնաբերաբար կրակել: Իմ նահանջը մեր հեղինակությանը ծանր հարված կհասցնի: Դա առանձնապես անհաճո կլինի, եթե նկատի առնենք Ճապոնիայի վրա հնարավոր ազդեցությունը: Այդ իսկ պատճառով երկարատև մտորումներից հետո ես այն եզրակացությանը հանգեցի, որ ավելի լավ է այդ օղակ փշրել այն սեղմվելուց առաջ: Ես կարծում եմ, դուչե, որ դրանով իսկ այս տարի մեր համատեղ պատերազմում ամենամեծ ծառայությունը մատուցած կլինեմ: Այսպիսով, ընդհանուր վիճակի իմ գնահատականը հետևյալին է հանգեցնում. 1. Ֆրանսիան դեռ անվստահելի է մնում: Որոշակի երաշխիքներ այն բանի, որ նրա Հյուսիսային Աֆրիկան հանկարծ չի հայտնվի թշնամական ճամբարում, գոյություն չունի: 2. Եթե նկատի առնենք, դուչե, Ձեր գաղութները Հյուսիսային Աֆրիկայում, ապա մինչև գարուն դրանց վտանգ չի սպառնում: Ես ենթադրում եմ, որ անգլիացիներն իրենց վերջին հարձակմամբ ցանկանում էին ապաշրջափակել Թոբրուկը: Ես չեմ կարծում, թե մոտակա ժամանակաշրջանում նրանք ի վիճակի կլինեն կրկնել այն: 3. Իսպանիան տատանվում է և, ես վախենում եմ, որ նա միայն այն ժամանակ կանցնի մեր կողմը, երբ պատերազմի ելքը վճռված կլինի: 4. Սիրիայում ֆրանսիական դիմադրությունը հազիվ թե երկար տևի: 5. Մինչև աշուն Եգիպտոսում հարձակման մասին խոսք լինել չի կարող: Բայց, հաշվի առնելով ընդհանուր իրավիճակը, ես անհրաժեշտ եմ համարում Տրիպոլիում մարտունակ զորքի կենտրոնացումը, որը, անհրաժեշտության դեպքում, կարելի կլինի Արևմուտք նետել: Ինքնին հասկանալի է, դուչե, որ այդ մասին պետք է կատարյալ լռություն պահպանել, քանի որ հակառակ պարագայում մենք չենք կարողանա հուսալ, թե Ֆրանսիան թույլ կտա զենքի ու զինամթերքի տեղափոխումն իր նավահանգիստներով: 6. Ամերիկան պատերազմի մեջ կմտնի, թե՝ ոչ, միևնույն է, քանի որ նա արդեն իսկ աջակցում է մեր թշնամիներին այն բոլոր ուժերով, որը կարողանում է մոբիլիզացնել: 7. Դրությունն Անգլիայում վատ է, սննդամթերքով և հումքով ապահովումը շարունակ վատթարանում է: Պայքարի կամքը, ըստ էության, սնուցվում է միայն հույսերով: Այդ հույսերը հիմնվում են բացառապես երկու գործոնի վրա՝ Ռուսաստանի և Ամերիկայի: Ամերիկային վերացնելու հնարավորություն մենք չունենք: Բայց Ռուսաստանին բացառելը՝ մեր իշխանությանը հասու է: Ռուսաստանի լիկվիդացիան միաժամանակ նշանակելու է Արևելյան Ասիայում Ճապոնիայի դրության մեծ թեթևացում և դրանով իսկ հնարավորություն կստեղծվի շատ ավելի դժվարացնել ամերիկացիների գործողությունները ճապոնական միջամտության օգնությամբ: Այս պայմաններում ես վճռեցի, ինչպես արդեն ասացի, վերջ տալ Կրեմլի երեսպաշտական խաղին: Ես կարծում եմ, այսինքն համոզված եմ, որ այս պայքարին, որը ի վերջո Եվրոպան կազատագրի մեծ վտանգից, կմասնակցեն Ֆինլանդիան, ինչպես նաև Ռումինիան: Գեներալ Մարասը հայտնեց, որ Դուք, դուչե, առնվազն մեկ կորպուս կտրամադրեք: Եթե Դուք այդ մտադրությունն ունեք, ես, ինքնին հասկանալի է, դա երախտագիտությամբ եմ ընդունում, և դրա իրականացման համար բավական ժամանակ կա, քանի որ ռազմական գործողությունների այս վիթխարի թատրոնում հարձակումն ամենուրեք միաժամանակ հնարավոր չի լինի սկսել: Վճռական օգնություն, դուչե, դուք միշտ կարող եք ցուցաբերել նրանով, որ ավելացնեք ձեր ուժերը Հյուսիսային Աֆրիկայում, եթե հնարավոր է՝ Տրիպոլիից դեպի արևմուտք հարձակման հեռանկարով: Դուք կսկսեք զորքերի խմբավորում ստեղծելով, թեկուզ սկզբում ոչ մեծ, որը Ֆրանսիայի հետ պյմանագիրը խզելու դեպքում կարող է անմիջապես մեզ հետ գործել և, ի վերջո, դրանով դուք կուժեղացնեք առաջին հերթին օդային և, հնարավորության դեպքում, ստորջրյա պատերազմը Միջերկրական ծովում: Ինչ վերաբերում է Արևմուտքում՝ Նորվեգիայից մինչև Ֆրանսիա ներառյալ, տարածքների պահպանմանը, ապա մենք այնտեղ, եթե նկատի առնենք ցամաքային զորքերը, բավականաչափ ուժեղ ենք, որպեսզի վայկյանական արձագանքենք ցանկացած անակնկալի: Ինչ վերաբերում է Անգլիայի դեմ օդային պատերազմին, ապա մենք որոշ ժամանակ պաշտպանական դիրքորոշում կպահպանենք: Բայց դա չի նշանակում, թե մենք ի վիճակի չենք հետ մղել Գերմանիայի վրա բրիտանական օդային հարձակումները: Ընդհակառակը, մենք հնարավորություն ունենք, եթե անհրաժեշտ լինի, ինչպես նախկինում, անխնա ռմբային հարվածներ հասցնել բրիտանական մայրաքաղաքին: Մեր կործանիչ պաշտպանական ավիացիան նույնպես բավարար չափով ուժեղ է: Այն իր տրամադրության տակ ունի լավագույն էսկադրիլիաները: Ինչ վերաբերում է Արևելքում պայքարին, դուչե, ապա այն որոշակիորեն ծանր կլինի: Բայց ես վայրկյան իսկ չեմ կասկածում խոշոր հաջողությանը: Նախ և առաջ ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի Ուկրաինայում երկարատև ժամանակաշրջանի համար ընդհանուր պարենային բազա ապահովել: Այն մեզ համար այն ռեսուրսների մատակարար կծառայի, որը, հնարավոր է, մեզ ապագայում անհրաժեշտ կլինի: Համարձակվում եմ ավելացնել, որ, ինչպես այժմ կարելի է դատել, ներկայիս գերմանական բերքը խոստանում է շատ առատ լինել: Լիովին հնարավոր է, որ Ռուսաստանը փորձի ոչնչացնել ռումինական նավթային աղբյուրները: Մենք ստեղծել ենք պաշտպանություն, որը, ես հույս ունեմ, մեզ կպաշտպանի դրանից: Մեր բանակների խնդիրը կայանում է նրանում, որ հնարավորինս արագ չեզոքացնենք այդ սպառնալիքը: Եթե ես Ձեզ, դուչե, լոկ հիմա եմ ուղարկում այս ուղերձը, ապա միայն այն պատճառով, որ վերջնական որոշումն ընդունվելու է այսօր, երեկոյան ժամը 7-ին: Այդ իսկ պատճառով սրտանց խնդրում եմ ոչ ոքի չտեղեկացնել դրա մասին, հատկապես Մոսկվայի Ձեր դեսպանին, քանի որ բացարձակ վստահություն չկա, որ մեր ծածկագրված հաղորդումները չեն վերծանվի: Ես հրամայել եմ իմ դեսպանին ընդունված որոշումների մասին հաղորդել միայն վերջին րոպեին: Նյութը, որը ես մտադիր եմ աստիճանաբար հրապարակել, այնքան ընդարձակ է, որ աշխարհն ավելի շատ կզարմանա մեր երկարատև համբերության, քան ձեր որոշման վրա, եթե այդ աշխարհը մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված հասարակության մասը չի կազմում, որի համար փաստարկներն ի սկզբանե ոչ մի նշանակություն չունեն: Հիմա ինչ էլ որ պատահի, դուչե, մեր դրությունն այդ քայլից չի վատանա. այն կարող է միայն լավանալ: Եթե ես նույնիսկ ստիպված լինեմ այս տարվա վերջում Ռուսաստանում թողնել 60 կամ 70 դիվիզիա, ապա դա կլինի սոսկ այն ուժերի մի մասը, որոնք ես պետք է թողնեմ հիմա արևելյան սահմանում: Թող Անգլիան փորձի եզրակացություններ չանել ահեղ փաստերից, որոնց նա կառերեսվի: Այդժամ մենք կարող ենք, ազատելով մեր թիկունքը, եռապատկված ուժով նետվել հակառակորդի վրա նրան ոչնչացնելու համար: Ինչ կախված է մեզանից՝ գերմանացիներից, դուչե, կիրականացվի, համարձակվում եմ Ձեզ վստահեցնել: Ձեր բոլոր ցանկությունների և օգնության, որը Դուք, դուչե, կարող եք ինձ տրամադրել առաջիկա գործողության համար, խնդրում եմ հաղորդել ինձ կա՛մ անձամբ, կա՛մ այդ հարցերը Ձեր զինվորական օրգանների միջոցով համաձայնեցնել իմ գերագույն հրամանատարության հետ: Վերջում ես կուզենայի Ձեզ ասել ևս մեկ բան: Ես ներքուստ նորից ինձ ազատ եմ զգում այն բանից հետո, երբ ընդունեցի այդ որոշումը: Խորհրդային Միության հետ համագործակցությունը, լարվածության վերջնական թուլացման հասնելու անկեղծ ձգտման պայմաններում, հաճախ ինձ վրա խիստ ծանրացել է: Քանի որ դա ինձ թվացել է խզում իմ ամբողջ անցյալի հետ, իմ աշխարհայացքի և իմ նախկին պարտավորությունների հետ: Ես երջանիկ եմ, որ ազատագրվեցի այդ բարոյական լծից: Սրտագին և ընկերական ողջույնով՝ |