Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Իոսիֆ Ստալինը՝ Ֆինլանդիայի դեմ իր ղեկավարած պետության մղած զավթողական պատերազմի մասին (6)

17:04, Tuesday, 05 December, 2023
Իոսիֆ Ստալինը՝ Ֆինլանդիայի դեմ իր ղեկավարած պետության մղած զավթողական պատերազմի մասին (6)

«Մեր հաղթանակում գլխավորն այն է, որ մենք ջախջախեցինք Եվրոպայի առաջավոր երկրների տեխնիկան, մարտավարությունը և ռազմավարությունը, որոնց ներկայացուցիչները ֆինների ուսուցիչներն էին: Դրանում է մեր հիմնական հաղթանակը»:

***

Սրանք են այն բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են մեզ՝ խորհրդային մարդկանց, ժամանակակից պատերազմ վարելու և այդ պատերազմում հաղթելու համար:

Ի՞նչ եք կարծում, մենք ունեցե՞լ ենք այդպիսի բանակ, երբ Ֆինլանդիայի դեմ պատերազմի մեջ մտանք: Ոչ, չի եղել: Մասամբ եղել է, բայց ինչ վերաբերում է այդ պայմաններին, շատ բան չի բավականացրել: Ինչո՞ւ: Քանի որ մեր բանակը, որքան էլ դուք նրան գովաբանեք, և ես էլ նրան ձեզանից ոչ պակաս եմ սիրում, բայց և այնպես այն երիտասարդ, անփորձ բանակ է: Նա շատ տեխնիկա ունի, նա իր ուժերի նկատմամբ մեծ հավատ ունի, այդ հավատը նույնիսկ անհրաժեշտից ավելի է: Նա ջանում է պարծենալ, իրեն անպարտելի է համարում, բայց նա բոլոր դեպքերում երիտասարդ բանակ է:

Նախ՝ մեր ժամանակակից Կարմիր բանակը կռվել է Ֆինլանդիայի մարտադաշտերում. դա նրա առաջին մկրտությունն է: Այստեղ ի՞նչ պարզվեց: Այն, որ մեր մարդիկ նոր մարդիկ են: Չնայած իրենց բոլոր թերություններին, նրանք շատ արագ, ընդամենը 1, 5 ամսում, կերպարանափոխվեցին, դարձան ուրիշ, և մեր բանակն այդ պատերազմից դուրս եկավ գրեթե լիովին ժամանակակից բանակ դարձած: Բաց ինչ-որ բան դեռ պակասում է: Հնից պոչեր են մնացել: Մեր բանակը երկու ամուր ոտքի վրա կանգնեց նոր, իսկական խորհրդային ժամանակակից բանակի ռելսերի վրա: Սրանում է գլխավոր պլյուսն այն փորձառության, որը մենք յուրացրեցինք Ֆինլանդիայի մարտադաշտերում՝ հնարավորություն տալով մեր բանակին ինչպես հարկն է կրակել, որպեսզի ձեռք բերի այդ փորձառությունը: Լավ է, որ մեր բանակը հնարավորություն ունեցավ այդ փորձառությունը ձեռք բերել ոչ թե գերմանական ավիացիայի դեմ կռվում, այլ Ֆինլանդիայում, Աստծո օգնությամբ: Բայց որ մեր բանակն այլևս այն չէ, ինչպիսին էր նախորդ տարվա նոյեմբերին, և՛ հրամկազմն է ուրիշ, և՛ մարտիկներն են ուրիշ, դրանում ոչ մի կասկած չի կարող լինել: Հենց միայն ձեր բլոկավորող խմբերը վստահելի նշան են այն բանի, որ մեր բանակը դառնում է լիովին ժամանակակից բանակ:

Դրանից հետո հետաքրքիր է հարցնել, թե իրենից ի՞նչ է ներկայացնում ֆիննական բանակը: Ձեզանից շատերը տեսել են նրա շարժունակությունը, կարգապահությունը, տեսել են, թե ինչպես է այն տարբեր ֆոկուսներ կիրառում, և որոշակի նախանձ է հարուցել ֆիննական բանակը: Հարց. կարելի՞ է այն լիովին ժամանակակից բանակ անվանել: Իմ կարծիքով՝ չի՛ կարելի: Ամրացված բնագծերի պաշտպանության առումով այն, ֆիննական բանակը, շատ, թե քիչ բավարար է, բայց այն ժամանակակից չէ, քանի որ այն շատ պասիվ է պաշտպանությունում և նա ամրացված շրջանի պաշտպանական գծին նայում է այնպես, ինչպես մահմեդականը՝ Ալլահին: Հիմարներ, նստելով հրակնատներում և դուրս չգալով, համարում են, թե հրակնատներն անխոցելի են, նստում են թեյ են խմում: Դա պաշտպանական գծի նկատամամբ այն վերաբերմունքը չէ, ինչպիսին հարկավոր է ժամանակակից բանակին: Ժամանակակից բանակը չի կարող պաշտպանական գծին պասիվորեն վերաբերվել՝ որքան էլ այն ամուր լինի:

Ահա այդ պասիվությունը պաշտպանությունում և ահա այդ պասիվ վերաբերմունքը պաշտպանական գծերի նկատմամբ ֆիննական բանակին բնութագրում են որպես ոչ լիովին ժամանակակից պաշտպանության համար, երբ նա նստում է քարերի հետևում: Ֆիննական բանակն իրեն դրսևորեց, որ այն լիովին ժամանակակից չէ, և դա այն պատճառով, որ չափից դուրս պաշտամունքային վերաբերմունք ունի իր պաշտպանական շրջանների անհաղթահարելիության նկատմամբ: Ֆինների հարձակումը մի քոռ գրոշ չարժե: Ահա մարտերի 3 ամիսը լրացել է, դուք հիշո՞ւմ եք գոնե մեկ լուրջ զանգվածային հարձակում ֆիննական բանակի կողմից: Դա տեղի չի ունեցել: Նա չի համարձակվել նույնիսկ հակահարձակում կատարել, թեպետ նրանք նստած էին այն շրջաններում, որտեղ հրակնատներ կային, որտեղ ամբողջ տարածքը չափված է, ինչպես ռազմավարժարանում, նրանք կարող են աչքերը փակել ու կրակել, քանի որ ամբողջ տարածությունը նրանք չափել են, գծագրել են, բայց և այնպես նրանք շատ հազվադեպ հակահարձակում կատարեցին, և ես չգիտեմ գոնե մեկ դեպք, որ նրանք հակահարձակման ճամանակ չձախողվեին: Ինչ վերաբերում է մեր ռազմաճակատը ճեղքելու, ինչ որ մի բանագիծ զբաղեցնելու նպատակով որևէ լուրջ հարձակման, այդպիսի ոչ մի փաստ դուք չեք տեսնի: Ֆիննական բանակն ունակ չէ մեծ հարձակողական գործողությունների: Այդ բանակում գլխավոր թերությունն այն է, որ այն ունակ չէ մեծ հարձակողական գործողությունների, պաշտպանությունում այն պասիվ է և շատ ժլատ է հակահարձակումներում, ընդ որում հակահարձակումները նա կազմակեպում է շատ անդյուրաշարժորեն և միշտ նա հակահարձակումից հետո հեռացել է կորուստներով:

Ահա սրանք են ֆիննական բանակի պակասությունները: Այն ստեղծված ու դաստիարակված է ոչ թե հարձակման, ալ՝ պաշտպանության համար, ընդ որում ոչ թե ակտիվ, այլ պասիվ պաշտպանության համար:

Ես այդպիսի բանակը չեմ կարող ժամանակակից անվանել:

Նա ինչի՞ է ունակ, և ինչի՞ն են նախանձել առանձին ընկերներ: Առանձին հարձակումներին, թիկունք անցնելու միջոցով շրջապատելուն, փլվածքներին: Նրանք միայն իրենց պայմանները գիտեն: Այդ փլվածքները կարելի է ֆոկուսների շարքին դասել: Ֆոկուսը լավ բան է. այն խորամանկություն է, հնարամտություն և այլն: Բայց ֆոկուսով երկար ապրել հնարավոր չէ: Մեկ անգամ խաբեցիր ու թիկունք անցար, երկրորդ անգամ էլ խաբեցիր, բայց երրորդ անգամ չես խաբի: Բանակը չի կարող միայն ֆոկուսներով հաղթել, այն պետք է իսկական բանակ լինի: Եթե այն այդպիսին չէ, ուրեմն լիարժեք բանակ չէ: Սա է ֆիննական բանակի գնահատականը: Ես վերցնում եմ մարտավարական կողմը՝ չանդրադառնալով նրան, որ այն թույլ է, որ նրա հրետանին քիչ է: Ոչ թե նրա համար, որ նա աղքատ է: Այդպիսի բան չկա: Բայց այն միայն հիմա է սկսել հասկանալ, որ առանց հրետանու պատերազմը տանուլ է տրվելու: Էլ չեմ խոսում մյուս պակասության մասին. նրանց ավիացիան փոքրաթիվ է: Ոչ թե այն պատճառով, որ նրանք ավիացիայի համար փող չունեն: Նրանք բավականին շատ կապիտալ ունեն, նրանց մոտ զարգացած են ցելյուլոզային ֆաբրիկաները, որոնք վառոդ են արտադրում, իսկ վառոդը թանկ արժե: Նրանք ավելի շատ ցելյուլոզային ֆաբրիկաներ ունեն, քան մենք, կրկնակի ավելի ունեն. մենք տարեկան 500 հազար տոննա ցելյուլոզա ենք արտադրում, հիմա նրանցից ստացել ենք գործարաններ, որոնք տարեկան 100 հազար տոննա են արտադրում, բայց այդքանից հետո էլ նրանց մոտ կրկնակին է մնացել: Դա հարուստ երկիր է: Եթե նրանք ավիացիա չունեն, դա այն պատճառով է, որ նրանք չեն հասկացել ավիացիայի ուժն ու նշանակությունը: Ահա և նրանց ևս մեկ պակասությունը:

Այն բանակը, որը դաստիարակված է ոչ թե հարձակման, այլ պասիվ պաշտպանության համար, այն բանակը, որը չունի լուրջ հրետանի, այն բանակը, որը չունի լուրջ ավիացիա, թեպետ ունի դրա հնարավորությունը, այն բանակը, որ պարտիզանական լավ հարձակումներ է գործում, անցնում է թիկունք, փլուզումներ է անում և նման բաներ, այդպիսի բանակին ես բանակ անվանել չեմ կարող:

Ընդհանուր եզրակացությունը: Ինչի՞ հանգեցրեց մեր հաղթանակը, մենք ո՞ւմ հաղթեցինք: Ահա մենք 3 ամիս և 12 օր կռվեցինք, հետո ֆինները ծնկի եկան, մենք զիջեցինք, պատերազմն ավարտվեց: Հարց է ծագում՝ մենք ո՞ւմ հաղթեցինք: Ասում են՝ ֆիններին: Դե, իհարկե, ֆիններին հաղթեցինք: Բայց այս պատերազմում դա է ամենագլխավորը: Իհարկե, մենք պարտավոր էինք ֆիններին հաղթել: Մենք հաղթեցինք ոչ միայն ֆիններին, մենք հաղթեցինք նաև նրանց եվրոպացի ուսուցիչներին, մենք հաղթեցինք գերմանական պաշտպանական տեխնիկային, մենք հաղթեցինք անգլիական պաշտպանական տեխնիկային, մենք հաղթեցինք ֆրանսիական պաշտպանական տեխնիկային: Ոչ միայն ֆիններին հաղթեցինք, այլև Եվրոպայի առաջավոր պետությունների տեխնիկային: Մենք ոչ միայն եվրոպական առաջավոր երկրների տեխնիկային հաղթեցինք, մենք հաղթեցինք նրանց մարտավարությանն ու ռազմավարությանը: Ֆինլանդիայի ամբողջ պաշտպանությունը և պատերազմը մղվել է Անգլիայի ու Ֆրանսիայի կարգադրությամբ ու խորհրդով, իսկ ավելի վաղ գերմանացիներն են նրանց շատ օգնել, և Ֆինլանդիայի ամբողջ պաշտպանական գծի կեսը նրանց խորհրդով է կառուցվել: Արդյունքն է այդ մասին ասում:

Մենք ջախջախեցինք ոչ միայն ֆիններին. այդ խնդիրն այդքան էլ մեծ չէր: Մեր հաղթանակում գլխավորն այն է, որ մենք ջախջախեցինք Եվրոպայի առաջավոր երկրների տեխնիկան, մարտավարությունը և ռազմավարությունը, որոնց ներկայացուցիչները ֆինների ուսուցիչներն էին: Դրանում է մեր հիմնական հաղթանակը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1034 | 0 | 0
Facebook