Loading...

Articles

«Նրա արարքները բացարձակ անհավանական են...». Վարվառա կույսի մասին

22:38, Monday, 20 March, 2023
«Նրա արարքները բացարձակ անհավանական են...». Վարվառա կույսի մասին

Նախ՝ անվան ստուգաբանությունը: Հին հույները բոլոր ոչ հույներին «բարբարոս» են անվանել, և կանացի «Վարվառա» -ն հիշյալ եզրույթի փոփոխված ձևն է:

Քրիստոնեական հավատքի համար նահատակված կույս Վարվառան ապրել է Փյունիկիայի Հելիոպոլիս քաղաքում, մահացել է 306 թվականին: Բարձրաստիճան պաշտոնյա հայրն իր գեղեցկուհի դստերը բարձր աշտարակում փակի տակ է պահել, որպեսզի նրան թաքցնի կողմնակի աչքից, երիտասարդների հետապնդումներից: Հոր բացակայության ժամանակ շինարարները պիտի երկու պատուհան բացեին աշտարակի պատերին, բայց Վարվառան նրանց կարգադրել է երեք պատուհան բացել՝ որպես Սուրբ Երրորդությունն ընդունելու խորհրդանիշ: Դրանից հետո նա տապալել է հոր կարգադրությամբ աշտարակում դրված հեթանոսական աստվածների կուռքերը: Բանտարկության ընթացքում Վարվառան, պատուհանից ուսումնասիրելով դրսի աշխարհը, ինքնուրույն հանգել է այն համոզման, որ կա ընդամենը մեկ Արարիչ: Երբ հայրը դստերն ամուսնացնելու նպատակով նրան թույլ է տվել դուրս գալ աշտարակից, Վարվառան ծանոթացել է Հելիոպոլիսի քրիստոնյաների հետ և մկրտություն է ընդունել:

Երբ նրա հեթանոս հայր Դիոսկուրոսն իմացել է իր միակ դստեր՝ քրիստոնյան դառնալու և կուռքերի արձանները տապալելու մասին, կատաղել է ու նրան տարել է Մարտիան քաղաքի կառավարչի մոտ: Այստեղ Վարվառային ստիպել են հրաժարվել քրիստոնեությունից, բայց երիտասարդ կույսը կտրուկ մերժել է պահանջը: Նրան դաժան տանջանքների են ենթարկել (գանահարել են, վերքերը սրբել են մազախրձով, մարմինը դաղել են կրակով, կտրել են ստինքների պտուկները): Բանտում կույսին այցելել է Հիսուս Քրիստոսը և նրան հաղորդություն է տվել: Դա է պատճառը, որ ուղղափառ և հատկապես կաթոլիկ դավանանքներում Վարվառան հանդես է գալիս որպես մի սրբուհի, որը քրիստոնյային փրկում է առանց հաղորդության մեռնելու վտանգից: Տանջանքների ընթացքում Վարվառան սաղմոսներ է երգել ու թվացել է, թե ցավ չի զգում: Կատաղած հայրը, որին քաղաքի կառավարիչն իրավունք էր տվել աղջկա հետ վարվել ըստ իր հայեցողության, դարձել է սեփական դստեր դահիճը և գլխատել է նրան: Բայց նույն պահին կայծակը նրան մոխրացրել է: Կայծակը մոխրացրել է նաև Մարտիան քաղաքի կառավարչին:

Սուրբ Վարվառայի հետ գլխատվել է նաև սուրբ Հուլիանան, որը բացահայտորեն իրեն քրիստոնյա է հայտարարել սուրբ Վարվառային տանջանքների ենթարկելու ժամանակ:

Վարվառայի անունն է տրված Սանտա Բարբառա կղզուն, ինչպես նաև 1883 թվականին հայտնաբերված թիվ 234 գիսաստղին:

Վարվառա կույսին պատվում են Կաթոլիկ, Ռուս ուղղափառ, Ղպտիական Հայոց առաքելական և Անգլիկան եկեղեցիները որպես սրբուհի: Նա համարվում է Կաթոլիկ եկեղեցու 14 սուրբ օգնականներից մեկը: Ուղղափառ եկեղեցին նրա հիշատակը նշում է դեկտեմբերի 4-ին (25-ին): Կաթոլիկ եկեղեցին նրա հիշատակը նշել է դեկտեմբերի 4-ին, բայց 1969 թվականի փետրվարի 14-ին Հռոմի Պողոս 6-րդ պապը Վարվառայի անունը հանել է կաթոլիկական օրացույցից հետևյալ ձևակերպմամբ. «Նրա արարքները բացարձակ անհավանական են, և գիտնականների շրջանում շատ տարաձայնություններ կան այն առումով, թե որտեղ է նա նահատակություն ընդունել»:

19-րդ դարի սկզբում ֆրանսիացի հնագետ Մ.Լալանը և գրող Ժ. Կոլեն դը Պլանսին հաշվել են Վարվառայի երեք մարմին (մեկը՝ Եգիպտոսում, երկրորդը՝ Վենետիկում, իսկ երրորդը՝ Պյաչենցայում) և երեք գլուխ, որոնք տարբեր վայրերում են եղել և համարվել են Վարվառայի մասունքներ: Բացի դրանցից, ուրիշ այլ բազում եկեղեցիներում եղել են մեծ քանակությամբ ոսկորներ, որոնք Վարվառայի մասունքներ են հռչակվել: Ահա թե ինչու գրող Պլանսին հեգնել է, թե Վարվառայի մասունքներն այնքան շատ են, որ դրանց տեղափոխման համար կպահանջվեր մի քանի վեցձի հանրակառք: Բացի այդ, համաձայն ավանդության, երբ կտրել են Վարվառայի գլուխը, վերքից ոչ թե արյուն, այլ կաթ է հոսել, և մի քանի մենաստաններում (հատկապես Իտալիայի), մարդկանց ցույց են տվել սուրբ Վարվառայի կաթով լցված սրվակները:

Դարձյալ ըստ ավանդապատման՝ 6-րդ դարում մեծ մարտիրոսուհի սուրբ Վարվառայի մասունքները տեղափոխվել են Կոստանդնուպոլիս: 1108 թվականին Վարվառա Կոմնինը՝ կայսր Ալեքսի Կոմնինի դուստրը, Կիևյան Ռուս մեկնելուց առաջ, հորից Վարվառայի բուժիչ մասունքներն է խնդրել: Նրա ամուսինը՝ Կիևի մեծ իշխան Սվյատոպոլկը, որն ավելի վաղ Կիևում քարե եկեղեցի էր կառուցել, այդ եկեղեցում մեծ պատիվներով զետեղել է նահատակ կույսի մասունքները և հիմնել է Միխայլովյան վանքը: Բաթու խանի արշավանքի ժամանակ մասունքները թաքցվել են, հետո վերադարձվել են նույն տեղը: Բայց պատմաբաններն ասում են, թե Ալեքսի ԿոմնինըՎարվառա անվամբ դուստր չի ունեցել, իսկ Սվյատոպոլկի կինը, որի անունն անհայտ է, առավել մեծ հավանականությամբ չեխ իշխանի դուստրն է եղել:

1644 թվականին Կիևի մետրոպոլիտ Պյոտր Մոգիլի գահակալության ժամանակ Վարվառայի մատի մի մասը տրվել է Լեհական թագավորության կանցլեր Գեորգի Օսոլինսկուն: Նույն ժամանակ սրբուհու՝ բազում տարիներ Հունաստանում գտնվող ձախ ձեռքը տեղափոխվել է Լուցկ քաղաք, որտեղ զետեղվել է Տիրոջ Խաչի բարձրացման վանքում: 1650 թվականին Լիտվական իշխանության մեծ հետման Յանուշ Ռադձիվիլը, գրավելով Կիևը, ստացել է սրբուհու մատի և կողոսկրի մասնիկները: Մատնամասերի մի մասը վերցրել է հետմանի կինը, հետո այն տրվել է Կիևի մետրոպոլիտ Իոսիֆ Տուկալսկուն, որի մահից հետո այն հայտնվել է Բատուրին քաղաքի Նիկոլայ Հրաշագործի վանքում և մեծարվել են որպես հրաշագործ դարմանող:

1656 թվականին Կիևի մետրոպոլիտ Սիլվեստրը Վարվառայի մասունքների մի մասը հանձնել է Անտիոքի պատրիարք Մակարիոսին: 18-րդ դարի սկզբին Կիևի մետրոպոլիտ Հովասափը Վարվառային ձոնված՝ հոտնկայս կատարման երգ է գրել, որն առ այսօր երգվում է նրա մասունքների առջև:

1930-ականներին, երբ Զլատովերսկի Միխայլովյան վանքն ավերել են, Վարվառայի մասունքները հանձնվել են թանգարանին: Այժմ դրանք Կիևի Վլադիմիրյան տաճարում են:

Սրբուհու ձախ ոտնաթաթը գտնվում է Կանադայի Էդմոնտոն քաղաքի Սուրբ Վարվառայի տաճարում. այն այստեղ է բերվել Կիևից, 1943 թվականին, Պանտելեիմոն եպիսկոպոսի կողմից, որը 1952 թվականից ծառայել է Կանադայում:

Հռոմեական կաթոլիկ եկեղեցին սուրբ Վարվառային վերագրել է, բացի հանկարծակի և բռնի մահից փրկելու զորությունից, նաև ծովում փոթորիկից և ցամաքում կրակից փրկելու շնորհ: Հնուց անտի կաթոլիկները նրան համարել են հրետանու հովանավոր: 1995 թվականին սուրբ Վարվառան հռչակվել է Ռուսաստանի Ռազմավարական նշանակության Հրթիռային զորքերի երկնային հովանավորը: Սուրբ Վարվառան նաև հանդիսանում է Ռուսաստանի մի շարք զորատեսակների երկնային հովանավորը: Նրան այս երկրում համարում են նաև հրշեջների, հանքափորների, լեռնագնացների և այգեպանների հովանավորը:

Իսպանացիները հաճախակի գործածում են հետևյալ ասացվածքը. «Nadie se acuerda de santa Barbara hasta que tuena» («Քանի դեռ ամպրոպ չի պայթում, ոչ ոք սանտա Բարբարային չի հիշում»):

Լուկաս Կրանախ Ավագի վրձնած սուրբ Վարվառան
Լուկաս Կրանախ Ավագի վրձնած սուրբ Վարվառան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1179 | 0 | 0
Facebook