Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Նրանք նրան ասում են. «Քո՛ւյր իմ, վե՛ր կաց, այլևս մի՛ տառապիր: Դու այլևս ազատ ես ապրելու քո հանճարի ու հավատի հանգույն»

20:09, Wednesday, 27 September, 2023
Նրանք նրան ասում են. «Քո՛ւյր իմ, վե՛ր կաց, այլևս մի՛ տառապիր: Դու այլևս ազատ ես ապրելու քո հանճարի ու հավատի հանգույն»

(ֆրանսիացի նշանավոր գրող Անատոլ Ֆրանսի ճառը 1916 թվականի ապրիլի 9-ին Սորբոնի համալսարանում ի պաշտպանության հայերի կազմակերպված հանրահավաքում)

Արդեն քսան տարի է անցել այն ժամանակից, երբ սուլթան Աբդուլ Համիդի հրամանով իրականացված կոտորածներն արյունով հեղեցին Հայաստանը, և Եվրոպայում ընդամենը մի քանի վրդովված ձայն բողոքեց ամբողջ մի ազգի մորթման դեմ: Ֆրանսիայում առավել ընդդիմադիր կուսակցությունների անդամ մարդկանց մի շատ փոքրիկ խումբ միավորվեց՝ պահանջելու մեծապես ոտնահարված մարդկության իրավունքները: Դուք այդ մարդկանց գիտեք՝ Ժան Ժորես, Դենի Կաշեն, Գաբրիել Սեայ, Էռնեստ Լավիս, Ժան Ֆունո, Վիկտոր Բերար, Ֆրանսիս դը Պրեսենս, հայր Շարմետան, Պիեր Կիյար, Կլեմանսո, Ալբեր Վանդալ և էլի մի քանի մարդ, որոնց անունը, ներողություն եմ խնդրում, չտվեցի: Մնացյալը լռեց: Շատերը մեծապես խղճահարվեցին, բայց քանի որ դժբախտները մարդկանց մեծամասնության քամահրանքն են հարուցում, մարդիկ ձգտեցին մեղադրել զոհերին, նրանց հանդիմանելով, թե թույլ են եղել: Ոմանք էլ, պաշտպանելով դահիճներին, ցույց տվեցին, թե նրանք քրիստոնյա վաշխառուների կողմից սնանկացված թուրքական բնակչության վրեժն են առել:

Սակայն, չնայած հայասերների բողոքներին և որոշ մեծ տերությունների վախվորած հայտարարություններին, հակառակ թուրքական կառավարության խոստումներին, հայերի՝ երբեմն քողարկված հալածանքները չեն դադարել: Կայսրության ղեկավարի հեղափոխական փոփոխությունը ոչինչ չփոխեց: Իշխանության եկած Երիտասարդ թուրքերը դաժանությամբ գերազանցեցին Ադանայի կոտորածները կազմակերպած Աբդուլ Համիդին:

Վերջ ի վերջո արևելյան այս քրիստոնյաների դժբախտությունը ձանձրացրեց խղճահարությանը: Դրանք անհասկանալի մնացին քաղաքաքակիրթ Եվրոպային: Հայ ժողովուրդին մենք ճանաչում էինք միայն նրան հասցվող հարվածների ժամանակ: Մենք նրա մասին ոչինչ չգիտեինք, չգիտեինք նրա անցյալը, նրա հանճարը, նրա հավատը, նրա հույսերը: Նրա բնաջնջման իմաստն անէացավ: Այդպես էր դեռևս երկու տարի առաջ: Մեծ պատերազմը պայթեց: Թուքիան ներկայացավ որպես Գերմանիայի վասալ: Եվ հանկարծակի Ֆրանսիայում լույս շողաց Հայաստանի ոգու և նրա մարտիրոսական մահվան պատճառների վրա: Մենք հասկացանք, որ թուրք շահագործողի ու հայի երկարատև անհավասար պայքարը եղել է, եթե այն ճիշտ հասկանանք, բռնակալության, բարբարոսության պայքար արդարության ու ազատության ոգու դեմ: Եվ երբ մենք տեսանք թուրքի զոհի մարող աչքերը մեր վրա հառած, այն աչքերը, որոնցում հույսի կայծ էր շողացել, մենք վերջապես հասկացանք, որ նա Արևելքի մեր քույրն է, որը մահանում է, և որ նա մահանում է, որովհետև մեր քույրն է, որովհետև նա կիսում է մեր զգացմունքները, որ սիրում է այն ամենը, ինչը մենք ենք սիրում, ունի այն նույն մտածումները, որ մենք ունենք, հավատում է մեր հավատածին, իմաստունության նույն ընկալումն ունի, պոեզիայի ու արվեստի նույն ըմբռնումն ունի: Սրանք են նրա անբացատրելի հանցանքները:

Այդ իսկ պատճառով, տիկնայք և պարոնայք, տեղին է, որ ֆրանսիացիների այս հավաքն այս ժողովրդին, նրա մեծ դժբախտության ժամին հարգանքի հանդիսավոր տուրք մատուցի: Մենք այստեղ մի սրբազան պարտականություն ենք կատարում: Մենք Հայաստանին ենք վերադարձնում իր վաստակած պատիվը՝ պայմանավորված նույնիսկ ոչ թե իր մեծ դժբախտություններով, այլ այն մշտնջենականությամբ, որով նա այդ դժբախտությունները կրում է: Մենք պատշաճն ենք նրան մատուցում այն անպարտելի սիրո համար, որ նրան կապում է այս սրահում ներկայացված ժողովուրդների քաղաքակրթության հետ, մեր քաղաքակրթության հետ: Քանի որ Հայաստանը մեզ հետ միավորված է ընտանեկան կապերով, ինչպես մի հայրենասեր հայ է ասել, նա է Արևելքում սփռել լատինական ոգին: Նրա պատմությունը, որը քիչ առաջ մեզ համառոտ ներկայացրեց պարոն Պոլ Դեշանելը, իր մեջ ներառնում է Հունաստանի ու Հռոմի մտավոր և բարոյական ժառանգության պահպանման համար դարեր շարունակ գործադրած ջանքը: Իր հզորության շրջանում նա այդ ժառանգությունը պաշտպանել է իր բանակով և օրենքներով, պարտված ժամանակաշրջանում նա այն պաշտպանել է իր սրտում: …Ավելի քան 500 հազար հայ զոհվել է հանուն մեր պայքարի, հանուն մեր գործի, զոհվել է մեր անունն իր շուրթերին:

«Այս քրիստոնյաները, - ասում են թուրքերը, - կազմակերպել էին մի լայնածավալ ապստամբություն և ձեռք էին մեկնել խաչակիրների թշնամիներին»: Մարդասպանները չեն կարող օրինականացնել իրենց ոճրագործություններն այդ կեղծ մեղադրանքներով: Ճշմարիտն այն է, որ հայերը ցանկացել են Ֆրանսիայի ու իր դաշնակիցների հաղթանակը:

Ավելին, մեզ սիրող այս ժողովրդի ոչնչացման որոշումը կայացրել է թուրքական կառավարությունը: Այն ամենը, ինչ այնտեղ եղել է Սամսունից մինչև Դիարբեքիր, պատանիները, ծերերը, կանայք, երեխաները սպանվել են սուլթանի հրամանով, Գերմանիայի մեղսակցությամբ:

Հայաստանը շնչահեղձ է լինում: Բայց նա կվերածնվի:

Մեր բանակների հաղթանակից հետո, որը պայքարում է արդարության ու ազատության համար, Դաշնակիցները մեծ պարտականություններ ունեն կատարելու: Եվ այդ պարտականություններից առավել սրբազանը մարտիրոսված ժողովուրդներին, Բելգիային ու Սերբիային վերակենդանացնելն է: Այդժամ նրանք կապահովեն Հայաստանի անվտանգությունն ու անկախությունը: Նրանք նրան ասում են. «Քո՛ւյր իմ, վե՛ր կաց, այլևս մի՛ տառապիր: Դու այլևս ազատ ես ապրելու քո հանճարի ու հավատի հանգույն»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7412 | 0 | 0
Facebook