Loading...

Articles

Անպատժելիությունն այլասերում է, հետո՝ սպանում

21:35, Friday, 17 March, 2023
Անպատժելիությունն այլասերում է, հետո՝ սպանում

Ֆրանսիացի աշխարհահռչակ գրող Ալեքսանդր Դյումայի պատմավեպերը կարդացածները պիտի որ հիշեն Բյուսի դ՛Ամբուազին (1549 - 1579) ՝ կոմսուհի դը Մոնսորոյի նկատմամբ տածած խելահեղ սիրուց ողբերգականորեն կործանված ազնվականին:

Իրականությունը, սակայն, նվազ ռոմանտիկ երանգներ է պարունակել: Բյուսի դ՛Ամբուազը 16-րդ դարի Եվրոպայի (մասնավորապես Ֆրանսիայի) բարքերին ոչ հարիր բացառիկ կնամոլ անձնավորություն է եղել: Ֆրանսիական հասարակության բազմաթիվ ամենաբարձրաշխարհիկ տիկնայք նրա սիրուհիներն են դարձել: Նրանց ամուսինները կամ ուղտի ականջում քնել են կամ էլ ձևացրել են, թե չեն նկատում իրենց կանանց անհավատարմությունը և Բյուսիին պատժելու ոչ մի միջոց չեն ձեռնարկել: Միայն կոմս դը Մոնսորոն է անպատկառին պատժելու վճռականություն ունեցել: Բայց ամեն ինչ հերթականությամբ:

Փարիզի իր մտերիմներից մեկին հղած նամակում Բյուսին պարծեցել է հերթական սիրային հաղթանակի՝ Ֆրանսիայի թագավորի որսապետ կոմս Շարլ դը Մոնսորոյի կնոջը՝ Ֆրանսուազ դը Մոնսորոյին, նվաճելու առթիվ: Նամակն ընկել է Անժուի հերցոգի ձեռքը, որն էլ այն փոխանցել է թագավորին՝ Հենրի 3-րդին: Թագավորն էլ, ո՛չ դես, ո՛չ դեն, նամակը ցույց է տվել կնոջից դավաճանված ամուսնուն: Շարլ դը Մոնսորոն կնոջն ստիպել է սիրային հրավել կատարել Բյուսիին:

Ժամադրության եկած պարծենկոտը թակարդն է ընկել: Երբ փակվել են դարպասները, նրա վրա ամեն կողմից հարձակվել են կոմսի տասը ծառաները: Թակարդն ընկածը կարողացել է հետ մղել գրոհողներին ու չորսին սպանել: Բայց Բյուսիի սուսերը կոտրվել է, նա դեպի պատուհանն է նետվել: Անկյունից հայտնվել է կոմս դը Մոնսորոն ու դաշունահերել է նրան կոմսուհու աչքի առջև:

Շարլ դը Մոնսորոն չի թաքցրել, որ ինքն է սպանել գլուխգովան կնամոլին՝ բացահայտ հայտարարելով, թե սպանել է գիշերն իր ամրոց ներխուժած գողին: Հասարակությունը հավանություն է տվել կոմսի արարքին: Բրյուսիի հարազատները, այդ թվում նրա եղբայր Ժորժ դը Մանեվիլը, չեն ցանկացել վրեժ լուծել:

Ժամանակակիցները, հարկավ, մեղադրել են կոմսուհի դը Մոնսորոյին, բայց ակնհայտ է, որ Բյուսին ևս մեղավոր է այնքանով, որ թեթևամտորեն է վերաբերվել սիրուհու նշանակած ժամադրությանը, սեփական անվտանգությունն ապահովելու տարրական միջոցներ չի ձեռնարկել, որն այդ ժամանակներում շատ անհրաժեշտ է եղել:

Իսկ այս իրական պատմությունն ապացուցում է, որ անպատժելիությունն այլասերում է, իսկ երբեմն էլ՝ սպանում:

Նկարում՝ Բյուսի դ՛Ամբուազը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
759 | 0 | 0
Facebook