Loading...

Articles

Կահույքագործները խաբել են բազմաթիվ քաղաքացիների, սակայն ՔԿ-ն քրեական վարույթի անհրաժեշտություն չի տեսնում

16:25, Monday, 13 March, 2023
Կահույքագործները խաբել են բազմաթիվ քաղաքացիների, սակայն ՔԿ-ն քրեական վարույթի անհրաժեշտություն չի տեսնում
     2022 թվականի սեպտեմբերին Ջուլետտա Կարապետյանը վերանորոգել էր բնակարանն ու որոշել նախասրահի և խոհանոցի համար ներկառուցվող պահարաններ պատվիրել։ Ֆեյսբուքում «Էլ Գրանտ ֆուրնիտուր» անվանումով կահույքի «խանութի» էջ էր գտել, որտեղ առաջարկվող գները համեմատաբար ցածր էին։ Կահույքագործ ներկայացած Կարեն Հավադյանը խոստացել էր արագ, մատչելի ու որակյալ կահույք պատրաստել։ Ջուլետտայի աղջիկը բանկից վարկ էր վերցրել, որպեսզի հոգան վերանորոգման ծախսերն ու վճարեն կահույքի համար։

Ջուլետտա Կարապետյանը 65 տարեկան է, թոշակառու, չի աշխատում։ Կարեն Հավադյանին նա վճարել էր կահույքի արժեքի մոտ 80%-ը, որը կազմում էր 600 000 դրամ, կահույքագործն անչափահաս որդու հետ եկել, չափագրումներ էր արել, խոստացել մի քանի օրում՝ մինչև հոկտեմբերը պատրաստել պատվերն ու տեղադրել։

Ջուլետտան ու Կարենը համաձայնագիր էին կնքել՝ թղթի վրա գրել էին իրենց անուն, ազգանունները, ապա ստորագրել, նաև նշել կահույքը տեղադրելու մոտավոր ժամկետը։Օրերն անցել էին, բայց Ջուլետտան Կարենից այդպես էլ ոչ մի լուր չէր ստացել։Երբ խոստացած ժամկետը լրացել է, Ջուլետտան պարբերաբար զանգահարել է Կարենին, նա անընդհատ ձգձգել է, ամեն անգամ նոր ժամկետ ասել։

Երբ Ջուլետտան հասկացել է, որ խաբեության զոհ է, ֆեյսբուքյան տարբեր խմբերում նշել է կահույքի «խանութի» էջն ու գրառումներ արել, որ մարդիկ Կարեն Հավադյանի և նրա հետ կապ ունեցող որևէ ընկերության հետ գործարք չկնքեն։

«Էլ գրանտ ֆուրնիտուր» ֆեյսբուքյան էջը, որի միջոցով Ջուլետտան գրանցել էր պատվերը, ջնջվել է։ Կնոջ մեկնաբանություններին շատերն են արձագանքել։ Ջուլետան հավաքել է մոտ 10 հոգու տվյալ, որոնք նույնպես տուժել են Կարեն Հավադյանից։


    

Նա ոստիկանության Արաբկիրի բաժին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, Կարենին կանչել են ոստիկանություն, վերջինս խոստացել է սեղմ ժամկետներում բերել կնոջ կահույքը։ Այս մասին Ջուլետտան ոստիկանության Արաբկիրի բաժնից դեկտեմբերի 6-ին ծանուցագիր է ստացել։ Ջուլետտան դիմել է Արաբկիրի քննչական բաժին, որտեղից դեկտեմբերի 20-ին հայտնել են, որ Կարեն Հավադյանի արարքում քրեական հանցանքի տարր չկա, և քրեական վարույթ նախաձեռնելու անհրաժեշտությունը բացակայում է։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում Կարեն Հավադյանի վերաբերյալ 7 քաղաքացիական գործ կա, որոնցից 4-ի հայցվորները կազմակերպություններ են՝ «Ֆասթ կրեդիտ կապիտալ ՈՒՎԿ» ՓԲԸ-ն, «ՄՏՍ Արմեիա» ՓԲԸ-ն, «Արմենտել» ՓԲԸ-ն և «ՎՏԲ Հայաստան» բանկը, բոլոր դատական գործերը գումարի բռնագանձման պահանջի մասին են։Մյուս 3 գործի հայցվորները քաղաքացիներ են, որոնց տարբեր ժամանակներում Կարեն Հավադյանը խաբել է։

2017 թվականի մարտի 9-ին Հռիփսիմե Սարգսյանը դիմել է դատարան ուրիշի դրամական միջոցները անօրինական տիրապետողից վերցնելու պահանջով։


    

2016թ. օգոստոսին «B&Z» դիզայն կահույքի սրահին Հռիփսիմե Սարգսյանը պատվիրել է խոհանոցի կահույք: Տան վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո 2016թ. սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 5-ը տեղադրվել է խոհանոցի կահույքը։ Այդ ժամանակ էլ Հռիփսիմեն ծանոթացել է Կարեն Հավադյանի հետ, որը կահույք տեղադրող վարպետն էր: Նրանից տեղեկացել է, որ ինքը կատարում է կահույքի վերանորոգման աշխատանքներ: 2016թ. հոկտեմբերի 11-ին Կարեն Հավադյանին է տվել իր հյուրասենյակի աթոռները և 30 000 ՀՀ դրամ՝ որպես վերանորոգման ծախս: Կարեն Հավադյանը խոստացել է 10-15 օրվա ընթացքում ավարտել վերանորոգումը եւ վերադարձնել 6 աթոռը: Նշված օրվանից անընդհատ հեռախոսազանզերի և հաղորդագրությունների միջոցով փորձել է կապ հաստատել նրա հետ և ստանալ իր գույքը:

Հավադյանը կամ չի պատասխանել նրա զանգերին, կամ էլ խաբել է։ 2016 թվականի նոյեմբերի 30-ին Հռիփսիմե Սարգսյանը դիմել է Արաբկիրի ոստիկանությունը, որը հայտնաբերել է Կարեն Հավադյանին, նրանից վերցվել են գրավոր բացատրություններ, գրվել է պարտավորագիր, որով Հավադյանը պարտավորվել է 2016թ. դեկտեմբերի 25-ին վերադարձնել 6 աթոռը՝ չվերանորոգված վիճակում, իսկ 2017թ. փետրվարի 28-ին վերադարձնել 30 000 ՀՀ դրամը: Հավադյանը աթոռները վերադարձրել է, իսկ գումարը՝ ոչ։

Մեկ այլ գործ էլ եղել 2021-ին։ Մարտի 5-ին Վան Ղազարյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Կարեն Խաչիկի Հավադյանի, Սարգիս Կարապետի Խաչատրյանի և Ոսկան Զարմիկի Դիվանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, դատարանը ընդունել է վարույթ։

Որոշվել է Վան Երվանդի Ղազարյանի միջնորդությունը բավարարել` 1 350 000-ական դրամի չափ արգելանք դնել պատասխանողներ Կարեն Խաչիկի Հավադյանին, Սարգիս Կարապետի Խաչատրյանին և Ոսկան Զարմիկի Դիվանյանին պատկանող գույքի վրա:

Մեկ այլ դատական գործ վարույթ է ընդունվել փետրվարի 15-ին. Հասմիկ Մանուկյանը Կարեն Հավադյանի դեմ դիմել է դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով։

Կարեն Հավադյանը միայնակ չի եղել, գործում ներգրավված են Սարգիս Խաչատրյանը, Ոսկան Դիվանյանը և Ալիկ անունով մեկը, որի ազգանունը տուժածներից ոչ ոք չգիտի։ Ջուլետտա Կարապետյանը մեզ տրամադրել է մի քանի տուժածի տվյալներ, որոնք մեզ պատմել են, թե ինչպես են Կարենը, Ոսկանը, Ալիկն ու Սարգիսը խաբել իրենց։

Հարկ է նշել նաև, որ 2009 թվականի հունվարի 16-ին Ոսկան Դիվանյանին և մի խումբ այլ անձանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնության գալով, ավազակային հարձակման եղանակով, կատարել են ուրիշի գույքի հափշտակություններ: 2009թ. դեկտեմբերի 29-ին դատարանը որոշել է ամբաստանյալ Ոսկան Դիվանյանին մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման յոթ տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման: Ազատազրկման են դատապարտվել նաև ավազակային հարձակման մյուս մասնակիցները։

Լիանա Այվազյանը 2022-ի նոյեմբերին ֆեյսբուքյան խմբերում կահույքի խանութ էր փնտրում, որպեսզի խոհանոցի համար կահույք պատվիրեր։ Գտել է «Էլ Գրանտ ֆուրնիտուր» -ը, որտեղ առաջարկվող գները համեմատաբար մատչելի են եղել։ Կարեն Հավադյանը եկել է, չափագրումներ արել, վերցրել 300 000 դրամ և գնացել։ Երբ եկել է պատվերը հանձնելու խոստացված օրը, Կարեն Հավադյանը լրացուցիչ ժամանակ է խնդրել։ Անցել է ավելի քան 3 ամիս, Լիանան դեռ չի ստացել իր կահույքը։

Լիանա Այվազյանն իրավապահ մարմիններին դիմելն անօգուտ է համարում, քանի որ Ջուլետտա Կարապետյանի դիմումներն անպատասխան են մնացել։

Խաբեության մի դեպք էլ կատարվել է նախորդ տարվա փետրվարին։ Մեզ դիմած քաղաքացին, որը ցանկացել է անանուն մնալ, պատմել է, որ իր նորակառույց տան համար կահույք է պատվիրել, որի համար Ոսկան Դիվանյանին վճարել է 800 000 դրամ կանխավճար։

«Սկզբում 750 ուզեց, հետո զանգեց, թե բա՝ դեպք ա եղել, Կարենի մատերն ա կտրվել, հիվանդանոց ենք տանում, 50 000 էլ տուր, հիվանդանոցն ենք։ Դե ես էլ մտածել եմ՝ հո չի խաբի, տվել եմ․ մինչ օրս ո՛չ կահույքը կա, ո՛չ փողը», - պատմում է նա։

Տղամարդը բազմիցս զանգահարել է Ոսկան Դիվանյանին, բայց զանգերն անպատասխան են մնացել։ Վերջինս հաղորդագրություններ է գրել Ոսկանին, պահանջել իր գումարը կամ կահույքը: Ոսկան Դիվանյանը մերժել է ու սպառնացել տղամարդուն։

Ջուլետտա Կարապետյանը մեզ պատմեց, որ տասնյակ մարդիկ են գրել իրեն, սակայն ոչ բոլորն են ցանկացել հանրայնացնել իրենց պատմությունը։ Ոմանք վախեցել են, որ Կարենն ու իր ընկերները կարող են վնասել իրենց, ոմանք էլ՝ պաշտոնյաների կանայք կամ ամուսիններ են ու չեն ցանկանում այդ մասին խոսել։

Մենք փորձել ենք կապ հաստատել Կարեն Հավադյանի, Ալիկի և Ոսկան Դիվանյանի հետ մեր ձեռքի տակ ունեցած 11 հեռախոսահամարներով։ Այս մարդիկ միասին են աշխատում, քննվող դատական գործերում բոլորը ներգրավված են։ Մի քանի հեռախոսահամարներ անջատված են, իսկ այն հեռախոսահամարներով, որոնք միացված են, չեն պատասխանում զանգերին։
    
    

Կարեն Հավադյան ՝ վաշխառու
Կարեն Հավադյան ՝ վաշխառու
Կարենի որդին ՝ Հարութը
Կարենի որդին ՝ Հարութը
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5689 | 0 | 0
Facebook