Իմ հիվանդ, իմ վիրավոր բալա, իմ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ
Նստել եմ կողքիդ, իբր ծննդյանդ օրն եմ շնորհավորում, ձեռքդ առել ափիս մեջ, գլուխդ եմ շոյում, վերքերդ համբուրում, ականջիդ շշնջում, որ դեռ ոտքի կկանգնես, կուղղես ջարդված ողնաշարդ, որ առաջիկայում դեռ միասին ցնծությամբ, ծնծղաներով կնշենք ծննդյանդ օրը, ի հեճուկս բոլոր վայրահացողների ու լակոտ-լուկուտների, որոնք մի ծեղ անգամ օգտակար չեն եղել քո ծննդի ու բարգավաճման համար, ովքեր տեղյակ չեն քեզանից ու բարբաջում են, որ դու չես էլ ծնվել։
Քո այսօրվա վայ բժիշկներին էլ ես չեմ վստահում, չեմ վստահում բալես, էն, ինչ ես եմ տեսնում, լավ բան չի խոստանում։
Հայ ազգի գոյատևման, Հայոց պետականության պահապան միակ գրավական, իմ սիրասուն որդի Հայոց բանակ, թող տիեզերական հաղթական, հզոր էներգիան լցվի քո մեջ, թող Հայկ Նահապետի ու Տիգրան մեծի հոգիները վահան դառնան թիկունքիդ ու քեզ ոտքի հանեն, մի ողջ ժողովուրդ քո հույսին է, առանց քո բազկի սուտ ու փուչ, խափուսիկ են խաղաղության մասին խոսակցությունները։
Մելանյա Պետրոսյանց