Loading...

Articles

Այս մարդուն սպանել է իր իսկ վարորդը

18:48, Saturday, 28 January, 2023
Այս մարդուն սպանել է իր իսկ վարորդը

«Մեկ մրջյուն սպանելը շատ ավելի մեծ ոճիր է, քան մեկ մարդ սպանելը, քանի որ մահացած մարդը վերամարմնավորվում է, մինչդեռ մրջյունն ընդմիշտ է մեռնում»:

Մաքսիմիլիանո Էրնանդես Մարտինեսը 1931-ից 1934 թվականը եղել է Սալվադորի նախագահի պաշտոնակատար, իսկ 1935-ից 1944 թվականը՝ Սալվադորի նախագահ (30-րդ) և պաշտոնազրկվել է պետական հեղաշրջման արդյունքում: Նա սպանվել է իշխանազրկումից 22 տարի անց, իր վարորդի կողմից, երբ նա վտարանդու կարգավիճակով ապրել է Հոնդուրասում:

Նա զինվորական դիկտատոորա է հաստատել իր երկրում և հռչակված է եղել բազմաթիվ մահապատիժներով ու սպանություններով (մասնավորապես 1932 թվականին հազարավոր գյուղացիների կոտորածով) և մի քանի ռեֆորմներով (կանանց ընտրական իրավունք, սոցիալական ապահովություն, քաղաքական ընդդիմության արգելք, լրատվամիջոցների նկատմամբ համատարած վերահսկողություն):

Էրնանդես Մարտինեսը 1931 թվականի նախագահական ընտրություններին եղել է Ազգային հանրապետական կուսակցության թեկնածուն: Կուսակցությունը նա ընտրությունների նախաշեմին էր կազմավորել: Մարտինեսը դաշնակցել է Արթուրո Արոջոյի Աշխատավորական կուսակցությանը: Նրանք հաղթել են ընտրություններում, որը եղել է Սալվադորի պատմության մեջ առաջին բազմակուսակցական ազատ ընտրությունը (և վերջինը հետագա ավելի քան կես դարում):

Հավանաբար, պետական հեղաշրջման պատճառ է հանդիսացել այն, որ զինվորականներն աշխատավարձ չեն ստացել, թեպետ այդ հեղաշրջումը երբեմն կապում են արտասահմանում սուրճի գների անկման հետ:

Հաջորդելով քաղաքացիական Դիրեկտորիայի կառավարությանը՝ Էրնանդես Մարտինեսը գլխավորել է զինվորականներից կազմված կառավարությունը, որը դաժանորեն ճնշել է ընդդիմությանը: Դա վերաբերում է հատկապես 1932 թվականին սալվադորյան գյուղացիների կոտորածին, որի ընթացքում հազարավար բնիկներ սիստեմատիկորեն սպանվել են Ֆարաբունդո Մարտիի ղեկավարած Կոմունիստական կուսակցության անդամների հետ համագործակցելու կասկածանքով: Այս կոտորածին տրվել է «Լա Մատանզա» անունը: Կոտորածի զոհերի հստակ թիվը հայտնի չէ, բայց հաշվարկները ցույց են տվել, որ զինվորական բռնապետության զոհերի թիվը 10 հազարից մինչև 40 հազար է եղել: Զինվորականները մարդկանց սպանել են առանց դատի, շատ հաճախ նրանց գնդակահարել են՝ նախապես ստիպելով, որ փորեն իրենց գերեզմանները: Զոհերը եղել են հիմնականում բնիկ հնդկացիները, մասնավորապես կոմունիստներին հարողները կամ համակրողները:

Երբ Էրնանդես Մարտինեսը 1943 թվականին բարձրացրել է արտահանության տուրքը, դժգոհ հողատեր օլիգարխների էլիտան ուժեղ դիմադրություն է ցույց տվել: Դրան ի պատասխան՝ Մարտինեսը բացահայտորեն խախտել է սահմանադրությունը՝ հայտարարելով, թե ինքն առանց ընտրություններ անցկացնելու երրորդ անգամ նախագահական լիազորություններ է ստանձնելու:

Ի պատասխան այս հայտարարության՝ 1944-ի ապրիլի 2-ին (օրն համընկել է եկեղեցական Ծաղկազարդի կիրակի տոնին) զինված ապստամբություն է սկսվել: Ապստամբությունը ղեկավարել են մտավորականները, ձեռնարկատերերն ու բանակի խռովարար ստորաբաժանումները: Մինչ վարչակարգի բարձրաստիճան պաշտոնատատարները Չարչարանքների շաբաթվա ընթացքում իրենց տներում էին, Սան Սալվադորի Առաջին հետևակային և Երկրորդ հրետանային գնդերը և Սանտա Անայի կայազորի զինվորները գրավել են պետական ռադիոյի, ռազմաօդային ուժերի և հեռագրատան շենքերը: Սանտա Անան ռմբահարվել է երկնքից, իսկ այդ ընթացքում քաղաքացիական բնակչությունը միավորվել է և տապալել քաղաքային խորհուրդը:

Սակայն, գեներալ Էրրնանդես Մարտինեսը կարողացել է այս ապստամբությունը ճնշել իրեն հավատարիմ մնացած զորախմբերով: Ռազմական դրություն է հաստատվել և այդ դրությունը սահմանող օրենքներն ամենայն դաժանությամբ գործադրվել են: Ապստամբների և ապստամբությանը մասնակցելու կասկածանքի ենթակաների դեմ հալածանքները մի քանի շաբաթ են տևել: Փողոցային ցույցերի ժամանակ միայն 100 շարքային քաղաքացի է սպանվել:

Որոշ ժամանակ անց, սակայն, 1944-ի մայիսին, Էրնանդես Մարտինեսը պաշտոնանկ է արվել ուսանողների կողմից ղեկավարվող մեծամասշտաբ գործադուլային շարժման արդյունքում: Այս շարժման ռազմավարությունն է եղել ամեն կերպ խույս տալ զինվորների հետ ուղղակի բախումներից՝ մնալով պարզապես տանը: Զանգվածային քաղաքական ակցիայի ընթացքում սալվադորյան հասարակության կյանքն ամբողջովին կաթվածահար է եղել այնքան ժամանակ, մինչև որ Մարտինեսը հրաժարական է տվել: Բուժաշխատողներն ու պրոֆեսիոնալ այլ ոլորտները շարժմանը միացել են մայիսի 5-ին՝ դրանով իսկ հակամարտությունը վերածելով համազգային գործադուլի: Մայիսի 7-ին ոստիկանությունը կրակել է երիտասարդների մի խմբի վրա և մահացու վիրավորել ԱՄՆ-ի մի 17-ամյա քաղաքացու: Այս դեպքը մեծացրել է ճնշումը վարչակարգի վրա՝ այնքան ուժգին, որ ԱՄՆ դեսպանությունը Սալվադորի ղեկավարից բացատրություն է պահանջել:

Երկրից հեռանալու ամսաթվի շուրջ բանակցելու փորձից հետո Էրնանդես Մարտինեսը հրաժարական է տվել: Մայիսի 11-ին գործադուլը դադարեցվել է: Նախկին նախագահը փախել է Գվատեմալա: Գործադուլային ալիքը հասել է Գվատեմալա, որի զինվորական դիկտատոր Ժորժ Ուբիքոն հուլիսի 1-ին ստիպված է եղել հրաժարական տալ:

Սալվադորի մեծ մասն առ այսօր մասնատված Էռնանդեզ Մարտինեսի կառավարման թողած ժառանգության հետևանքով: Այն նույն ժամանակ, երբ Սալվադորը տնտեսական վերելք է ապրել Մարտինեսի կառավարման տարիներին և ընտրախավի հիացմունքն է հարուցել, երկրում չեն դադարել զանգվածային սոցիալական հուզումները և մարդկանց բողոքի գործողությունները չհանդուրժող իշխանության դաժանությունները՝ ներառյալ 1932 թվականին սալվադորյան գյուղացիների կոտորածը:

Քաղաքացիական իրավունքի տեսանկյունից՝ Մարտինեսի պաշտոնավարության գնահատականը միանշանակ չէ: Նա առաջին անգամ ընդլայնել է կանանց ընտրական իրավունքը, ներդրել է սոցիալական ապահովագրության համակարգ, փորձել է որոշ չափով ծրագրավորել տնտեսությունը՝ ի տարբերություն 1970 թվականից երկիրը կառավարող ազատական վարչակարգերի տնտեսական քաղաքականության: Նրա ժամանակ լրատվամիջոցները խիստ գրաքննության են ենթարկվել, քաղաքական ընդդիմությունն արգելվել է, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները վերացվել են, համապետական ընտրությունները՝ կեղծվել, և բազմաթիվ այլախոհներ սպանվել են:

Պաշտոնակությունից հետո Էրնանդեսն ապրել է Հոնդուրասում՝ մինչև որ 1966 թվականի մայիսի 15 ին դանակահարվել է իր իսկ վարորդի՝ Սիպրիանո Մորալեսի կողմից: Դանակի 17 հարված ստացած 84-ամյա նախկին բռնապետը տեղում մահացել է: Վարորդը Մարտինեսի իշխանության կատարածուների ձեռքով իր հոր սպանության վրեժն է լուծել:

Էրնանդես Մարտինեսն օկուլտիզմի համոզված հետևորդ է եղել, և այդ պատճառով նրան «Կախարդ» մականունն են տվել: Նա թույլ չի տվել, որ բժիշկները բուժեն իր որդիներից մեկին՝ ասելով, թե «աներևույթ բժիշկները» չեն ցանկանում նրան բուժել և որ հարկավոր է համակերպվել: Երբ ծաղկախտի համաճարակ է սկսվել մայրաքաղաք Սան Սալվադորում, նա կարգադրել է քաղաքի շուրջբոլորը գունավոր լույսեր վառել: Նա այդ ժամանակ համոզված է եղել, թե դա կվերացնի համաճարակը: Նա նաև հավատացել է վերամարմնավորմանը և մի օր ասել է. «Մեկ մրջյուն սպանելը շատ ավելի մեծ ոճիր է, քան մեկ մարդ սպանելը, քանի որ մահացած մարդը վերամարմնավորվում է, մինչդեռ մրջյունն ընդմիշտ է մեռնում»: Նա նաև պնդել է, թե տելեպատիայով հաղորդակցվել է այլ երկրների ղեկավարների, օրինակ, Թեոդոր Ռուզվելտի հետ:

1970 և 1980 թվականին Սալվադորում տեղի ունեցած շատ մահաբեր քաղաքացիական պատերազմի ընթացքում մահ սփռող մի շատ ծայրահեղական խմբավորում նրա անունն է կրել: Այդ խմբավորումը բազմաթիվ ազատական քաղաքական գործիչների (քրիստոնեական, մարքսիստական) ու քաղաքացիական անձանց է սպանել ու ստանձնել է այդ սպանությունների պատասխանատվությունը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1160 | 0 | 0
Facebook