Loading...

Articles

Սկսած 14-րդ դարից հայ իշխանական դասակարգը Հայաստանի տերը դարձած քոչվոր ցեղերի հարատև ճնշման ներքո աստիճանաբար զիջել է իր տնտեսական ու քաղաքական դիրքերը

10:40, Friday, 20 January, 2023
Սկսած 14-րդ դարից հայ իշխանական դասակարգը Հայաստանի տերը դարձած քոչվոր ցեղերի հարատև ճնշման ներքո աստիճանաբար զիջել է իր տնտեսական ու քաղաքական դիրքերը

Հայ իշխանական, նախարարական տների հողազրկման, մասնատման ու անէացման գործընթացը, որը Հայաստանում սկսվել էր մոնղոլական տիրապետության քայքայման շրջանում, իր ավարտին է մոտեցել հենց թուրքմենական ցեղերի տիրապետության բազում տասնամյակների ընթացքում:

Սյունիքի տիրակալ Օրբելյանների գլխին եկածն այդ գործընթացը շատ հստակորեն բնորոշող օրինակ է, որը ստորև ներկայացնում եմ ձեր ուշադրությանը;

Երբ 1385 թվականին Ոսկե Հորդայի խան Թողթամիշի զորքերն ասպատակում են Սյունիքը՝ գրավելով Որոտան բերդն ու Եղեգիս քաղաքը, Իվանե Օրբելյանի Գորգուն որդին, որն իշխել է Վայոց ձորում (Եղեգիս կենտրոնով) կորստի վշտից մահացել է:

Մոտ քսան տարի անց, Լանկ Թեմուրի արշավանքի տարիներին, Օրբելյաններին հաջողվել է վերադարձնել իրենց կալվածքների մի մասը: 1403 կամ 1404 թվականին Թեմուրի զորապետ Միրզա Օմարը բռնությամբ հավատափոխ է արել Իվանե Օրբելյանի Սմբատ և Բուրթել որդիներին ու սրանց եղբորորդի Տարսայիճին, որոնք, հավատափոխ արված ուրիշ հայ իշխանների հետ միասին, իրենց ընտանիքներով տարվել են Սամարղանդ: Բայց մի քանի տարի անց նրանց հաջողվել է վերադառնալ Սյունիք և կրկին տիրել իրենց կալվածքներին ու վերադառնալ իրենց նախնիների հավատքին:

Բայց 1407 թվականին Բուրթելն ու իր պատանի զավակները մահանում են համաճարակից, իսկ Լանկ Թեմուրի մահից հետո սկսված գահակալական պայքարի տարիներին Սմբատը գործակցել է Ջալաիրյան Ահմեդ խանի հետ և իր զորագնդով մասնակցել է նրա մղած մարտերին: Օտարին մատուցած իր ծառայությունների դիմաց նա պարգև է ստացել Անգեղակոթ գյուղը: Բայց որոշ ժամանակ անց Ահմեդ խանը պարտություն է կրել կարակոյունլու Յուսուֆից և խեղդամահ է արվել: Սմբատը ոչ միայն զրկվել է Անգեղակոթից, այլև Յուսուֆը բռնագրավել է նրա Որոտան բերդը: Հայրենազրկված Սմբատն իր Բեշքեն, Իվանե (Ստեփանոս) և Շահ անունով որդիների հետ պատսպարվել է Վրաստանում: 1412 թվականին Գորիից ոչ հեռու գտնվող Ուփլիսցիխե գյուղաքաղաքում գրված մի հիշատակարանում Սմբատն ու իր Բեշքեն որդին հիշվում են որպես այդ շրջանի իշխաններ: Սմբատը վախճանվել է1416 կամ 1417 թվականին, իսկ նրա որդիներ Բեշքենն ու Իվանեն վերադարձել են Սյունիք:

Սմբատի Գորգուն եղբոր որդի Տարսաիճը նույնպես, վերադառնալով սամարղանդյան գերությունից, ի վերջո կարողացել է իշխել իր հոր կալվածքում՝ Եղեգիսում, բայց 1419 թվականին այնպիսի հալածանքների է ենթարկվել, որ ստիպված է եղել փախչել և քարանձավներում թաքնվել: 15-րդ դարի մի հիշատակարան է այդ մասին գրում. «նա շատ մեծ նեղության, տառապանքի և աղքատության մեջ է հայտնվում, քանզի նա, որ ամբողջ գավառին էր իշխում, այժմ ոչ մի ագարակի կամ գյուղի կարող է իշխել, քանի որ նրանից խլել ու հափշտակել էին ամեն գյուղ ու քաղաք ու վանք…Եվ նա փախել էր ու թաքնվել ժայռերի ծերպերին ու անտառներում»:

Երբ կարակոյունլու Իսքյանդարը դարձել է այդ ցեղախմբի ստեղծած մեծ կայսրության գահակալ, Բիշքենի որդի Ռուստամը պետական բարձր պաշտոնների է նշանակվել: Սրա ջանքերով Օրբելյանները կրկին տիրացել են իրենց երկրին: Բայց այս վիճակը երկար չի տևել: Շահռուխ անունով զորավարն իր երրորդ արշավանքի ընթացքում հարձակվել է նաև Իսքյանդարի հովանավորյալ Օրբելյանների տիրույթների վրա: Եվ Բիշքենը ստիպված է եղել Սյունիքի ու շրջակա գավառների 6 հազար հայ գերդաստանների գլուխ անցած, Պայքարելով թեմուրյանների դեմ, արտագաղթել երկրից ու ապաստանել Վրաստանում:

Վրաստանի Ալեքսանդր թագավորը, որ Բեշքենի փեսան էր, Լոռին հանձնել է իր աներոջը: Դրանից հետո Հայաստանի այլ շրջաններից Լոռի են եկել նոր հայ փախստականները, որոնց Բեշքենը սիրով ընդունել է: Սակայն, երկյուղելով Բեշքենի հզորացումից, Ալեքսանդրը հանձնարարել է նրան թունավորել: Հանձնարարությունն ի կատար է ածվել:

Չնայած այս զանգվածային արտագաղթին, 15-րդ դարի հետագա տասնամյակներում Սյունիքի տարբեր մասերում դեռ մնացած են եղել Օրբելյանների պայազատները: Օրինակ՝ 1450 թվականին կրկին Սյունիքում է Ռուստամ Օրբելյանը, որը Տաթևի վանքի վանահայր Շմավոն Անգեղակոթցուն է վաճառել Սվարանց, Տաշու, Աղանց և Տանձատափ գյուղերը: 1471 թվականին հիշատակվել է Տարսայիճի որդի Սմբատ իշխանը, իսկ 1475 – 1490 թվականներին՝ սրա որդի Եղիշե պարոն-տերը՝ որպես Վայոց ձորի եպիսկոպոս:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1018 | 0 | 0
Facebook