Loading...

Articles

Ստալինի ու Կամոյի ղեկավարած ավազակախմբի իրականացրած թիֆլիսյան «ունեզրկումը»

21:00, Friday, 09 December, 2022
Ստալինի ու Կամոյի ղեկավարած ավազակախմբի իրականացրած թիֆլիսյան «ունեզրկումը»

1907 թվականի հունիսի 13 (26) -ին տեղի ունեցած Թիֆլիսի բանկի կողոպուտը, որը ցնցել էր ամբողջ Եվրոպան, համաշխարհային ճանաչում ունեցող բրիտանացի գրող և պատմաբան Սայմոն Մոնտեֆիորեի պնդմամբ, տեղի է ունեցել Ստալինի ղեկավարությամբ և մեծապես բարձրացրել է նրա հեղինակությունը բոլշևիկյան կուսակցությունում:

Թիֆլիսյան «ունեզրկմանն» իր համաձայնությունն է տվել անձամբ Լենինը, որին Ստալինը «բոլշևիկյան կուսակցության լեռնային արծիվ» է անվանել և որն այդ ժամանակ թաքնված է եղել Ֆինլանդիայում: Թիֆլիսյան կողոպուտից մի քանի օր առաջ նա Բեռլինում հանդիպել է Ստալինի հետ: Այնուհետև նրանք հանդիպել են նաև Լոնդոնում:

Կողոպուտի իրականացմանը մասնակցել է մոտ քսան մարդ: Նրանց թվում եղել են մի քանի երիտասարդ կանայք, որոնք գայթակղեցնող խոսակցությամբ շեղել են ժանդարմների ուշադրությունը՝ իրենց զգեստների տակ թաքցված ունենալով մաուզերներ: Ստալինը, Մոնտեֆիորեի պնդմամբ, այդ ավազակախմբի մաֆիոզ դոնի դերն է կատարել: Կողոպուտի անմիջական վայրում (Թիֆլիսի կենտրոնում գտնվող Էրիվանյան հրապարակում) հափշտակման գործողությունն անմիջականորեն ղեկավարել է Ստալինի մանկության ընկերը՝ 25-ամյա Սիմոն Տեր-Պետրոսյանը (Կամո): Կամոն դաժան բանդիտ է եղել, որը հաճախ Ստալինին առաջարկել է մորթել ցանկացածին, որը նրան դուր չի գալիս: Մի անգամ նա ձեռքը խոթել է իր սպանած մարդկանցից մեկի ճեղքված կրծքի մեջ և պոկել հանել է նրա սիրտը: Այսպիսի գազանային հակում ունեցող այս երիտասարդը, սակայն, եղել է նաև շատ դյուրահավատ պարզամիտի մեկը, որը միշտ իր առավել խելացի ընկեր Իոզիֆ Ջուղաշվիլու ուժեղ ազդեցության տակ է գտնվել:

«Ունեզրկման» օրը թալանչիները հավաքվել են «Տիլիպուչուրի» անունը կրող դուքանում, որը վաղուց բանդիտական հավաքատեղիի համբավ է ունեցել: Նախօրոք թալանի բոլոր մասնակիցների դերաբաշխում է կատարվել: Հեծելազորայաին կապիտանի համազգեստ հագած Կամոն սիգարշավել է Էրիվանյան հրապարակում: Զգեստավորումը լրացնող թուրը նա վերցրել է Ստալինի այդ ժամանակվա կնոջ՝ Կատո Սվանիձեի տնից, որը նորածին որդու՝ Յակովի հետ ապրելիս է եղել Թիֆլիսում:

Գիմնազիական իր ընկերներից մեկից, որն աշխատել է բանկային համակարգի փոստային ծառայությունում, Ստալինը նախապես իմացել է, որ Թիֆլիսի բանկ է բերվելու հսկայական գումար: Հենց այդ գումարը բերելուն են սպասել բանդիտները 1907 թվականի հունիսի 26-ին: Մոտավորապես 10-ն անց 30-ին երկու ծածկակառք մտել են Էրիվանյան հրապարակ: Առաջին ծածկակառքում նստած են եղել պետբանկի գանձապահ Կուդրյումովն ու հաշվետար Գոլովնյան ու նաև երկու հրացանակիր զինվոր: Երկրորդ ծածկակառքում եղել են միայն ոստիկաններ ու զինվորներ: Երբ ծածկակառքերը կտրել անցել են հրապարակն ու թեքվել են Սոլոլակի փողոց՝ Պետբանկի շենք, Կամոյի ու Ստալինի մարդիկ ծածկակառքերի վրա տասից ավելի ռումբ են նետել: Մի քանի ականատեսներ պնդել են, թե ռումբերից մեկը նետել է անձամբ Ստալինը իշխան Սմբատովի առանձնատան տանիքից, բայց Մոնտեֆիորեն դա քիչ հավանական է համարում: Ոստիկանությանը մոտ աղբյուրները հաղորդում են, թե Ստալինը ծխախոտը բերանին նայել է այս կոտորածին հարևան առանձնատան բակից:

Սարսափելի ուժի պայթյուններ են որոտացել, որոնց ձայնը լսելի է եղել ամբողջ քաղաքում: Սարսափահար մարդիկ դես ու դեն են փախել: Ծածկակառքերի տեղում արյան լճակներ են գոյացել, ծխացել են մարդկանց ու կենդանիների ներքին օրգանները: Բայց վճռական պահին քիչ է մնացել կողոպուտի փորձը ձախողվի: Երբ ավազակները վազելով մոտեցել են առաջին ծածկակառքին, որի մեջ եղել են փողերը, կառքին լծված ձին հանկարծ ոտքի է կանգնել ու փողոցով վազել է՝ իր հետ տանելով փողերը: Բայց նրա ճանապարհին կանգնել և ռումբ է նետել «հեղափոխական» Բաչուա Կուպրուաշվիլին: Ձին սպանվել է: Պայթյունի ալիքը Բաչուային գետին է տապալել: Շուռ եկած ծածկակառքին է մոտեցել կողոպտողներից ևս մեկը՝ Դատիկո Չիբրիաշվիլին: Նա բարձրացրել է փողերով լի պարկերը, բայց միայնակ քարշ տալը դժվար է եղել: Նրան օգնության է հասել կապիտանի համազգեստ հագած Կամոն, որն արդեն հասցրել էր սեփական կառքը նստել: Փողերով լի պարկերը նետվել են կառքի մեջ, իսկ Կամոն հեծել է իր ձին ու սուրացել է: Նրա ճանապարհին ծածկակառք է հայտնվել, որի մեջ նստած է եղել դեպքի վայր ժամանող Ա. Բալաբանսկին՝ ոստիկանության պետի տեղակալը: Կամոն նրա ուղղությամբ գոռացել է. «Փողե՛րն ապահով տեղում են: Արա՛գ հրապարակ գնացեք»: Խաբված Բալաբանսկին հավատացել է «կապիտանին» ու նրան բաց է թողել: Կարճ ժամանակ անց հասկանալով, որ սխալ է թույլ տվել, Բալաբանսկին հաջորդ օրն ինքնասպանություն է գործել:

Հրապարակի գետնին պառկած 50 վիրավոր է եղել: Ռումբի պայթյունից մոտ 40 մարդ է մահացել (թեպետ ոստիկանությունը նվազեցրել է զոհվածների թիվը, որպեսզի ավելորդ խուճապ չհարուցի): Մեկ ժամ անց անցորդները սարսափազդու տեսարանի ականատեսն են եղել. քաղաքի կենտրոնով անցել է դիակներով և մարմնի տարբեր մասերով, փորոտիքներով բեռնված սայլը:

Ոստիկանությունը չի կարողացել որսալ կողոպուտի մասնակիցներից թեկուզ մեկին: Ըստ որոշ տեղեկությունների՝ «ունեզրկումից» շատ կարճ ժամանակ անց Ստալինին տեսել են Թիֆլիսի երկաթուղային կայարանում. եթե տեղեկացնողները նրան վատ լուր բերեին, նա պիտի անմիջապես գնացք նստեր: Բայց ավազակախմբի համար ամեն ինչ բարեհաջող է անցել, և հաջորդող երկու օրը Ստալինն անհոգ կերել ու խմել է Թբիլիսիի պանդոկներում: Բայց հետո, հավանաբար, տագնապեցնող լուր առնելով, նա իր կնոջ՝ Կատոյի հետ հապշտապ Բաքու է մեկնել:

Բանդիտները փողերը սկզբում թաքցրել են իրենց հանցակից Միխո Բոչորաձեի տանը, հետո այն տեղափոխել են Թիֆլիսի ֆիզիկական դիտարան, որտեղ այդ ժամանակ աշխատելիս է եղել Ստալինը: Ավելի ուշ փողերը հասցվել են արտասահման՝ Լենինին: Հաջողությամբ և «անկորուստ» կատարված այս ավազակային հարձակումը Լենինին էլ ավելի են համոզել, որ Ստալինը բոլշևիկների կուսակցության համար շատ անհրաժեշտ մարդ է:

Ստալինի ու Կամոյի հափշտակած գումարի չափը գնահատվել է 250-ից (առավել հավանական է) 340 հազար ռուբլի: Սայմոն Մոնտեֆիորեն համարում է, թե արդի ժամանակաշրջանի դոլարի վերածելու համար պետք է այն բազմապատկել 10-ով: Բայց այդ ժամանակաշրջանի 340 հազար ռուբլու գնողունակությունը էականորեն բարձր է եղել, քան ներկայիս 3, 4 միլիոն դոլարի գնողունակությունը: «Թիֆլիսյան փողեր» -ը Եվրոպայում փոխանակելու փորձերի ժամանակ բանդիտներից մի քանիսին ձերբակալել են: Լենինը փորձել է ապահովել նրանց պաշտպանությունը դատարանում:

Թիֆլիսյան «ունեզրկման» մասին լուրը զետեղել են աշխարհի խոշորագույն թերթերը, այդ թվում լոնդոնյան «Թայմս» -ը, «Դեյլի Միրոր» -ը և փարիզյան գլխավոր թերթերը: Այս կողոպուտը ժամանակին համաշխարհային թիվ 1 նորությունն է դարձել:

Մարդասպան ու ավազակ Կամոն՝ Ստալինի մոտ ընկերը, թիֆլիսյան «սեփականազրկման» «հերոսը». զոհվել է 1922-ին, տարօրինակ հանգամանքներում:
Մարդասպան ու ավազակ Կամոն՝ Ստալինի մոտ ընկերը, թիֆլիսյան «սեփականազրկման» «հերոսը». զոհվել է 1922-ին, տարօրինակ հանգամանքներում:
Երիտասարդ Իոսիֆ Ստալինը.1908 թվականի լուսանկար:
Երիտասարդ Իոսիֆ Ստալինը.1908 թվականի լուսանկար:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2256 | 0 | 0
Facebook