Loading...

Articles

Մանիի մարմինը կտոր-կտոր են արել, իսկ գլուխը ցցել են քաղաքի դարպասներին

15:55, Sunday, 04 December, 2022
Մանիի մարմինը կտոր-կտոր են արել, իսկ գլուխը ցցել են քաղաքի դարպասներին

Եվ այսպես, Մանիի կյանքի տարիներին նրա կրոնը կարողացել է նույնիսկ Եգիպտոս թափանցել: Բայց առավել նշանակալի են եղել նրա կրոնի հաջողություններն արևելքում: «Իսկ հետո, - ասվում է նախորդիվ հիշատակված տեքստում, - երբ Լույսի Պատգամաբերը եղավ Հալվան երկրամասի գլխավոր քաղաքում, կանչեց Մար Ամմոյին՝ այն ուսուցչին, որը գիտեր պարսկերեն լեզուն և գիրը, ինչպես նաև նրան վստահում էր...Նա նրան իշխան Արտավանի և գրագիր եղբայրների ու մի նկարչի հետ ուղարկեց Աբարշահր: Նա նրանց ասաց. «Թող օրհնյալ լինի այս կրոնը, թող այն պահանջված լինի ուսուցիչների, ունկնդիրների և հոգևորականների կողմից»:

Այդ ժամանակից սկսած Խորասան երկրամասը դառնում է մանիքեական եկեղեցու հիմնական կենտրոնը և, համապատասխանաբար, կարևոր հենակետ արևելքում միսոներական գործողություն ծավալելու համար:

Միջագետքյան քրիստոնեական գրականությունը Մանիին ներկայացրել է որպես մի զազրելի անձնավորություն, որը դեղնականաչավուն գույնի լայն փողքերով տաբատ է հագնում, ուսերին երկնագույն վերարկու է, իսկ ձեռքին՝ սև փայտից երկար գավազան: Այս տարազը շատ նման է Միհրի քրմերի տարազին, ահա թե ինչու ժամանակի աղբյուրները նրան Միհրի քուրմ են համարել: Մասնագետները համոզված են, որ Մանին սերտ կապի մեջ է եղել Միհրին պաշտողների հետ, որն ապացուցվում է այն իրողությամբ, որ Մանիին հզոր աջակցություն են ցույց տվել հյուսիս-արևմտյան Իրանում և նրան սահմանակից Հայաստանի մարզերում: Օրինակ, հիշատակվել է սահմանապահ ամրոց Արաբիոնը = Երևան, որտեղ չափազանց մեծ տարածում է ունեցել Միհրի պաշտամունքը: Մանիի կյանքի այս ժամանակահատվածը մասնագետները «միհրական» են անվանում, որովհետև նա այդ ժամանակ նվիրված է եղել միհրականությանը և ցանկացել է հանդես գալ որպես Միհրի ներկայացուցիչ:

Բայց նրա նամակները բոլորովին այլ պատկեր են ներկայացնում, քանի որ այդ նամակների սկզբում նա իրեն անվանում է «Հիսուս Քրիստոսի առաքյալ Մանի»: Սա խոսում է այն մասին, որ նա մի որոշ ժամանակ իրեն համարել է Քրիստոսի ներկայացուցիչ:

Մանիի կյանքի վերջին տարիները

Մանիի կյանքի մեծ մասի վերաբերյալ քիչ բան է հայտնի: Միայն նրա կյանքի վերջին օրերին է, որ աղբյուրները համեմատաբար առատ տեղեկություններ են տվել:

273 թվականի ապրիլի կեսերին մահացել է Շապուհ Առաջինը, և գահը ժառանգել է նրա որդի Որմիզդ Առաջինը: Մանին անմիջապես այցելել է նրան: Ինչպես իր հայրը, այնպես էլ նոր արքան բարեհաճ է եղել Մանիի ու նրա կրոնի նկատմամբ: Մանիին թույլատրվել է մեկնել Բաբելոն: Բայց Որմիզդն ընդամենը մեկ տարի է կառավարել: Այն ժամանակ, երբ Մանին Բաբելոնում է եղել, թագավորը մահացել է, և նրան հաջորդել է եղբայրը՝ Բահրամ Առաջինը, որի կառավարումը երեք տարի է տևել: Մանին, հավանաբար, վտանգ զգալով, ցանկացել է մեկնել Քուշանական պետություն, որի գլխավոր քաղաքներն են եղել Քաբուլն ու Ղանդահարը: Այս երկրում նա շատ հետևորդներ ու համակիրներ է ունեցել և ակնկալել է ստանալ նրանց աջակցությունը: Բայց նրան արգելել են մեկնել Քուշանների թագավորություն: Ղպտիական վարքագրությունն ասում է. «Նա տխրամած ու զայրացած վերադարձավ: Մա Որմիզդ-Արտաշիրից հեռացավ ու գնաց Մեսենա: Այստեղից նա գնաց դեպի Տիգրիս գետը: Նա գետով դեպի վեր, դեպի Տիզբոն բարձրացավ: Բայց մեկնելու ճանապարհին նա մարգարեացավ իր խաչելությունը. «Նայեք ինձ և հագեցեք ինձնով, զավակներս: Քանի որ մարմնով հեռանում եմ ձեզնից» »:

Տիզբոնի մոտ նրան է միացել իր հետևորդ մի իշխան՝ Բաաթ անունով: 4-րդ դարի կեսերին Հայաստանում լուրջ կշիռ ունեցող Սահառունի նախարարական տոհմն այս նույն անունով նախարար է ունեցել, ուստի շատ հնարավոր է, որ հիշյալ Բաաթը՝ պարթև իշխանը, եղել է այս տոհմի նախահայրը: Դա խոսում է այն մասին, որ Մանին կապեր է ունեցել Իրանի հյուսիսարևմտյան շրջանների հետ:

Այստեղից Մանին կատարել է իր վերջին, ճակատագրական ուղևորությունը: Նա հասել է Սուզիանա, և նրա գալուստը մեծ հետաքրքրություն է հարուցել:

Այդ ընթացքում զրադաշտական մոգպետը Բահրամին զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ Մանին «Մեր օրենքի դեմ է ուսուցանում»: Իսկ պետական կրոն ճանաչված զրադաշտականության դեմ գործողությունը «աստծու դեմ հանցագործություն» է համարվել և պատժվելէ մահվամբ:

Մանին հրաման է ստացել ներկայանալ թագավորին: Տեղի է ունեցել ոչ թե ընդունելություն, այլ հարցաքննություն: Պահպանվել է այդ հարցաքննության արձանագրությունից որոշ հատվածներ:

«Մանին գալիս է Բահրամ թագավորի մոտ ընդունելության: Թագավորը կերուխումի մեջ էր և դեռ չէր հասցրել ձեռները լվանալ: Պալատականները ներս մտան և ասացին. «Մանի եկել է և դռների մոտ սապասում է»: Թագավորը մարդ ուղարկեց հաղորդելու Մանիին. «Մի քիչ սպասիր, մինչև ինքս կարողանամ գալ քեզ մոտ: Եվ մեր տերը նորից նստեց պահակախմբի մի կողմում, մինչև թագավորը լվաց ձեռները, քանի որ նա ուզում էր որսի գնալ: Եվ թագավորը վեր կացավ կերուխումի սեղանից և խոսեց մեր տիրոջ հետ: Եվ նրա առաջին խոսքն էր, թե «Հարմար ժամի չես եկել»: Բայց տերը պատասխանեց. «Ինչո՞ւ»: Մի՞ թե ես վատ բան եմ արել»: Թագավորն ասաց. «Ես երդվել եմ չթողնել քեզ այս երկիր»: Եվ առաջին զայրույթի պահին ասաց մեր տիրոջը. «Դուք ո՞ւմ եք պետք, եթե դուք պատերազմի չեք տանում, ոչ էլ որսորդությամբ եք զբաղվում: Բայց, հնարավոր է, դուք պետք եք այդ արվեստի համար, կամ էլ այն բանի համար, որ դուք քաջատեղյակ եք դեղերից: Բայց դուք նույնիսկ դա չեք անում»: Եվ տերը նրան հետևյալը պատասխանեց. «Ես քեզ ոչ մի վատ բան չեմ արել: Ես միշտ քեզ ու քո տոհմին բարի ծառայություններ եմ մատուցել: Եվ մեծ է քո այն ծառաների թիվը, որոնց ես ազատագրել եմ դևերից և ստի ոգիներից: Շատերին էլ հիվանդության անկողնուց եմ հանել: Եվ շատ են նաև նրանք, որոնցից ես հեռացրել եմ տենդի զանազան տեսակները: Եվ նաև շատ են նրանք, որոնք մեռան և որոնց ես կենդանացրի»:

Հետո թագավորը հարցրել է, թե ինչու այդ հայտնությունները վստահվել են հենց Մանիին, և ոչ թե թագավորին: Մանին միայն պատասխանել է, թե դա Աստծու կամքն է եղել:

Հարցաքննությունն ավարտվել է նրանով, որ Մանին հիշեցրել է թագավորին, թե որքան բարյացկամ են եղել իր նմակտմամբ Շապուհ և Որմիզդ արքաները, իսկ խոսքը եզրափակել է հետևյալ նախադասությամբ. «Վարվի՛ր ինձ հետ, ինչպես կուզես»:

Այդժամ թագավորը կարգադրել է Մանիին շղթայել: Նրա ձեռներին երեք շղթա է դրվել, երեք զույգ շղթա՝ ոտներին և մեկ շղթա էլ կախել են պարանոցից: Հետո շղթաները կնքել են և նրան բանտ են տարել: 276 թվականի հունվարի 19-ից փետրվարի 14-ը Մանիին բանտում են պահել: Այդ 26 օրերի ընթացքում Մանիին, համաձայն արևելյան հին սովորույթի, թույլ են տվել տեսնվել իր աշակերտների հետ ու խոսել նրանց հետ: Նա զգացել է, որ իր վախճանը մոտ է, և իր աշակերտներին անհրաժեշտ ցուցումներ է տվել: Գանահարումներից ու ծոմապահությունից խիստ թուլացած նրա մարմինն այլևս չի կարողացել դիմանալ շղթաների ծանրությանը, և նա մի քանի օր անց մեռել է. «Ցերեկվա ժամը 11-ին նա իր մարմնից դուրս եկավ և գնաց երկնքի իր մեծության կացարանը»:

Մանիի մահվան լուրն արագ տարածվել է ամբողջ Բետլաբադ քաղաքում: Մեծ ամբոխ է հավաքվել: Թագավորը հրամայել է վառվող ջահերով ծակծկել Մանիի մարմինը, որպեսզի հաստատ համոզվի, որ նա իսկապես մահացել է: Դրանից հետո մարմինը կտոր-կտոր է արվել, իսկ կտրված գլուխը ցցել են Բետլաբադի դարպասներին: Ավելի ուշ Մանիի մասունքները նրա հավատարիմ աշակերտները թաղել են:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2289 | 0 | 0
Facebook