Loading...

Articles

Լիալուսին

15:47, Saturday, 12 November, 2022
Լիալուսին

Քաղաքը ժամանակակից է, երիտասարդ, փոքր:

Բնակիչներից շատերն իրար ճանաչում են դեմքով:
     Եկեղեցի չունի, և համեմատաբար ավելի տարեց մարդիկ եկեղեցական տոներին բարձրանում են քաղաքից քիչ հեռու գտնվող վանքը:
     Հուսավանք:
     Վանքը քաղաքից դեպի հարավ-արևմուտք է` մի մացառաշատ բլրի վրա:
     Գիշերներն այստեղ` վանքի շրջանաձև տարածքում, կարելի է հանդիպել անկանոն շարված տապանաքարերի: Լուռ տապանաքարերի, որոնց մեջ ոչ միայն դարերի պատմության տխուր էջերն են, այլև` նստած զույգերի զուսպ ծիծաղը, քչփչոցը, համբույրները, խոստովանությունները…
     Պահակը չի առարկում, քաշվում է վանքի խցերից մեկն ու քնում ժպտալով:
     Երիտասարդներն իրար մեջ վանքն անվանում են «Ռոմեոյի մոտ»:
     Թե, երբ և ով առաջին անգամ անվանեց Ռոմեոյի և Ջուլիետայի վանք, արդեն վաղուց ոչ ոք չի հիշում:
    
     * * *
     Բնակիչներն ապրում էին իրենց հասանելիք մոտավոր հինգ հարյուր վաթսուներկու հազար ժամերն անհոգ, առանց ցնցումների, երբ պատերազմի դաժան տրամաբանությամբ` բոթը երկրաշարժի նման ցնցեց քաղաքը:
     … Երեք դպրոցներից մեկի 41 ամյա քիմիայի ուսուցիչը ֆակուլտատիվ պարապունքի պատրվակով դասերից հետո պահել էր մի ավարտական դասարանի աշակերտուհու ու բռնաբարել:
     Աղջկա հայրը փորձ էր արել սպանել ուսուցչին, բայց չէր ստացվել: Աղջիկն էլ ինքնասպանության փորձ էր արել` չէր ստացվել ու փախել էր տանից:
     Շատ էին փնտրել աղջկան, հետո գտել էին վանքի տարածքում` պահակի հետ նստած մի տապանաքարի` հանգիստ` խաղող ու հաց ուտելիս:
     Թե, ինչ էին խոսել` ոչ ոք չիմացավ: Բայց մտերիմները գիտեին, որ աղջիկը սիրում է իրենից երկու տարի շուտ նույն դպրոցն ավարտած, իր քրոջ համադասարանցի մի տղայի, որը ծառայում է բանակում` խաղաղապահ զորքերում ու գտնվում է հարյուրավոր կիլոմետրեր հեռու, անտեղյակ քաղաքի անցուդարձից:
    
     * * *
     Երկու` իրարից քիչ հեռու տապանաքարերի արանքում մի հողաթումբ է:
     Վաղուց արդեն գիշերային զույգերին չի զարմացնում այդ տապանաքարերից մեկի վրա նստած միայնակ աղջիկը:
     Նրա տեղը ոչ ոք չի զբաղեցնում:
     Նստում է հողաթմբին ավելի մոտ գտնվող տապանաքարին, արմունկներով հենվում ծնկներին, ափերով այտերը գրկում ու նայում մի կետի:
     Հեռանում է մինչ կեսգիշեր:
    
     * * *
     Քաղաքի տներից մեկում եռուզեռ էր:
     - Մեռնե´մ բոյիդ, ցա´վդ տանեմ, զինվոր ջանի´դ ղուրբան…
     - Տա´տ, լա´վ էլի, թո´ղ մնացածներին էլ բարևեմ:
     Տատի լվացքից սմքած ձեռքերը ջերմ են, գրկել ջերմացնում են ու չեն ցանկանում բաց թողնել:
     Հետո զինվորը հերթով անցավ ներկաների գրկով:
     Երբ արդեն սեղան էին նստել, տղան թեքվեց հոր կողմն ու հարցրեց.
     - Պապին որտե՞ղ եք թաղել:
     - Շատ էր ցանկանում քեզ զինվորի շորով տեսներ, նկարվեր հետդ, չդիմացավ:
     Թաղել ենք իր աշխատավայրում` վանքի բակում, ինչպես ինքն էր խնդրել: Մեծ խնդիրներ ունեցանք Մարզպետարանի հետ, բայց, դե, հորեղբայրդ լուծեց այդ հարցը:
     Առավոտյան կգտնես: Վրան դեռ քար չկա, իսկ հիմա քեֆ ենք անում:
     Հայրը մի ումպով կուլ տվեց դառնահամ հեղուկը:
    
     * * *
     Քաղաքից դեպի հարավ-արևմուտք ճանապարհով մի ստվեր էր բարձրանում դանդաղ` կարծես վայելելով գիշերվա լռությունն ու մութը:
     Լռությունն ու մութը միասին` բարի են, իսկ բարիներն անպաշտպան են:
     Բարիներին միշտ հետևում են բազմաթիվ չար աչքեր` իրենց բաժինը ժամանակին խլելու վայրի պատրաստակամությամբ:
     Ստվերը լավ գիտեր, թե այդ ժամին վանքատարածքում ինչ է կատարվում ու գլուխը կախ` սկսեց շրջել:
     Զույգերը կիսամութի մեջ հետաքրքրությամբ նայում էին անծանոթ զինվորին:
     Գտավ:
     «Եկա, պա´պ, զինվորի շորով եմ»:
     Ծնկեց, երեսը հպեց հողաթմբին…ձեռքերով շոշափեց հողաթումբը:
     Զգաց որ հողաթմբին այրված, վերջացած մոմերի հետքեր են` փափուկ ու խոսուն:
     Սկսեց զրուցել պապի հետ` աչքերը թաց, կիսափակ, կարծես մի նոր աղոթք կար մտքում` անվերջանալի ու տարանջատված աշխարհից:
     Աղջիկը, որ միայնակ էր տարածքում, մոտեցավ ու ծնկեց տղայի մոտ:
     Նման պահին աղոթողները ոչ մեկին չեն տեսնում, ոչինչ չեն զգում, թերևս միայն աստղերի սառը թրթռոցը:
     - Քեզ երկար եմ սպասել, շատ երկար, իսկ պապիկդ ասաց. «Սպասի´ր, հաստատ գալու է»:
     Աղջկա նուրբ, քնքուշ ձեռքն իջավ տղայի ուսին:
     Տղան հիշեց տատիկի ջերմ ձեռքերը ու թվաց, թե այդ ջերմությունն է դեռ պահպանվել:
     Հետո նստեցին տապանաքարին:
     Աղջիկը երկու ձեռքով ամուր գրկել էր տղայի արմունկն ու մտածում էր, թե տղան գիտի՞, որ արյունով է ներկված երկար սպասված նավակի սպիտակ առագաստը, գիտե արդյո՞ք, որ սպիտակ նժույգի վրա իր մոտ սլացող ասպետը ճանապարհին կանգնել է, հիշել որ տանն է մոռացել …երևի ծխախոտը ու հետ է գնացել:
    
     Լռության մեջ մի բու բղավեց:
     Իր երգն սկսեց լուսատիտիկը:
    
     Մոտակա տապանաքարի վրա նստած զույգից մի ստվեր առանձնացավ ու մոտեցավ:
     - Ծխելիք ունե՞ս, զինվո´ր:
     Տղան ազատեց արմունկն աղջկա ձեռքերից ու ձեռքը տարավ գրպանը: Ինքն էլ էր ուզում ծխել:
     - Ի~նչ ռոմանտիկ տեսարան է` Զինվորն ու Կծած խնձորը..
     Տղան ոտքի կանգնեց, սեղմեց բռունցքները, նայեց գլուխը կախած աղջկան:
     Աղջկա հեծկլտոցն աղմուկով արձագանքվեց վանքի պատերից:
     Ուշադիր նայեց լպիրշ դեմքին:
     Իր տանից երկու տուն հեռու ապրող հարևանի մեծացած տղան էր` Էդոն:
     - Չունեմ, ռա´դ եղիր, քեզ էլ դեռ շուտ է ծխելը: Վաղը կգամ ձեր տուն, կծխենք իրար հետ:
     Իրեն էլ ճանաչեցին:
     Լսեց Էդոյի հեռացող քայլերը, լսեց մի աղջկա ձայն. «Չտվե՞ց, քծի՞բ էր»:

Հետո լսվեց Էդոյի ձայնը. «Ախր, ուզում էի, որ լավ լիներ: Ինքը չգիտի…»:

Հետո կարծես երազում` աղջիկը շշնջոցով պատմում, պատմում էր, ու վերջը չէր երևում:
    
     Գրկեց դեռ լաց լինող աղջկան, գլուխը դրեց աղջկա կրծքին, զգաց մի այլ ջերմություն` այնքան նման իր տատի ձեռքերի, իր կողքը հանգչող պապի խոսքերի ջերմությանը:
    
     Լաց եղավ: Չհասկացավ, թե ինչու` աղջկա ոտնահարված հպարտությա՞ն, թե՞ պապին անվերադարձ կորցնեու համար:
     Աղջիկը հեծկլտալով շոյում էր տղայի գլուխը:
    
     Վանքատարածքում մի բու բղավեց:
     Շրջապատը, չնայած մութ էր, բայց այնքան բացատրելի էր ու այնքան պարզ:
     Լիալուսինն իջավ ու թառեց աղջկա դողացող ծնկներին:
     Ծնկները դարձան աղոթագրքեր:
     Միաժամանակ նայեցին շուրջը:
     "Ռոմեոյի մոտ" երկուսով էին ու մի երգող լուսատիտիկ:
     Լիալուսին էր:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1209 | 0 | 0
Facebook