Loading...

Articles

Վաղանցուկ վեհապետեր (3)

18:25, Friday, 04 November, 2022
Վաղանցուկ վեհապետեր (3)

Նապոլեոն 2-րդ (1811 - 1832) – 1814 թվականի ապրիլի 4-ից ապրիլի 6-ը և 1815 թվականի հունիսի 22-ից հուլիսի 7-ը Ֆրանսիայի երևակայական (ֆիկտիվ) կայսր: Մահացել է թոքախտից և թաղվել է Վիեննայում: Ադոլֆ Հիտլերը նրա մասունքները տեղափոխել է Փարիզի Հաշմանդամների տան դամբարան, որտեղ թաղված է նրա աշխարհահռչակ հայրը:

Օրելի-Անտուան Առաջին – Արոքանիայի և Պատագոնիայի թագավոր: Ծնվել է 1825 թվականին, Ֆրանսիայի Դորդոն երկրամասում: 1860 թվականին հեռացել է հայրենի երկրամասից և մեկնել է Հարավային Ամերիկա, որպեսզի նվաճի ներկայիս Չիլիի մաս կազմող Պատագոնիան ու ու Արոքանիան և իր նվաճած հողերում միապետություն հռչակի: Տեղաբնիկ մարուշ ցեղախումբը նույն թվականին նրան ընտրել է Արոքանիայի ու Պատագոնիայի առաջին թագավոր: 1862 թվականին չիլիացի զինվորները նրան առևանգել են ու Ֆրանսիա են վտարել: Օրելի-Անտուանը, սակայն, շարունակել է պայքարն իր գահի համար, և երեք արշավախումբ է կազմակերպել, որպեսզի վերանվաճի իր պետությունը և կազմակերպի մարուշ ցեղի պայքարը Չիլիի հանրապետության դեմ: Օրելի-Անտուան թագավորը մահացել է 1878 թվականին, Ֆրանսիայի՝ իր հայրենի Դորդոն երկրամասի Տուրթուարաք գյուղում: Մաքսիմիլիան Առաջին (1832 - 1867) – Մեքսիկայի կայսր 1864-ից մինչև 1867 թվականը: Նա եղել է Ավստրիայի Հաբսբուրգների կայսերական ընտանիքի անդամ: Ֆրանսիայի կայսր Նապոլեոն 3-րդի և մեքսիկացի խոշոր հողատերերի օգնությամբ և Հռոմի Պիոս 9-րդ պապի հավանությամբ՝ նա 1864 թվականին ինքն իրեն Մեքսիկայի կայսր է հռչակել: Բազմաթիվ մեքսիկացիներ ու օտարերկրյա կառավարություններ հրաժարվել են ճանաչել նրան որպես Մեքսիկայի կայսր: Մեքսիկացի հանրապետականները, Սուարեսի առաջնորդությամբ, նրան կալանավորել են և 1867 թվականին գնդակահարել:

Մարի Առաջին (1842 - 1890) – Սեդանգի թագավոր: Շատերը կարող են կարծել, թե այս թագավորը կին է, բայց դա այդպես չէ: Նրա իսկական անունն է Շարլ-Մարի Դավիդ դը Մերենա: Նա 1888 թվականին ներկայիս Վիետնամի մի հատվածում սեփական թագավորությունն է հիմնել: Ֆրանսիայի կառավարությունը, անհանգստացած այս «թագավորությունում» տիրող անօրինականություններից, 1889 թվականին արշավախումբ է ուղարել ինքնահռչակ թագավորի դեմ: Մարի Առաջինը ստիպված է եղել փախչել Սինգապուր, որտեղ էլ մեկ տարի անց մահացել է: Նրա «գահակալության» կարճ ընթացքում նամականիշեր են թողարկվել, որոնք այսօր ֆիլատելիստները շատ կուզենային ձեռք բերել: Մարի Առաջինը նույնիսկ սեփական դրամն է հատել:

Հենրի 5-րդ (1844 - 1883) – Ֆրանսիայի Կարլ 10-րդ թագավորի այս թոռը երևույթականորեն հինգ օր է գահակալել (1830 թվականին) ՝ իր հորեղբոր հրաժարումի և Լուի Ֆիլիպին թագավոր նշանակելու միջև ընկած ժամանակահատվածում:

Պոլ Դեշանել (1855 - 1922) – 1920 թվականին յոթ ամիս եղել Ֆրանսիայի նախագահը: Տառապել է լուսնոտությամբ. Կեսգիշերին ընկել է նախագահական գնացքի տակ, բայց այս դժբախտ պատահարը ոչ մի կապ չի ունեցել իր հրաժարականի հետ:

Էդուարդ 8-րդ (1894 - 1972) – Մեծ Բրիտանիայի թագավոր 1936 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր: Հակառակ իր կամքի՝ գահից հրաժարվել է ամուսնուց բաժանված ամերիկուհու հետ ամուսնանալու համար, բայց հրաժարականի էական պատճառը եղել է քաղաքական (նա բացահայտորեն համակրել է Հիտլերին ու նացիստներին):

(շարունակելի)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
762 | 0 | 0
Facebook