Loading...

Articles

«Նա իր տիրույթներում կարգավորել է ստրուկների վաճառքը՝ սահմանելով, որ քրիստոնեություն դավանող ստրուկները չպիտի վաճառվեն անհավատներին»

23:19, Wednesday, 05 October, 2022
«Նա իր տիրույթներում կարգավորել է ստրուկների վաճառքը՝ սահմանելով, որ քրիստոնեություն դավանող ստրուկները չպիտի վաճառվեն անհավատներին»

Ասիան հրաշալի իմացող, Եփրատից ու Տիգրիսից, Պարսկաստանից ու Հնդկաստանից եկող ու իրենց երկրում ավարտվող բոլոր ճանապարներին քաջածանոթ հայերն իմացել են, թե արևելյան ապրանքները որքան են արժեցել Արևմուտքում: Ահա թե ինչու նրանք պայմանավորվել են Իկոնիայի սուլթանների, Հալեպի ամիրայի ու Բաղդադի խալիֆի հետ, որպեսզի տրանսպորտն անցնի իրենց նավահանգիստներով: Այն ժամանակից ի վեր, երբ գրեթե ամբողջ Արևմտյան Ասիան մուսուլմանների իշխանության տակ էր հայտնվել, քարավանները բարեհաջող երթևեկել են Ինդոսի ափերից մինչև Եփրատի ափեր: Ինչ-որ ժամանակ առևտուրն ընթացել է դեպի Բյուզանդիայի ասիական ծայրագավառներ: Հայերն առևտուրն իրենց կողմ են շրջել շնորհիվ այն հմտության ու ճարպկության, որ իրենք կարգավորել են Արևմուտքի ծովագնացների հետ: Լևոն 2-րդի ժամանակ արևմտյան առևտրականները սկսել են հաճախակի լինել Տարսոնում, Ադանայում, իսկ Այաս փոքր նավահանգիստը լցված է եղել եվրոպական նավերով:

Վենետիկը և Ջենովան՝ Միջերկրական ծովի երկու խոշոր հանրապետությունները, ամենից շատ են ձգտել առևտուր անել Նոր Հայաստանի (Կիլիկիայի) հետ: Նրանց առևտուրն այլևս նշանակալի էր դարձել Բյուզանդիայի և Սիրիայի ֆրանկական ափամերձ շրջանների հետ, բայց, մի կողմից, Փոքր Ասիայի կենտրոնական մասում թուրքալեզու ցեղերի տարածումն ու բնակեցումը, մյուս կողմից, խաչակիրների տարածումն ու հաստավելը Պաղեստինում ու Լիբանանում, փոխել են քարավանների երթուղիները: Ջենովացիներն ու վենետիկցիները Բոսֆորում և Սիրիայում արդեն այնպիսի փայլուն առևտրային գոծունեություն չեն ծավալել, ինչպես նախկինում: Խաչակիրներն առևտրային գործերում դուրս են մղվել, իսկ հույներն այլևս մենաշնորհ վերահսկողություն չեն ունեցել Արևելքից եկող քարավանների վրա: Սակայն հենց Կիլիկիայում արևմտյան առևտրականները բախվել են խոչընդոտների արևելքում առկա սովորույթների պատճառով: Պետությունն իրեն է վերապահել խորտակված նավերի փրկագնման գերակա իրավունքը, ինչպես նաև այն փրկագնումը, որին համապատասխան հարկային ծառայությունը բռնագրավել է Կիլիկիայում զոհված արտասահմանցիների ժառանգությունը: Նա ընդունել է Հայաստանի իրավազորությունը միայն եվրոպացիների միջև վեճերում: Բացի այդ, մաքսային բազմաթիվ արգելքներ բարդացրել են գործարքները: Վենետիկցիներն ու ջենովացիները, որոնց այդ սովորույթները ժամանակին մեծապես խանգարել են իրենց առևտրային գործերում, աստիճանաբար առավելություններ են ստացել, որոնցից զրկված են եղել կատալոնացի, Ֆրանսիայի Մենպելիե քաղաքի, պրովանսցի, պիզացի, սիցիլիացի առևտրականները:

Ապրանքները հարկվել են՝ համապատասխան այն հատուկ պայմանագրերի, որ կնքվել են ապրանքի ծագման երկրների և հայկական թագավորության միջև, .ջենովացիներին ու վենետիկցիներին թույլատրվել է գրեթե բոլոր ապրանքներն առանց տուրքի ներկրել, իսկ ներքին քարավանները նույնպես մուտքի հարկ են վճարել:

Իրենց ապրանքների դիմաց եվրոպացի առևտրականներն Այասի, Տարսոնի և Ադանայի առևտրային կենտրոններում ձեռք են բերել Արևելքի այնպիսի ապրանքներ, որպիսիք են պղպեղը, տարատեսակ համեմունքները, բուրումնավետ նյութերը, օճառը, ակնեղենը, մետաքսն ու նուրբ գործվածքները, գորգերը Հնդկաստանից ու Իրանից, այն ամեն թանկարժեք առարկաները, որոնց վաճառքից հայերը հսկայական եկամուտներ էին ստանում, իսկ պետական գանձարանը լցվում էր մաքսատուրքից գոյացած գումարներով:

Տասներկու դար անց Կիլիկիան վերականգնում է տրանզիտային փոխադրումները, որին իր հսկայական հարստության համար պարտական էր երբեմնի Սիբարիսը: Հայերը Լևոն թագավորին «Մեծ» են հռչակում՝ այս կերպ գնահատելով այս իշխանի լավ հատկանիշները, բարձր գնահատելով նրա աշխատանքը, որ նա կատարել էր: Այնուամենայնիվ, պատմությունը չի կարող կիսել հիացումն այն անձանց, որոնց նա հարստացրել է և հաշվի չառնել այն դատապարտության խոսքերը, որ առկա են հայկական տարեգրություններում: Ինչպես իր ժամանակակիցների մեծ մասը, նա էլ է անբարեխիղճ եղել այն միջոցների նկատմամբ, որոնք նա գործադրել է իր նպատակներին հասնելու համար, իր տիրույթներն ընդարձակելու համար, իր պետությունը ծաղկեցնելու համար: Նա համարձակորեն ելել է բոլոր խոչընդոտների դեմ, ելել է նույնիսկ եկեղեցու դեմ այն բանից հետո, երբ չի ստացել նրա աջակցությունը: Առանց որևէ պատճառի նա բաժանվել է իր առաջին կնոջից՝ Իզաբոյից, կուրացրել է իր հորեղբոր տղա Ժորժին՝ Մլեհի հարազատ որդուն: Նա խորամանկությամբ զավթել է Լանպրոն ամրոցը և Տարսոնում գերեվարել է Հեթումին՝ պատճառ բռնելով Հեթումի ավագ որդի Օշինի ամուսնությունը Ռուպենի դստեր հետ:

Բայց նա իր թագավորության բարգավաճմանը նպաստող բազմաթիվ նորամուծություններ է նաև կատարել: Կիլիկիան նրան է պարտական շատ բարեգործական հիմնադրամների ստեղծման համար: Նա իր տիրույթներում կարգավորել է ստրուկների վաճառքը՝ սահմանելով, որ քրիստոնեություն դավանող ստրուկները չպիտի վաճառվեն անհավատներին, և բորոտանոցներ է հիմնել: Նա մեծ գործեր է կատարել, քանի որ ցանկացել է, որ իր ժողովուրդը բարգավաճի: Բայց նա չի կարողացել, ինչպես Լյուդովիկոս 11-րդը, հաղթանակ տանել, որովհետև ժամանակը չի բավարարել:

Մահվանից առաջ Լևոնը գահաժառանգ էր նշանակել իր դուստր Իզաբելին (Զաբելին), որին ծնել էր նրա երկրորդ կինը՝ Սիբիլը՝ Կիպրոսի Ամորի Լուզինյան թագավորի և Իզաբո Պլանտագենետի դուստրը:

Նկարում՝ Լևոն Երկրորդի ոսկե բուլլան:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
| | |
416 | 0 | 0
Facebook