Loading...
Օդնոկլասնիկի

Articles

«Քանի որ ցածր շեմին խոնարհվում են նույնիսկ մեծ պարոնները, ապա քաղաքին, որը դուք կկառուցեք, «Պրահա» անունը կտաք»

21:32, Saturday, 27 August, 2022
«Քանի որ ցածր շեմին խոնարհվում են նույնիսկ մեծ պարոնները, ապա քաղաքին, որը դուք կկառուցեք, «Պրահա» անունը կտաք»

Դրանից հետո Պրժեմիսլը իշխանական հագուստ ու կոշիկ է հագել, ձի է հեծնել, վերցրել է ծառի նրբակեղևից հյուսված գնդակախաղի իր թիակներն ու կարգադրել է դրանք ապագայի համար պահպանել:

Չեխերի առաջին թագավոր Բրատիսլավ 2-րդը (1061 – 1092 թթ.) Վիշեգրադի իշխանական ամրոցում դրանք դրել է համընդհանուր ցուցադրության:

Զնոեմսկի իշխան Լիպոլդի հանձնարարությամբ 1112 թվականին Զնոեմսկի զանգակատանը պատկերագրություն է արվել Պրժեմիսլի թեմայով: Դրանից նկատելի է, որ Պրժեմիսլի մասին պատումը գոյություն է ունեցել դեռևս Կոզմա Պրահացու գրառումից շատ առաջ:

Չեխիայի թագավորներին թագադրելիս Պրժեմիսլի թիակն ու պայուսակը հոգևորականներն այլ խորհրդանշանների հետ երկար ման են տվել, որպեսզի ժողովուրդը տեսնի: Դրանք ցուցադրվել են դեռ չեխերի Կարլ 1-ին թագավորի ժամանակ:

Նորից վերադառնանք դեսպաններին: Երբ նրանք Պրժեմիսլի հետ տուն են վերադարձել, նրանցից մեկը համարձակվել է հարցնել.

«Պարո՛ն, ասա՛ մեզ՝ ինչո՞ւ հրամայեցիր պահպանել ծառի կեղևի նրբաթելերից հյուսված գնդակախաղի թիակը, երբ դրանք այնքան անպիտան են, որ կարելի է դեն նետել»:

Պրժեմիսլը պատասխանել է.

«Ես հրամայել եմ և հրամայում եմ դրանք հավերժ պահպանել, որպեսզի մեր սերունդներն իմանան, թե որտեղից է սկիզբ առել իրենց ցեղը, որպեսզի նրանք միշտ վախի ու զգուշավորության մեջ ապրեն և որպեսզի Աստծո կողմից ծառայության ուղարկված մարդկանց նրանք չշահագործեն, որպեսզի մեծամտության պատճառով նրանց հետ անարդար չվարվեն, քանի որ մենք բոլորս բնությամբ հավասար ենք արարված»:

Քաղաքի մոտ նրանց դիմավորում է Լիբուշեն ծառաների հետ և Պրժեմիսլին տանում է տուն, և նա դառնում է նրա ամուսինը: Լիբուշեի օգնությամբ Պրժեմիսլը այդ երկրի համար սահմանում է օրենքներ և հնազանդեցնում է այդ այդ անսանձ ժողովրդին:

Վերջում Լիբուշեն Պրժեմիսլի ու ավագանու ներկայությամբ հետևյալ կանխագուշակությունն է արել.

«Տեսնում եմ մինչև երկինք հասած մեծ ու փառահեղ մի քաղաք: Այն անտառի թավուտում է՝ այս գյուղից 300 ստադիա հեռավորության վրա: Լայնահուն Վլտավա գետը նրան սահման է ծառայում: Հյուսիսային կողմից այդ քաղաքն ամուր պաշտպանված է Բրուսնիցա գետի բարձր ափով, հարավային կողմից նրա վրա լայն ու քարոտ լեռ է հակված, որն այդ քարոտության պատճառով Պետրժին է անվանված: Այդ տեղում այն ծովախոզուկի նման ծռված է նշված գետի կողմը: Երբ դուք մոտենաք այդ տեղին, այդտեղ կգտնեք մի մարդու, որը անտառում տան մուտքն է կառուցում: Եվ քանի որ ցածր շեմին խոնարհվում են նույնիսկ մեծ պարոնները, ապա քաղաքին, որը դուք կկառուցեք, Պրահա անունը կտաք:

Այդ քաղաքում ապագայում ինչ որ մի ժամանակ խաղողի երկու ոսկե որթ կաճի: Դրանց կատարները կհասնեն մինչև յոթերորդ երկինք, և դրանք ամբողջ աշխարհում իրենց հրաշքներով կշողշողան: : Չեխական հողի բոլոր մարզերը և մյուս ժողովուրդները կփառաբանեն դրանք և դրանց ընծաներ ու զոհեր կմատուցեն: Այդ որթերից մեկը կանվանվի Մեծ փառք, մյուսը՝ Զորքի մխիթարություն»:

Այստեղ Լիբուշեին պայծառատեսական շնորհը լքել է, և մարդիկ անմիջապես հին անտառ են գնացել, գտել են Լիբուշեի ասած նշանները և այնտեղ կառուցել են Պրահա քաղաքը:

Մի քանի խոսք պետք է ասել Լիբուշեի այս վերջին մարգարեության առթիվ: Խաղողի երկու ոսկե որթերի մասին խոսելով՝ նա նկատի է ունեցել սբ. Վացլավին և սբ. Ադալբերտին (Վոյտեխին):

Իսկ Պրահայի անվան ծագման վերաբերյալ մի քանի կարծիք կա: Ըստ այդ կարծիքներից մեկի՝ «Պրահա» -ն ծագել է «praziti» բառից, որ նշանակում է բնակավայրի համար անտառը հատել: Մյուս կարծիքը բխում է նրանից, որ չեխերեն «prah» եզրույթը նշանակում է շեմ՝ այդ թվում շեմ գետի վրա, և Պրահա քաղաքի անունը բացատրվում է ջրվեժի մոտ քաղաքի զբաղեցրած դիրքով, որ առկա է Եղնիկի փոսի մոտ: Չէ՞ որ Պրահա անունն է կրում նաև Վարշավայի արվարձանը, որը ծագել է Վիսլա գետի այդ մասում գոյություն ունեցող շեմից: Նույն անունն է կրում նաև Կամենեց քաղաքի մերձակայքում գտնվող Խոտին վայրի տեղանքը: Մի գիտնական էլ ասում է, թե «պրահա» -ն հին սլավոնական եզրույթ է, որը 10-րդ դարում գործածվել է Դնեպր գետի սահանքները հատկանշելու համար:

Պրժեմիսլի մահից հետո չեխերին կառավարել են Նեզամիսլը, Մնատան, Վոեն, Վնիսլավը, Կրժեսոմիսլը, Նեկլան և Գոստիվիտը: Նրանց կյանքի ու կառավարման մասին Կոզմա ժամանակագիրը ոչինչ չի հաղորդել: Իր երկի նախաբանում Կոզման գրել է.

«Բանն այն է, որ իմ գրքի սկզբում ես չէի ցանկանում որևէ բան հորինել, բայց չգտա մի ժամանակագրություն, որից կարող էի իմանալ, թե երբ են տեղի ունեցել այն իրադարձությունները, որոնց մասին դու կկարդաս ստորև»:

Հետո նա հավելել է, թե հին ժամանակների մասին շարադրած իր պատումներն ինքը կազմել է ծերունիների պատմածների հիման վրա: Այնուհետև Կոզման հայտնում է, թե Հոստիվիտի որդի Բորժիվոյը եղել է Մորավիայի առաջին իշխանը, որին մկրտել է Մորավիայի առաջին եպիսկոպոս Մեֆոդին (մահացել է 885 թվականին):

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
| | |
1069 | 0 | 0
Facebook