Loading...

Articles

«Ավելի հեշտ է մեկին իշխան դարձնելը, քան այդ իշխանին գահընկեց անելը… Հենց որևէ մեկին իշխան դարձնեք, դուք և ձեր ամբողջ ունեցվածքը նրա իշխանության տակ կլինեն»

20:28, Thursday, 25 August, 2022
«Ավելի հեշտ է մեկին իշխան դարձնելը, քան այդ իշխանին գահընկեց անելը… Հենց որևէ մեկին իշխան դարձնեք, դուք և ձեր ամբողջ ունեցվածքը նրա իշխանության տակ կլինեն»

Առաջին չեխ ժամանակագիր Կոզմա Պրահացին (1045 – 1125 թթ.), որին հաճախ անվանում են «չեխերի Հերոդոտոս», ասում է, թե չեխական հին ցեղերն իրենց ներկայիս բնակության վայր՝ Վլտավա և Օգրժե գետերի միջակայքում գտնվող լեռնային շրջան են եկել արդի Չեխիայի հյուսիսարևելյան մասից, որն այն ժամանակներում «Սպիտակ Խորվաթիա» է անվանվել: Նրանց ցեղապետի անունը Չեխ է եղել, և այն երկիրը, որտեղ նրանք բնակություն են հաստատել, Չեխիա է անվանվել: Ահա այդտեղ նրանք կիսավայրենու նման ապրել են այնքան ժամանակ, մինչև որ նրանցում հայտնվել է Կրոկ անունով մի արժանավոր մարդ: Սա եղել է նրանց առաջին դատավորը, և նա երեք դուստր է ունեցել՝ Կազի, Տետկա և Լիբուշե անուններով:

Կազին կախարդուհի, գուշակ ու դարմաններ պատրաստող է եղել:

Տետկան հին չեխերին սովորեցրել է երկրպագել հեթանոս աստվածներին:

Իսկ Լիբուշեն էլ իր համեստության, ողջախոհության ու դատողականության համար ժողովրդի կողմից դատավոր է ընտրվել:

Երբ մի վիճելի հարցի լուծումը մի անգամ չի գոհացրել գյուղացիներից մեկին, նա հայտարարել է, թե տղամարդկանց վեճը կինն իրավունք չունի լուծել, և այդժամ Լիբուշան ժողովրդին առաջարկել է իրենց իշխան ընտրել՝ միաժամանակ նախազգուշացնելով այդպիսի քայլի բոլոր հետևանքների մասին ու հավելել է, թե ընտրված իշխանին իր ամուսինը կդարձնի:

Գիշերը երեք քույրերը գաղտնի խորհուրդ են գումարել, և առավոտյան Լիբուշեն ժողովրդին հավաքի է կանչել: Իր ելույթում նա տղամարդկանց նորից նախազգուշացրել է այն վտանգների մասին, եթե նրանք որևէ մեկին իրենց իշխան ընտրեն:

«Նախ և առաջ իմացեք, որ ավելի հեշտ է մեկին իշխան դարձնելը, քան այդ իշխանին գահընկեց անելը, քանզի մարդը ձեր իշխանության ներքո է մինչև իշխան դառնալը: Հենց որևէ մեկին իշխան դարձնեք, դուք և ձեր ամբողջ ունեցվածքը նրա իշխանության տակ կլինեն: Նրա մեկ հայացքից անգամ ձեր ծնկները կսկսեն դողալ, իսկ ձեր համրացած լեզուն կկպնի ձեր քիմքին և նրա կանչին, սարսափելի վախի պատճառով, հազիվ կարողանալու եք ընդամենը կմկմալով արձագանքել՝ «Այո՛, պարո՛ն», այո՛, պարո՛ն»: Նա զուտ կամայականորեն, նախապես չհարցնելով ձեր կարծիքը, մեկին պախարակելու է, մյուսին դատելու է, մեկին զնդանն է նետելու, իսկ մեկ ուրիշին կախաղան է բարձրացնելու: Եվ հենց ձեզ ու ձեր մարդկանց, ում որ ցանկանա, իր ստրուկներն է դարձնելու, իրեն ծառայող դահիճներ, մունետիկներ ու խոհարարներ, հացթուխներ ու հացահատիկ աղացողներ է դարձնելու: Նա ձեզանից ոմանց մարզերի կառավարիչներ, հարյուրապետեր, գինեգործներ, երկրագործներ, դարբիններ, կաշեգործներ է դարձնելու, իսկ ձեր որդիներին ու դուստրերին ստիպելու է ծառայել իրեն ու իր հայեցողությամբ իրենով է անելու ձեր խոշոր ու մանր եղջերավոր անասուններն ու ձիերը: Նա իր օգտին է ծառայեցնելու այն ամեն լավագույնը, որ ունեք ձեր գյուղերում, ձեր դաշտերում, ձեր արոտատեղիներում ու այգիներում: Եթե այս ամեն ասածիցս հետո էլ դուք պնդում եք ձեր որոշումը, այդժամ ես կտամ իշխանի անունը և կասեմ նրա տեղը»:

(շարունակելի)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1746 | 0 | 0
Facebook