Loading...

Articles

«Եվ նիզակները վերցնելով ձեռքները՝ նրանց աչքի առաջ ծակոտում էին նրա պատկերին նմանեցված դդումը» (3)

21:53, Saturday, 18 June, 2022
«Եվ նիզակները վերցնելով ձեռքները՝ նրանց աչքի առաջ ծակոտում էին նրա պատկերին նմանեցված դդումը» (3)

Կոտորածներ սփռելով դեպի Անդրկովկաս իրենց ճանապարհին՝ խազարները մոտեցել են այն ժամանակներում «փափկասուն», «վաճառաշահ», «մեծ ու հռչակավոր» քաղաքի համարում ունեցող Թիֆլիսին ու պաշարել են այն: Խազարների մեծ խաքանը Թիֆլիսի մոտ հանդիպել է Հերակլիոս կայսրին, որը նրան գործելու ազատություն է տվել, և նույնիսկ խոստացել է իր աղջիկը նրան կնության տալ: Բյուզանդա-խազարական դաշնակցությամբ խաքանը Հերակլիոսն խոստացել տրամադրել 40 հազարանոց օգնական զորք, երբ կայսրը դրա անհրաժեշտությունն զգա: Բայց խազարները չեն կարողացել Թիֆլիսը գրավել: Կաղանկատվացին գրում է. «Այդ բոլորից հետո ․․․ դիմեցին դեպի Վրաստան և շրջապատեցին պաշարեցին փափկասուն, վաճառաշահ, հռչակավոր, մեծ Տփղիս քաղաքը: Մեծ կայսր Հերակլիոսը հավաքում է իր զորքի բոլոր ուժերը, գալիս հասնում է իր նիզակակից օգնականին. և երբ նա մատուցում է թագավորական ընծաներ ու նվերներ, թագավորն ընդունում է. չափազանց ուրախանում են միմյանց տեսնելով: Ապա այնուհետև այնտե՛ղ պետք էր տեսնել թշվառ մարդկանց աղետը, որոնք փակված էին բերդում: Թշվառություն թշվառության ետևից նրանց վրա էր գալիս, բայց սպասելի ժամանակը դեռ չէր հասել: Այնպես եղավ, որ Խոսրովն իմացավ երկու մեծ թագավորների հանդիպման մասին: Նախքան այն քաղաքը պաշարելը շտապ կարգով ուղարկում է նրանց օգնելու և քաղաքը պաշտպանելու զորք՝ սրտոտ ու քաջ պատերազմող իր զորապետ Շարհապաղին, սրա հետ իր թիկնապահներից ու դռնապահներից ընտիր հեծյալներ՝ մոտ հազար մարդու: Երբ քաղաքի բնակիչները տեսան ուղարկված օգնականին հաղթանդամ և վարժ զինակիցներով, չափազանց ոգևորվեցին ու սկսեցին ծաղրել երկու թագավորներին՝ չնայած տեսնում էին հյուսիսի ու արևմուտքի զորքերի անթիվ բազմություններ, որ լեռների նման ճակատ էին կազմել քաղաքի շուրջը. երկիրը թնդում ու ցնցվում էր բազմությունից. սրա հետ մեքենաները, քառանիվները և հռոմեական ճարտարագործների ձեռքով պատրաստված տեսակ-տեսակ այլ գործիքներ, որոնցով նրանք անվրեպ կերպով մեծամեծ քարեր էին նետում փլուզելու պարիսպները: Նաև տեսնում էին մեծամեծ, քարալից, ավազալից ուռուցիկ տիկերը, որոնցով մեծ Կուր գետը, որ հոսում էր քաղաքի մի կողմով, ետ դարձնելով՝ հոսանքը պարսպի դեմ էին ուղղում: Բայց նրանք ոչ մի բանից չթուլացան, այլ քաջալերում էին միմյանց և նրանց քանդածները տեղնուտեղը շինում ու վերականգնում էին:

Իսկ երբ երկու թագավորների զորքերն էլ լքվեցին, տկարացան, հոգնեցին, նաև քիչ չէր մարտում ընկած հետևակների թիվը, թագավորները միմյանց հետ խորհրդակցեցին ու ասացին. «Ինչի՞ համար է մեր զորքերի այսպիսի կորուստը.չէ՞ որ երբ հզորին կապենք, ինչպես կամենանք, նրա տունը կողոպուտի կենթարկենք»: Այնժամ նախանձախնդիր մեծ կայսրը մտածեց և կարգադրեց, թե ինչ պետք է անել: Իրեն օգնելու եկած մարդուն ասաց. «Դարձի՛ր դու և քո զորքով այս տարի խաղաղությամբ գնա քո տեղը, որովհետև մենք տեսնում ենք, որ դուք զով երկրի բնակիչ եք և չեք կարող դիմանալ․․․ Մյուս տարին, երբ շոգ ամիսները կանցնեն, կշտապես վերադառնալ այստեղ, որպեսզի կատարենք մեր մտադրությունը.իսկ ես չեմ դադարի մարտնչել պարսից թագավորի դեմ և վտանգի ենթարկելով՝ նեղություն կպատճառեմ նրա երկրին ու բնակիչներին: Եվ խելամտությամբ այնպիսի հնարներ կգործադրեմ, մինչև որ իրենց միջոցով կատարվի»:

Եվ երբ քաղաքի բնակիչներն իմացան նրանց լքումի ու տակարանալու մասին, ավելի հպարտացան իրենց մեջ ու սկսեցին իրենց կորստյան պատճառ հանդիսացող խաղը խաղալ: Բերեցին մի մեծ դդում, դրա վրա նկարեցին հոների թագավորի պատկերը՝ մեկ կանգուն երկարությամբ և մեկ կանգուն լայնությամբ. աչքերի արտևաունքերի փոխարեն ճյուղեր գծեցին, որ ոչ ոք չէր կարող նշմարել: Նույնն արեցին մորուքի լերկ ու այլանդակ տեղը, իսկ մի թիզ լայն քթի տեղը բեղեր գծեցին այնպես, որ ամեն ոք կարող էր ճանաչել: Բերին դրեցին նրանց հանդիման պարսպի վրա ու գոռալով զորքերին, ասում էին. «․․․ երկրպագեցե՛ք սրան. սա Ջեբու խաքանն է»: Եվ նիզակները վերցնելով ձեռքները՝ նրանց աչքի առաջ ծակոտում էին նրա պատկերին նմանեցված դդումը: Նույնպես խայտառակում, ծաղր ու ծանակի ենթարկում, անարգում էին նաև մյուս թագավորին՝ պիղծ ու արվամոլ կոչելով: Այս տեսնելով ու լսելով՝ թագավորները քենով լցվում, փքվում, ոխակալվում, շարժում էին իրենց գլուխները և իրենք իրենց նզովում էին, որ դրանց թագավորության ենթակա բնակիչներից ոչ ոք չազատվի, մինչև որ նախատինքների վրեժը չլուծվի, որոնցով իրենք ծաղրվեցին նրանց կողմից: Եվ իրենց երեսները դարձնելով նույն սպառնալիքներով գնացին»:

(շարունակելի)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1344 | 0 | 0
Facebook