Loading...

Articles

«…բռնությունն արդարացված է միայն այն ժամանակ, երբ այն ուղղված է բռնության դեմ»

21:02, Friday, 20 May, 2022
«…բռնությունն արդարացված է միայն այն ժամանակ, երբ այն ուղղված է բռնության դեմ»

ԱՄՆ այս շնորհաշատ նախագահը ինքնուսուցմամբ է ամենագետ դարձել: Հանրապետական կուսակցության ակտիվիստ, օժտված զորահրամանատար Ջեյմս Աբրահամ Գարֆիլդն ԱՄՆ միակ նախագահն է, որ այդ պաշտոնում ընտրվել է՝ լինելով երկրի պառլամենտի Ներկայացուցիչների պալատի անդամ:

Օհայո նահանգում ծնված ու հասակ առած Գարֆիլդն ամենասկզբում օրավարձու աշխատանք է կատարել, հետո բոցման է աշխատել, այնուհետև՝ ժողովրդական դպրոցում ուսուցիչ, և, իվերջո, լրացնելով իր կրթությունը (նա կարողացել է ձախ ձեռքով հունարեն գրել, աջ ձեռքով՝ լատիներեն ու Պյութագորասի թեորեմի նոր ապացույց է ներկայացրել), նա ուսսուցչի, ապա՝ տնօրենի պաշտոն է ստացել բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում՝ միաժամանակ զբաղվելով փաստաբանական գործունեությամբ ու մասնակցել է Օհայո նահանգի սենատի նիստերին: : Լինելով երկրի հյուսիսային նահանգների ջերմեռանդ նվիրյալ՝ նա 1861 թվականին սկսված Քաղաքացիական պատերազմի առաջին իսկ օրերից Օհայո նահանգի կամավորականների գունդ է հավաքագրել ու մասնակցել է Քենտուքի նահանգում ընթացող մարտական գործողություններին: Հետո նշանակվել է Ուիլյամ Ռոուզկրանսի բանակի շտաբի պետ և 1862 թվականին նրան բրիգադային գեներալի կոչում է շնորհվել:

1862 թվականին Օհայո նահանգը նրան ընտրել է Կոնգրեսի անդամ, որտեղ էլ նա դարձել է Հանրապետական կուսակցության երևելի գործիչներից մեկը: 1880 թվականին Գարֆիլդը պաշտպանել է իր ընկեր Շերմանի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնի համար, բայց երբ ո՛չ Շերմանը, ո՛չ հռչակավոր գեներալ Գրանտն անհրաժեշտ ձայներ չեն ստացել, ապա Գարֆիլդին են առաջադրել նախագահի թեկնածու: Ընտրվելով ԱՄՆ 20-րդ նախագահ՝ նա այդ պաշտոնն ստանձնել է 1881 թվականի մարտին և ձեռնամուխ է եղել իր կուսակցության բարոյազրկումը կանգնեցնելու գործին:

Նա պաշտոնավարման առաջին իսկ օրերից եռանդուն բարենորոգչական գործունեություն է ծավալել երկրի ներսում և ուրվագծել է արտաքին քաղաքական մի ծրագիր, որի իրականացման արդյունքում երկիրը պիտի դուրս գար ինքնամեկուսացումից ու ակտիվ գործողություններ պիտի իրականացներ ամբողջ աշխարհում: Նա եղել է քաղաքացիական ծառայության բարենորոգման ակտիվ կողմանակից ու նպատակադրվել է արմատախիլ անել այս ոլորտում տիրող կոռուպցիան: Կատարվել է կոռուպցիայի կոշտ հետաքննություն փոստային ադմինիստրացիայում, որի արդյունքում պաշտոնից հեռացվել ու դատապարտվել է այդ հիմնարկության գլխավոր տնօրենի օգնական Թոմաս Բրեյդին: Գարֆիլդը եղել է աֆրոամերիկացիների վիճակի բարելավման ու նրանց քաղաքացիական իրավունքների ընդլայնման կողմնակից: Նա հանդես է եկել միասնական դաշնային կրթական համակարգի ստեղծման օգտին, սևամորթ հասարակական ու քաղաքական գործիչներին դիտմամբ, ցուցադրաբար նշանակել է պետական տարբեր պաշտոնների:

Գարֆիլդի շատ ծրագրեր անկատար են մնացել, որովհետև նրա հախագահությունն ընդամենը վեց ամիս է տևել. 1881 թվականի հուլիսի 2-ին նրան ատրճանակով վիրավորել է ոմն Շարլ Գիտո, և նախագահը սեպտեմբերի 19-ին մահացել է:

Նա Վաշինգտոնի երկաթուղային կայարանում է եղել, երբ նրա վրա թիկունքից կրակել են: Նա ընդամենը կարողացել է ասել. «Աստվա՜ծ իմ: Այս ի՞նչ էր»:

Կրակողը թեպետ անհավասարակշիռ անձնավորություն է եղել, բայց դատարանում հայտարարել է, թե ինքը նախագահին չի սպանել, այլ պարզապես կրակել է նրա վրա, և որ Գարֆիլդի մահվան պատճառը եղել է բժիշկների անփութությունը, անպատասխանատու վերաբերմունքը: Դատարանը, սակայն, չի ընդունել նրա փաստարկները, և 1882 թվականին Գիտոն կախաղան է բարձրացվել;

Գարֆիլդի հիվանդության պատմությունն ուսումնասիրած արդի բժիշկներն այն եզրակացության են հանգել, որ Գիտոյի ասածներում ճշմարտության մեծ չափաբաժին կա: Նախագահի ստացած հրազենային վերքը սկզբում խորը չի եղել, իսկ արձակած գնդակը վիրավորվածի կենսական կարևոր օրգաններից բավավանին հեռու է կանգ առել: Բժիշկները չախտազերծված մատներով կամ առանց ձեռնոցի փորձել են հանել գնդակը, և զգալիորեն խորացրել են վերքն ու վարակել են Գարֆիլդի լյարդը: Օրեր անց հիշյալ օրգանի վրա թարախային բորբոքում է առաջացել, որի հետևանքով հիվանդի սիրտը չի դիմացել, և նախագահի մահվան անմիջական պատճառը սրտի կաթվածն է եղել:

Գարֆիլդի վրա կրակելուց 4 ամիս առաջ Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 2-րդի նկատմամբ մահափորձ կատարած «Նարոդնայա վոլյա» ահաբեկչական կազմակերպությունը դատապարտել է Գիտոյի արարքը.

«Ամերիկյան ժողովրդին մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նախագահ Ջեյմս Աբրահամ Գարֆիլդի մահվան կապակցությամբ: Գործադիր կոմիտեն հարկ է համարում ռուս հեղափոխականների անունից իր բողոքն հայտնել Գիտոյի կատարած մահափորձի նմանվող բոլոր բռնի գործողությունների դեմ: Մի երկրում, որտեղ անհատի ազատությունը ազնիվ գաղափարական պայքարի հնարավորություն է տալիս, որտեղ ժողովրդական ազատ կամքը դրսևորելու հնարավորություն է տալիս ո՛չ միայն օրենքը, այլև կառավարողների անձը, այդպիսի երկրում քաղաքական սպանությունը, որպես պայքարի միջոց, բռնակալության ոգու դրսևորում է, որի ոչնչացումը Ռուսաստանում մենք մեր խնդիրն ենք համարում: Անհատի ու կուսակցության բռնակալությունը միատեսակ դատապարտելի են, և բռնությունն արդարացված է միայն այն ժամանակ, երբ այն ուղղված է բռնության դեմ»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1714 | 0 | 0
Facebook