Loading...
Օդնոկլասնիկի

Articles

Գիտունանց գիտուն Ադամի «գրքերը»

16:33, Thursday, 12 May, 2022
Գիտունանց գիտուն Ադամի «գրքերը»

Միջնադարյան Եվրոպայի որոշ «գիտունների» բանավեճը մարդկության «նախահայր» Ադամի մտավոր զարգացածության աստիճանի մասին է եղել, և տևական բանավեճի կրակը մարել է լոկ այն ժամանակ, երբ այն բորբոքողներն ընդհանուր հայտարարի են հանգել, որ Ադամն ամեն ինչ իմացել է, և, հետևաբար, նա եղել է մարդկության առաջին հանրագիտակը, կամ էլ, ինչպես այդ ժամանակներում են ասել, եղել է առաջին քերականը, փիլիսոփան, աստղագետը, բժիշկը, մաթեմատիկոսը, աստվածաբանը և իրավագետը: Այդ բանավեճի մասին գրել է 18-րդ դարի ֆրանսիացի նշանավոր աստվածաբան-փիլիսոփա Պիեր Բեյլը: Նա հիշատակել է մի գիտնականի, որն ընդամենը վախվորած կերպով կասկած է հայտնել, թե մեր «նախահայրը» արդյո՞ք քաղաքականությունից հասկացել է: Նրան և «Սողոմոնի կուսակցությանը» ջարդուփշուր են արել՝ «ապացուցելով», որ Սողոմոնի իմաստունությունը շատ հեռու է եղել Ադամի իմաստունությունից: Մնացել է միայն լուծում տալ այն հարցին, թե Ադամն ինչպես է իր անընդգրկելի գիտելիքները փոխանցել սերունդներին: Ինչ խոսք, պնդել են անհողդողդ մեկնաբանները, մեղքի մեջ ընկնելուց հետո դպրոցների անհրաժեշտություն է եղել, և առաջին մասնավոր դպրոցը բացել է հենց ինքը՝ Ադամը, որն իր զավակներին հավատո հանգանակն է սովորեցրել: Ավելի ուշ Սեթը (սրա մասին հիշատակվում է Հիսուսի տոհմաբանությունում) ՝ Ադամի երրորդ որդին, կազմակերպել է հանրային դպրոց, որտեղ ուսուցանվել է հայտնության մասին գիտությունն ու մատաղ սերնդին վարժեցրել են խոնարհության: Այս ամենն «ապացուցվել ու հիմնավորվել է» հեղինակավոր պրոֆեսորների կողմից, որոնք իրենց համալսարաններում դասախոսություններ են կարդացել «ադամական գիտության» տարբեր ճյուղերի մասին: Ըստ նրանց տքնաջան պրպտումների՝ Ադամը տասներկու գիրք է գրել, իսկ Եվան՝ երկու:

Ադամի «ստեղծագործությունները» .

1. «Այբուբեն»

2. «Գիրք Հայտնության»

3. «Փիլիսոփայական քարի և ոսկու ստացման մասին»

4. «Գիրք կարգի մասին»

5. «Գիրք արարածների էության մասին»

6. «Ադամի ընտանիքի ցեղաբանական ծառը»

7. «Մարգարեությունների գիրք»

8. «Tabulae ecclesiasticae» (իբրև թե այս գրքում Ադամը շարադրել է աշխարհի արարման պատմությունն ու դրան հաջորդող իրադարձությունները)

9. «Աշխարհի արարչագործության մասին ևս մեկ գիրք»

10. «Գիրք ապաշխարության»

11. «Ադամի կտակը»

12.Ադամի բանաստեղծությունները:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
| | |
746 | 0 | 0
Facebook