Loading...

Articles

Ուշ միջնադարի գրագետ հայի գիտելիքներն առյուծի մասին

16:22, Wednesday, 11 May, 2022
Ուշ միջնադարի գրագետ հայի գիտելիքներն առյուծի մասին

16-րդ դարի երկրորդ կեսում և 17-րդ դարի սկզբում ապրած Աբրահամ քահանա Կոստանդնուպոլսեցին առաջին հայն է եղել, որ ուսումնասիրել է կենդանաբանությունը և հայերեն լեզվով իր քաղած ընդարձակ տեղեկություններն է հանձնել թղթին: Նա ցանկացել է կենդանիների անունները նշանակել ոչ միայն հայերենով, այլև լատիներենով, ֆրանսերենով, արաբերենով, պարսկերենով և թուրքերենով: Չիմանալով այդ օտար լեզուները՝ նա նաև չի կարողացել գտնել այնպիսի գիտակներ, որոնք օգնեին իրեն հիշյալ լեզուներից մի քանիսով գրանցել այդ կենդանիների անունները: Ահա, թե ինչու Աբրահամ քահանան, գրառելով այս կամ այն կենդանու հայերեն և թուրքերեն անունները (արաբերենով և պարսկերենով ևս նա կարողացել է մի քանի կենդանու անուն գրառել), մնացյալ լեզուների համար տեղ է թողել, որպեսզի հետագայում իմանա և զետեղի: Քահանայի նկարագրությունները հետաքրքրական են հատկապես նրանով, որ այս կամ այն կենդանու հետ առնչվող ժողովրդական ավանդազրույցներ, ավելորդապաշտություններ, ծիծաղ հարուցող տեղեկություններ են պարունակում: Օրինակ՝ տեսնենք, թե նա ինչպես է բնութագրել առյուծին.

«Հռոմի բառով (լատիներեն) …, ֆրանկների լեզվով…, արաբերեն – էսետ, պարսկերեն – շիր, թուրքերեն – ասլան:

Այս գազանն ապրում է տաք վայրերում, գետեզերքներին, մանավանդ Բաղդադի և Մոսուլի մերձակայքում, Շատ (Տիգրիս) գետի ափերին դրանք շատ են: Հնդկաստանում նույնպես շատ են: Իմաստունները նրան գազանների թագավոր են անվանում: Դեղին գույնի է, կատվի նման է: Պատահում է, որ վզի մազը սև է լինում. այն ահարկու տեսք ունի և դրան թուրքերեն բառով «եզիդի» են անվանում: Լինում են նաև վիզն անմազ առյուծներ, և դրանց մկնառյուծ են անվանում: Էշի խոշորությունն ունի ու ահագնատեսիլ է, մեծասիրտ: Նրա ուժն իր ձեռքերի մեջ է: Ուրիշ գազանների որսը չի բարեհաճում ուտել, ամոթ է համարում, քանի որ հպարտ է: Մինչև ինքը չորսա, չի ուտի: Ոմանք ասում են, թե սատկած անասուն գտնելիս՝ այն չի ուտում, կարծելով, թե դա որոգայթ է: Շատ գազաններ առյուծի շուրջը պտտվում են, որպեսզի, երբ նա իր որսն ուտի ու կշտանա, մնացածն իրենք ուտեն: Սևականջ անունով մի չորքոտանի կա, որը նման է աղվեսին. սա վայրի անասուններին, այծերին, ոչխարներին, եզներին խրտնեցնում է, որ փախչեն, և քարի հետևում թաքնված առյուծը որսում է դրանց, այնքան է ուտում, որ կշտանա, ապա հեռանում է, և սևականջը գալիս ու ավելացածն ուտում է: Երբ սա էլ է կշտանում ու հեռանում, գալիս են այլ կենդանիներ և ուտում, դրանից հետո թռչուններն են գալիս ուտում, իսկ վերջում մնացորդներն ուտում են սողուններն ու մրջյունները: Առյուծը մեծասիրտ է ու անհանզանդ:

Բնությամբ հոգատար է. երբ ծնում է, նրա կորյունը երեք օր մեռածի նման է լինում, և գալիս է որձը, ու երկուսով անչափ սգում են, լալիս մինչև երեք օրը. Ապա կորյունը բացում է աչքերն ու կենդանանում, և ծնողներն ուրախանում են ու դուրս գալիս որսի ու իրենց կարիքները հոգալու: Առյուծը մարդասեր է, և բոլոր գազաններից առավել է ընկերանում մարդու հետ: Եվ երբ քուն է մտնում, կատարյալ չի քնում, աչքը կատարյալ չի փակում: Գիշերը չի քնում, շրջագայում է ու որս անում, որի կապակցությամբ Քրիստոսի առաքյալ Պետրոսն ասում է, թե ձեր թշնամի սատանան առյուծի պես է շրջում ու ցանկանում է կլանել ձեզ: Եթե էգը կամ որձը հիվանդանում են, մեկը ծառայում է մյուսին, գնում է նրա համար կապիկ է որսում, բերում է, որ ուտի և առողջանա: Գնում է նաև գետեզերք և խաչափառ է որսում և ուտում և Աստծո կամոք դրանով առողջանում է: Եվ եթե նրանցից մեկը սատկում է, մյուսը նստում է վրան ու լալիս է ու մարդու պես սուգ է պահում, չի հոգում իր մասին ու քաղցից մեռնում է:

…Առյուծի օգուտը. եթե ակռան (ատամը) մոտդ պահես կամցավացող ակռայիդ վրա դնես, ակռադ չի ցավի: Եթե նրա լեզվից մարդը մի կտոր ուտի, քաջասիրտ կդառնա...և եթե առյուծի ճարպը երեսիդ քսես, ամեն գիշատիչ գազան քեզանից կփախչի...և եթե առյուծի ճարպը տանդ մեջ պահես, մկներն ու կարիճները տնից կհեռանան:

...Այս գազանից պիտի խրատվենք, և թշնամուն հաղթելուց առաջ պիտի իմանանք, որ կարող ենք հաղթել, և ապա առաջ գնանք ու կռվենք, և երկմիտ չլինենք որևէ գործ անելիս կամ թշնամու դեմ պատերազմելիս, այլ ապավինենք Աստծուն: Տեր Աստծո ողորմածությամբ է, որ այս անչափ ուժեղ գազանին մրջյունն ուժաթափ է անում, քանի որ անհամար մրջյունները հարձակվում են նրա վրա և կծոտում են այնքան, որ սպանում են: Երբ առյուծը կորյուն է ծնում, մրջյունների ահից կորյունին ջրառատ և ցեխառատ տեղերում է ծնում, որպեսզի մրջյունները չկարողանան մոտենալ»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1519 | 0 | 0
Facebook