Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միապետի սիրուհու փորոտիքը խոզերին է նետվել

14:55, կիրակի, 23 հունվարի, 2022 թ.
Միապետի սիրուհու փորոտիքը խոզերին է նետվել

Ֆրանսիայի Լյուդովիկոս 14-րդ թագավորի արքունիքում մի կին է եղել, որը, չլինելով թագադրված, տևական ժամանակ թագուհու կարգավիճակ է ունեցել: Այդ կնոջ անուն է Ֆրանսուազ Աթենե դը Ռոշեշուար դը Մորթըմար, բայց նա առավել հայտնի է մարքիզուհի դը Մոնթեսպան անունով: Նա եղել արև արքայի գլխավոր սիրուհին:

Ընդհանուր առմամբ, Աթենեի կյանքը որոշ չափով կարելի է «Սեր, Փառք և Գեղեցկություն» եզրույթների ծիրում տեղակայել:

Բաց թողնենք նրա մանկության տարիները, երբ Ֆրանսիայի հնագուն ազնվական ընտանիքներից մեկի երիտասարդ օրիորդը, տակավին փոքրիկ Ֆրանսուազը, որը դեռ Աթենե չէր դարձել, պատշաճ մենաստանում պատշաճ կրթություն է ստացել, որպեսզի 1658 թվականին հենց մենաստանից միանգամից ոտք դնի Վերսալի պալատ: Նա այդ ժամանակ 18 տարեկան է եղել:

Սկզբում նա կցված է եղել Լյուդովիկոս 14-րդի կրտսեր եղբայր Ֆիլիպ Օռլեանցու և նրա կին Հենրիետի, ապա՝ թագուհի Մարի Թերեզի շքախմբին: Այդքան մոտ լինելով թագավորին, այնուամենայնիվ, նա Լուդովիկոսին հանդիպել է պալատ մտնելուց երեք տարի անց միայն:

Խորամանկության շնորհիվ՝ Աթենեն շուտով դարձել է մարքիզուհի դը Մոնթեսպան, իսկ քանի որ բոլոր խորամանկների պես նա էլ խելացի է եղել, արև արքային ստիպել է մեկ տարի համբերել մինչև նրա անկողին մտնելը՝ ի սրտի ցավ իր մարքիզ ամուսնու, որը համաձայն չի եղել թագավորության կոտոշակրի համբավին արժանանալուն:

Թագավորի հետ 13 տարի տևած սիրային կապի արդյունքում նա 13 երեխա է ծնել (որոնցի 6-ը օրինականացվել են), սակայն թագավորի զգացմունքը նրա նկատմամբ աստիճանաբար մարել է, իսկ երբ պարզվել է, որ սկանադալային թունավորումների հետ նա առնչություն ունի, թագավորի աչքից այնպես է ընկել, որ 1691 թվականին 51 տարեկան հասակում ստիպված է եղել մենաստան մտնել, որպեսզի աղոթքներով ու սրբակենցաղ կյանքով քավի իր մեղքերը:

1707 թվականին նա հիվանդացել է: Բազում արյունառությունները, ինչպես ընդունված է եղել այն ժամանակների բժշկությունում, արդյունք չեն տվել, նա չի բուժվել ու մի քանի շաբաթ շարունակ համընդհանուր անտարաբերության մթնոլորտում հոգեվարքի մեջ է եղել:

Ո՛չ թագավորը, ո՛չ նունիսկ իր երեխաները չեն այցելել նրան կամ առողջության մաղթանք պարունակող բացիկ անգամ չեն ուղարկել: Նա ոչ մեկին չի հետաքրքրել:

1707 թվականի մայիսի 7-ին մարքիզուհին ընդմիշտ փակել է աչքերը:

Օճառային օպերայի վերջը

Ավելի ճիշտ՝ գրեթե վերջը…որովհետև պատմության մեջ, ինչպես դուք արդեն սկսում եք կռահել, մահը դեռ վերջը չէ: Շատ հաճախ ձեր վերջին շունչը փչելուց հետո էլ հետաքրքիր բաներ են տեղի ունենում:

Մոնթեսպանի կտակի համաձայն՝ նրա ներքին օրգանները (սիրտը, ստամոքսը և աղիները), հանվել են մարմնից, որպեսզի առանձին թաղվեն Սեն Մենու աբբայությունում:

Բայց ասում են, թե հիշյալ ներքին օրգանները աբբայություն չեն հասցվել:

Դիակի զմռսման համար պատասխանատու «բժիշկն» առավել սերտ հարաբերություն է ունեցել գյուղական անասուն մաշկողի, քան իսկական բժիշկ Մամուրի հետ (ժամանակին բավականին տարածված երևույթ), և մարքիզուհի դը Մոնթեսպանի մարմինն այդ կարգի հարաբերությունից միակ տուժողը չի եղել:

Այդ իսկ պատճառով մահացած մարքիզուհու ներքին օրգանները լավ չեն մշակվել ու այնքան արագ են սկսել նեխել, որ աճյունամանի տեղափոխման պատասխանատուն (ըստ մի տեղեկության՝ գյուղացի, ըստ մեկ այլ տեղեկության՝ հոգևորական), գարշահոտին չդիմանալով, բացել է աճյունամանի բերանը և պարունակությունը թափել է խոզերի համար փորված մոտակա փոսը:

Առաքողից շատ նվազ նրբաճաշակ խոզերն էլ խժռել են թագավորի երբեմնի սիրուհու փորոտիքը:

Ժամանակակիցները մեկմեկու նաև պատմել են, թե, երբ գարշահոտ այս պատմությունը հասել է պալատական կանանց հորդայի ականջներին, աբբահայր Դյուբուայի պաշտոնական սիրուհի տիկին Թենսին բոլոր կանանց համար շատ դուրեկան հետևյալ կարծիքն է հայտնել. «Փորոտի՞քը: Բայց նա երբևէ փորոտիք ունեցե՞լ է»:

Այս արտահայտությունն ապացուցում է, որ մարքիզուհի դը Մենթեսպանին իր փառքի ժամանակաշրջանում չեն սիրել: Պալատականները նրանից պարզապես վախեցել են, որովհետև սուր լեզու է ունեցել ու առանց այլևայլության թունոտ դիտողություններ է արել բոլորին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1710 | 0 | 0
Facebook