Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

«Այդ ուղղման համար ես ձեզ տալիս եմ ևս հինգ հազար չափ հաց». գրագետ խոսքի հարգն իմացող միապետը

22:30, չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ.
«Այդ ուղղման համար ես ձեզ տալիս եմ ևս հինգ հազար չափ հաց». գրագետ խոսքի հարգն իմացող միապետը

Ալեքսանդր Մեծի ստեղծած վիթխարի կայսրությունը նրա մահից (մ.թ.ա 323 թ.) հետո մասնատվել է, և կայսրության արևմտյան տարածքների տիրակալ է դարձել Ալեքսանդրի զորավարներից մեկը՝ Անտիգոնոս Առաջին Միակնանին:

Նոր տիրակալին հնազանդվել չցանկացող Հունաստանին տիրելու համար նա այդ երկիր է ուղարկել իր որդուն՝ գեղեցկատես ու խիզախ Դեմետրիոսին, որն ասել է. «Հելլադան մեր փառքի փարոսն է, որի լույսը հեղեղում է ամբողջ աշխարհը»: Դեմետրիոսը Աթենքում ափ է իջել հացի մեծ բեռով և ժողովրդական ժողով է հրավիրել, որպեսզի այն բաժանի: Ժողովրդական ժողովի անդամների առջև ճառ ասելիս նա լեզվական սխալ է թույլ տվել: Ներկաներից մեկն անմիջապես կտրել է նրա խոսքը և սխալն ուղղել: «Այդ ուղղման համար, - հիացմունքով բացականչել է Դեմետրիոսը, - ես ձեզ տալիս եմ ևս հինգ հազար չափ հաց» : Ընչազուրկ դարձած աթենացիները չեն կողմնորոշել, թե ինչպես շնորհակալություն հայտնեն բարեգործին: Նրան տեղավորել են ապրելու Պարթենոնում: Որտեղ նա իջել է սայլից, այնտեղ կառուցել են «Սայլից իջած Դեմետրիոսին» նվիրված տաճար, ամիսներից մեկին նրա անունն են տվել և նույնիսկ որոշում են կայացրել, որ պատգամախոսի փոխարեն մարդիկ պետք է հարցում անեն Դեմետրիոսին:

Դեմետրիոսի մականունը Պոլիորկատես («Որոտազոր») է եղել: Նրա պաշարողական մեքենաները սարսափ են սփռել: Երբ նա պաշարել է Ռոդոսը, նրա պաշարողական աշտարակները յոթհարկանի տան բարձրության են եղել, իսկ ծովի կողմից քաղաքը շրջափակել են ոչ թե հինգ, այլ տասնհինգ շարք թիավարներով նավերը: Պաշարելով քաղաքը՝ նա տիրացել է ժամանակի հայտնի նկարիչ Պրոտոգենեսի մի ստեղծագործությանը, որի արվեստանոցը եղել է քաղաքի մերձակայքում: Երբ ռոդոսցիները նրա մոտ դեսպաններ են ուղարկել՝ խնդրելով չոչնչացնել նկարը՝ Դեմետրիոսը նրանց պատասխանել է, թե ինքն ավելի շուտ իր հոր պատկերը կոչնչացնի, քան այդպիսի նկարը: Վերացնելով պաշարումը՝ նա պաշարողական մեքենաները թողել է Ռոդոսին, և ռոդոսցիներն այդ մեքենաների վաճառքից այնքան փող են աշխատել, որ իրենց հրվանդանի վրա կառուցել են հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Ռոդոսի Կոլոսը (Արևի աստծո արձանը) ՝ աշխարհի ամենաբարձր արձանը, որի ոտքերի արանքով նավեր են երթևեկել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
245 | 0 | 0
Facebook