Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Հոդվածներ

Ղուրանն ասում է, թե մարգարիտը բացում է դրախտի դարպասները

10:15, չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ.
Ղուրանն ասում է, թե մարգարիտը բացում է դրախտի դարպասները

Մարգարիտը ջրի և կնոջ հետ կապված լուսնային խորհրդանիշ է: Անկախ նրանից, թե այն ջրից կամ Լուսնից է ծնվել կամ գոյացել է խեցիում, միևնույն է, մարգարիտը խորհրդանշում է «ին» սկիզբը և հանդիսանում է ստեղծագործ կանացիության խորհրդանիշը: Մարգարիտի բոլոր մոգական հատկությունները բխում են դրա եռյակ սիմվոլիզմից (լուսին, ջուր, կին): Մարգարիտը գործակցում է ծովի փրփուրից ծնված սիրո աստվածուհի Վեներայի (Աֆրոդիտեի) հետ: Մարգարտի սիմվոլիկան բացարձակորեն իգական է: Կլոր մարգարիտը լուսնի գույնն ունի, և այդ մոլորակի փոփոխական բնավորությունն (ինչպես նրա սադափյա մակերևույթն է) է իր մեջ կրում: Լուսնային կերպարանքի շնորհիվ մարդիկ մարգարիտը հարազատացրել են նաև փոփոխական ջրին ու Վեներա մոլորակին: Մարգարիտը սիրո, զգացմունքայնության ու կանացիության շատ տիպական խորհրդանիշն է: Անարատ մաքրությունը մարգարիտը նույնացնում է կյանքի սրբության հետ: Նրա կլոր ձևը նույնական է աշխարհի խորհրդանշանին: Այն նաև խորհրդանշում է կուսություն, անարատություն, հղիության, պտղի կատարելության ավարտ և թագավորական իշխանություն:

Մարգաիտի հետ միահյուսված առասպելներ

Աշխարհի այն բոլոր շրջաններում, որտեղ մարգարիտը հայտնի է մարդկանց, հորինվել են առասպելներ դրա ծագման ու ատրիբուտների մասին: Այդ առասպելների պատճառն այն է, որ շատ երկար ժամանակ մարգարիտների առաջացման, գոյացման գիտական բացատրությունը չի տրվել: Մարգարիտի մասին այդ առասպելներն են եղել պատճառը, որ տղամարդիկ համակվել են այդ թանկարժեք, կախարդիչ քարը ձեռք բերելու անզուսպ ցանկությամբ և խրախուսել են մարգարտի որսը մինչև այն ժամանակ, երբ գրեթե անհետացել է դրանց գոյացման բնական միջավայրը ծովերում և օվկիանոսներում:

Բոլոր ժամանակներում նուրբ մարգարիտը մոգական իշխանություն ունեցողի համբավի է արժանացել, ինչ խոսք, իր խորհրդավոր գեղեցկության և այն բանի շնորհիվ, որ այն կարելի է օգտագործել խեցուց հանելուց անմիջապես հետո՝ ի տարբերություն այլ թանկարժեք քարերի, որոնք անհրաժեշտ է արդյունահանումից հետո մշակել, ձևափոխել: Մարգարիտն այնպիսի բնական գույն ունի, որ մարդկային միջամտություն ամենևի հարկավոր չէ: Մարդկային մշակույթի բոլոր ոլորտներում մարգարիտը դիտարկվել է որպես բնական և աստվածային ընծա: Ահա թե ինչու տղամարդն այն փնտրել է ու փորձել յուրացնել դրա շնորհները, ահա թե ինչու այն միշտ թանկ առարկա է համարվել: Ամենավաղ ժամանակներից սկսյալ մարգարիտը խորհրդանշան է եղել, որը որպես զարդ կամ հմայիլ են կրել: Բայց և այնպես դրա գերբնական կարողություններն այդքանով չեն սպառվել: Այն տարածված բուժիչ միջոց է եղել սնահավատ միջավայրում:

Առավել տարածված սնահավատությունների ներշնչմամբ՝ մարդիկ այն համոզումն են ունեցել, թե նրանք, ովքեր մարգարիտ են կրում, տիրապետում են դրա կենսական մեծ ուժին: Մարգարտի կապը բնության հիմնական ուժերի, տարերքների հետ ստիպել է մարդկանց հավատալ, թե այն իր կրողի առողջության ցուցիչն է: Դրանք խամրել են, եթե իրենց կրողը հիվանդացել է և կորցրել են իրենց փայլը, եթե կրողը մահացել է:

Մարգարիտի այլաբանական և առասպելաբանական արժանիքը ալքիմիկոսներին, աստղաբաններին ու երազահաններին մղել է դրանց ուսումնասիրությանը: Կապված լինելով Լուսնի, Արևի և երկնքի հին առասպելաբանության հետ՝ մարգարիտը աստղաբաշխների համար մի քանի նշանակություն է ունեցել:

Այն սնահավատությունը, թե մարգարիտը գոյացել է ջրի կարծրացած կաթիլից, և որին նպաստել է Արևի կամ Լուսնի լույսը, երկար ժամանակ գերիշխող է եղել եվրոպացիների մտածողության մեջ: Որքան էլ զարմանալի է, ամերիկյան այն ցեղերը, որոնց հետ իսպանացիները 15 և 16-րդ դարերում ծանոթացել են Կարիբյան կղզիներում, նույն կերպ են բացատրել մարգարտի ծագումը: Իրարից այդքան հեռու ու այդքան տարբեր մշակույթները, փաստորեն, ի սկզբանե մարգարտին օժտել են կրակից ու ջրից բխող գերբնական հատկություններով:

Ալքիմիկոսները մարգարտի համար բազմաթիվ բժշկակակն կիրառություններ են հայտնաբերել: Այուրվեդական բժշկության ժամանակակից գործառույթներում շարունակում են կիրառել ալքիմիկոսների որոշ հին բաղադրատոմսեր, որոնք, իբր, կարող են օժանդակել մարդու երկարակեցությանը, առնականությանը, լավ տեսողությանն ու մարսողությանը: Մարգարիտը նաև հայտնի է եղել որպես աֆրոդիզիակ, և այն հին Չինաստանում և Եգիպտոսում կոսմետոլոգիայի ոլորտում լայն կիրառություն է ունեցել: Կան վկայություններ, որ Կլեոպատրան քացախի մեջ լուծված մարգարիտի դարման է խմել:

Բուժման նպատակով մարգարիտի օգտագործման մասին վկայություն կա մ.թ. առաջին դարում սանսկրիտ լեզվով գրված ամենահին բժշկարանում: Հենց Արևելքում է մարգարտին բուժիչ հատկություն վերագրվել: Մագարիտն օգտագործել են տենդը, ստամոքսի, արյան շրջանառության խաթարումները բուժելու համար, իսկ մ.թ.ա. 2400 թվականին վերագրվող «Ատավեդա» -ում մարգարտին վերագրվել են խթանիչ հատկություններ: Հնդիկներն այն որպես հմայիլ գործածելով՝ փորձել են երիտասարդ բրահմաներին երկարակեցություն ապահովել: Հինդու կրոնում մարգարիտը լուսնի հետ է ասոցացվել և եղել է մաքրության ու սիրո խորհրդանիշը: Հնդկական հին գրություններն ասում են, թե Կրիշնան է հայտնաբերել առաջին մարգարիտը և այն նվիրել է իր դստերը նրա ամուսնության օրը:

Իսկ մուսուլմանների սրբազան գիրքը՝ Ղուրանը, ասում է, թե մարգարիտը բացում է դրախտի դարպասները: Քրիստոնեությունը ևս մարգարիտը համարել է մաքրության խորհրդանիշ: Ամուսնության 30 ամյակը ֆրանսիացիները նշանավորում են որպես մարգարտյա հարսանիք:

Հին չինացիները հավատացել են, թե կակղամորթները ամպրոպից հղիացել են մարգարիտներով, և լուսնի լույսի ներգործությամբ դրանք մեծացել են: Զրադաշտական պարսիկները, որ պաշտել են արևն ու կրակը, այն համոզմանն են եղել, որ մարգարիտի գոյացման գործում արևի դերը նույնքան մեծ է, որքան անձրևի դերը: Իսկ հին հույները, ինչպես վերն ասվեց, մարգարտի փայլն ասոցացրել են գեղեցկության ու սիրո աստվածուհի Աֆրոդիտեի հետ: Նրանք հավատացել են, թե երբ ծովի փրփուրներից ծնվել է այս դիցուհին, իրեն թափ է տվել, և ջրի կաթիլները թափվել են օվկիանոսը և մարգարիտներ են դարձել: Հույների համար մարգարիտները խորհրդանշել են սիրո դիցուհու հմայքը: Հները նաև պատմել են, թե մարգարիտներն աստվածների արցունքներն են, որոնք նրանք ամեն օր դնում են ոստրեների մեջ: Դրանք սեր են ներշնչում և պտղաբերություն են ապահովում, դրանք խորհրդանշում են մաքրություն և վանում են չարը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
525 | 0 | 0
Facebook