Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Նրա դատավարությունը գաղտնի է պահվել, որպեսզի ժողովրդից թաքցվի ռուսական կոլաբորացիոնիզմի մասշտաբները և Վլասովի բանակին խորհրդային սպաների ու գեներալների կամավոր անդամագրման փաստը»

08:10, կիրակի, 21 նոյեմբերի, 2021 թ.
«Նրա դատավարությունը գաղտնի է պահվել, որպեսզի ժողովրդից թաքցվի ռուսական կոլաբորացիոնիզմի մասշտաբները և Վլասովի բանակին խորհրդային սպաների ու գեներալների կամավոր անդամագրման փաստը»

1919 թվականին ավարտելով հրամանատարական չորսամսյա դասընթացը՝ Վլասովը Հարավային ռազմաճակատում մասնակցել է սպիտակգվարդիականների դեմ մարտերին, ապա տեղափոխվել է շտաբ: 1920 թվականի վերջին այն զորախումբը, որում Վլասովը եղել է հեծելազորային և հետևակային ստորաբաժանումների հրամանատար, մասնակցել է Նեստոր Մախնոյի ապստամբական շարժման լիկվիդացիային:

Ավարտել է Ֆրունզեի անվան Ռազմական ակադեմիան, որից հետո Ստալինը նրան գաղտնի հանձնարարությամբ ուղարկել է Չինաստան, Չան Կայ Շիի հետ հարաբերություններ հաստատելու:

1936 – 38 թվականներին Կարմիր բանակում կատարված զտումները Վլասովին չեն առնչվել, և նա ողջ է մնացել: 1941-ին Ստալինը նրան նշանակել է Երկրորդ Հարվածային բանակի հրամանատար: Հենց Ստալինի հրամանով նրան վստահվել է Մոսկվայի պաշտպանության ղեկավարումը, և նա նշանակալի դեր է խաղացել Մոսկվայի վրա գերմանացիները հարձակումը կասեցնելու գործում: Վեց այլ գեներալների հետ նրան հռչակել են Մոսկվայի «փրկիչ», իսկ 1942 թ. հունվարին Վլասովն արժանացել է «Կարմիր աստղ» շքանշանի: Բայց դրանից շատ չանցած գերի է ընկել, իսկ նրա բանակը գրեթը ամբողջովին ոչնչացվել է Լենինդրադի ուղղությամբ գերմանացիների հարձակումը կասեցնելու ժամանակ:

Ստալինը համակրել է Վլասովին և 1942-ի հունիսին խիստ անհանգստացած է եղել նրա ճակատագրով ու պահանջել է նրան դուրս բերել շրջափակումից, ամեն գնով փրկել: Պահպանվել են համապատասխան ռադիոհեռագրերը:

Հայտնվելով գերության մեջ՝ հարցաքննությունների ժամանակ Վլասովը հայտարարել է, թե Գերմանիան չի կարողանա հաղթել Խորհրդային Միությանը, և դա նա ասել է այն ժամանակ, երբ գերմանական զորքերն արդեն Վոլգա էին հասել: Վլասովն իր ծրագրերը երբեք չի կապել ԽՍՀՄ-ի նկատմամբ Հիտլերի հաղթանակի հետ: Սկզբում նա անկեղծորեն հավատացել է, թե կկարողանա գերմանացիների թիկունքում ստեղծել բավականաչափ ուժեղ ու ինքնուրույն ռուսական բանակ: Այնուհետև հույսը դրել է դավադիրների ակտիվության վրա և օկուպացիոն քաղաքականության փոփոխության ծրագրեր է կազմել: 1943-ի ամռանից Վլասովը հույսեր է կապել Անգլիայի և ԱՄՆ-ի հետ: Նրան թվացել է, թե պատերազմի ցանկացած ելքի դեպքում տարբերակներ հնարավոր է գտնել, բայց պատմությունը ցույց է տալիս, որ նրա համար տարբերակներ չեն եղել:

Գերմանացի ունկնդիրների նեղ շրջանակում Վլասովն ասել է, թե Ստալինի հակառակորդների շրջանում կան «հաստատակամ մարդիկ, որոնք պատրաստ են իրենց կյանքը տալ բոլշևիզմի լծից Ռուսաստանն ազատագրելու համար, բայց այդ մարդիկ մերժում են գերմանական լուծը: Այնուամենայնիվ, նրանք պատրաստ են սերտորեն համագործակցել գերման ժողովրդի հետ՝ չվնասելով իրենց ազատությունն ու պատիվը: Ռուս ժողովուրդը եղել է, կա ու կլինի, նա երբեք գաղութացված ժողովուրդ չի դառնա»:

Վլասովը նաև հույս է հայտնել, որ «Ռուսաստանը կառողջանա ու կնորանա և տեղի կունենա ռուս ժողովրդի ազգային հպարտության զարթոնք»:

Ինչպես ռուս, այնպես էլ գերմանացի հետազոտողները համակարծիք են եղել, որ Վլասովի ղեկավարած կազմակերպությունը կարող էր 5, 5 միլիոն խորհրդային ռազմագերիներից 2 միլիոնին հավաքագրել, եթե գերմանացիները չխանգարեին այդ գործին:

Ռուսատանի ազատագրության բանակի առաջին ջոկատներն ուղարկվել են գերմանական զորքերի թիկունքում հաստատված Ներքին գործերի ժողկոմիսարիատի հատուկ զորքերի դեմ: Հակախորհրդային միասնական բանակում գերմանացիների կողմն անցած առանձին զինվորական խմբավորումների միավորուման ծրագիրն հաստատվել է 1942-ի ամռանը: Սկզբում խորհրդային հետախուզական ծառայության պաշտոնյաները չեն հավատացել, որ Կրեմլի սիրասուն գեներալը կհամագործակցի գերմանացիների հետ ու համարել են, թե դա ընդամենը գերմանացիների քարոզչական քայլ է:

1942-ի հունիսի վերջին Վլասովը կոչով դիմել է բոլոր «ռուս հայրենասերներին» ՝ հայտարարելով ազատագրական պայքարի մեկնարկի մասին: Ընդ որում սկզբում չի ասվել, որ այդ պայքարը պետք է մղվի ֆաշիստների հովանու ներքո: Բեռլինի մերձակա Դեբենդորֆում հիմնվել է Ռուսաստանի ազատագրության բանակի Գլխավոր շտաբը: 1942 թվականի օգոստոսին և սեպտեմբերին Վլասովն այցելել է Լենինգրադի, Պսկովի մարզեր և Բելոռուսիա: Նրա առաջին կոչին արձագանքը վիթխարածավալ է եղել: Քաղաքացիական անձանցից ու գերի կարմիրբանակայիններից տասնյակ հազարավոր նամակներ են հեղեղել դեբենդորֆյան շտաբը: Ռուսաստանի ազատագրության բանակի առաջին հարվածային գվարդիական բրիգադը կազմավորվել է 1943-ի մայիսին, Բրեսլաու քաղաքում: Նոյեմբերի 14-ին Պրահայում տեղի է ունեցել վլասովական առաջին և միակ համագումարը, որը ստեղծել էՌուսաստանի ժողովուրդների ազատագրման կոմիտե ու ընդունել է մեռելածին մի մանիֆեստ, որը պահանջել է ոչնչացնել «ստալինյան բռնակալությունը» և Ռուսաստանի ժողովուրդներին ազատագրել բոլշևիկյան դիկտատուրայից: : Որքան էլ զարմանալի թվա, բայց նույնիսկ պատերազմի վերջում Կարմիր բանակի ոչ մեծ ստորաբաժանումներ անցել են Ռուսաստանի ազատագրման բանակի կողմը:

Ըստ որոշ տվյալների՝ Ռուսաստանի Ազատագրական բանակի Առաջին դիվիզիան 1945-ի մայիսի առաջին օրերին օգնության է հասել գերմանացիների դեմ ապստամբած չեխ հայրենասերներին և Պրահան փրկել է ավերումից: Փրկված քաղաքը նրանք հանձնել են Կարմիր բանակին, որն անմիջապես ձերբակալել ու գնդակահարել է այն բոլոր վլասովականներին, որոնք չեն հասցրել փախչել: Վլասովի բանակի՝ Չեխոսլովակիայում և Ավստրիայում գտնվող մնացորդները հանձնվել են ԱՄՆ զորքերին:

Պատերազմից հետո այդ բանակի սպաներն ու զինվորները թաքնվել են Եվրոպայի տարբեր երկրներում, իսկ խորհրդային հակահետախուզության գործակալները տարիներ շարունակ նրանց որսով են զբաղված եղել: 1945-ի մայիսի 12-ին Վլասովը գերվել է: Նրա դատավարությունը գաղտնի է պահվել, որպեսզի, նախ, ժողովրդից թաքցվի ռուսական կոլաբորացիոնիզմի մասշտաբները, երկրորդ, թաքցվի Վլասովի բանակին խորհրդային սպաների ու գեներալների կամավոր անդամագրման փաստը:

Վլասովը գնդակահարվել է: Նրանից հետո, որպես հայրենիքի դավաճաններ, գնդակահարվել են ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (1950-ի օգոստոսի 25), գեներալ-մայոր Պավել Արտեմենկոն (1950-ի հունիսի 10), Խորհրդային Միության մարշալ Գրիգորի Կուլիկը (1950-ի օգոստոսի 24), գեներալ-գնդապետ Վասիլի Գորդովը (1950-ի օգոստոսի 24), գեներալ-մայոր Ֆիլիպ Ռիբալչենկոն (1950-ի օգոստոսի 25), գեներալ-մայոր Նիկոլայ Կիրիլովը (1950-ի օգոստոսի 25), գեներալ-մայոր Պավել Պոնեդելին (1950-ի օգոստոսի 25), ավիացիայի գեներալ-մայոր Միխայիլ Բելեշևը (1950-ի օգոստոսի 26), գեներալ-մայոր Միխայիլ Բելյաչկինը (1950-ի օգոստոսի 26), գեներալ-մայոր Իվան Կրուպեննիկովը (1950-ի օգոստոսի 26), գեներալ-մայոր Մաքսիմ Սիվաևը (1950-ի օգոստոսի 28), գեներալ-մայոր Վլադիմիր Կիրպիչնիկովը (1950-ի օգոստոսի 28), իսկ բրիգադային բժիշկ Իվան Նաումովին, Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Պյոտր Բոնդարենկոյին, տանկային զորքերի հրամանատար Վլադիմիր Տեմրուչին չեկիստները բանտերում ծեծելով են սպանել:

1950 թվականի օգոստոսի 18-ից 30-ը գնդակահարվել է 20 գեներալ և մեկ մարշալ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1780 | 0 | 0
Facebook