Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Հոդվածներ

Զինվորակա՞ն, թե՞ գողական. թանգարանի պետն իր տեղում չէ

Նոր սերունդ
Մամուլի խոսնակ`
Նոր սերունդ
20:23, հինգշաբթի, 11 նոյեմբերի, 2021 թ.
Զինվորակա՞ն, թե՞ գողական. թանգարանի պետն իր տեղում չէ

Տևական ժամանակ է, որ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի պետ, փոխգնդապետ Կարեն Մելիք-Թանգյանի գործողություններով պայմանավորված` թանգարանում առկա են աշխատանքային և ղեկավարման հետ կապված լուրջ խնդիրներ: Դրանք գնալով դառնում են անլուծելի` հասունացնելով պայթյունավտանգ իրավիճակ, որը կարող է դուրս գալ վերահսկողությունից և ունենալ անկանխատեսելի հետևանքներ: Թանգարանում ստեղծված անառողջ մթնոլորտը և աշխատակիցների միջև օրեցօր խորացող լարված հարաբերությունները գալիս են այն բանից, որ թանգարանի պետը որոշ աշխատակիցների նկատմամբ ցուցաբերում է ընդգծված սուբյեկտիվ և կողմնակալ վերաբերմունք: Այս կապակցությամբ լրագրողական հետաքննությամբ փորձեցինք պարզել թանգարանում առկա ճգնաժամի պատճառները:

Պարզվում է, որ Կ. Մելիք-Թանգյանն իր կրթությամբ և թերի գիտելիքներով չի համապատասխանում թանգարանում զբաղեցրած պետի հաստիքին: Սովորել է Հայկական Գյուղատնտեսական ինստիտուտի Մեխանիզացիայի ֆակուլտետում` ձեռք բերելով «տրակտորիստի» մասնագիտություն: Հասկանալի չէ, թե ի՞նչ կապ կարող է լինել ռազմապատմական թանգարանի տնօրենի և մեխանիզատորի միջև: Լինելով կոնֆլիկտային, անկազմակերպ ու անհավասարակշիռ անձնավորություն` նա հասցրել է թանգարանի տարբեր աշխատակիցների հետ ձևավորել անհարթ հարաբերություններ: Ինչպես հայտնի է, ՊՆ-ի կողմից զինծառայողների հետ պայմանագրեր կնքելիս պարտադիր պայման է համարվում, որ տվյալ անձնավորությունն իր անձնական գործերում ներկայացնի տեղեկանք «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հաշվառված չլինելու մասին: Հետաքրքիր է` արդյո՞ք Կ. Մելիք-Թանգյանը ժամանակին ներկայացրել է նման մի տեղեկանք: Հարկ է նշել նաև, որ Կ. Մելիք-Թանգյանը մեծ հակում ունի ոգելից խմիչքի նկատմամբ, ինչը բացասաբար է ազդել նրա հիշողության և առողջ տրամաբանության վրա:

Նա կոնֆլիկտներ ունեցավ ինչպես իր նախկին գիտական գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արցախյան ազատամարտի մասնակից Համլետ Գևորգյանի, այնպես էլ թանգարանի ներկայիս մի շարք աշխատակիցների հետ: Կ. Մելիք-Թանգյանը, հիշաչարությունից դրդված, անգամ հարկ չհամարեց թանգարանի անունից ցավակցական խոսք հայտնել Հ. Գևորգյանի մահվան կապակցությամբ, այն դեպքում, երբ շուրջ 10 տարի նա եղել էր այդ հիմնարկի գիտական հիմնասյունը: Իսկ Երևանի պոլիտեխնիկական համալսարանը, որտեղ դասավանդում էր Հ. Գևորգյանը, պաշտոնապես հայտնել էր ողջ կոլեկտիվի և պրոֆեսորադասախոսական կազմի խորին ցավակցությունը:

Թանգարանի պետն իրեն անցանկալի աշխատակիցների նկատմամբ, իր մակարդակին համապատասխան, վերաբերվում է խիստ անհարգալից ձևով, շարունակ գոռգոռում է, հնչեցնում սպառնալիքներ, վիրավորանքներ ու հայհոյանքներ, այդ թվում՝ կանանց հասցեին՝ երբեմն էլ կորցնելով ինքնատիրապետումը: Արդյո՞ք հենց այսպիսի վարքագծի պատճառով չէ, որ մի շարք զորամասերում հաճախակի են դարձել զինվորների ինքնասպանության դեպքերը: Նման անկիրթ և զինվորականին ոչ վայել պահվածքը` այն էլ ղեկավարի պաշտոնը զբաղեցնողի կողմից, բացարձակապես անընդունելի է և անհարիր՝ թանգարանային գործունեությամբ զբաղվող հիմնարկի համար:

Իր աշխատանքը թողած` նա թիրախավորում է «սև ցուցակում» հայտնված աշխատակիցներին և պատրվակներ փնտրում` նրանց աշխատանքից հեռացնելու համար: Անհիմն կերպով, միայն իր կողմից ստեղծված անարդար և խտրական մոտեցումների դիմաց չլռելու համար պահանջում է աշխատանքից ազատման դիմումներ գրել և հեռանալ, մինչդեռ խոսքի և կարծիքի ազատությունը յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է: Իսկ իր կողմից անտեսված և նվաստացումների ենթարկված աշխատակիցները, ովքեր չեն ենթարկվում նրա ապօրինի պահանջներին, իրեն բնորոշ լկտիությամբ և փողոցային «ռազբորկաներով» ստիպում է, որպեսզի կա՛մ զզվանք ապրեն և հեռանան` հիասթափվելով ստեղծված անախորժ մթնոլորտից, կա՛մ էլ առողջական խնդիրներ ձեռք բերելով` ինքնակամ դուրս գան հիմնարկից: Թանգարանում պետի կողմից չկա աշխատակցի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելու սկզբունքը, ընդհանրապես բացակայում են մարդասիրությունն ու ներողամտությունը:

«Իմ դեմ խաղ չկա» սկզբունքով` Կ. Մելիք-Թանգյանը համարում է, որ ինքը կարող է «գլխով պատ ծակել», իսկ մի առիթով էլ անձնակազմի ներկայությամբ ինքն իրեն անվանել է «քուչի տղա» ՝ թանգարանում ստեղծելով վախի մթնոլորտ: Այսքանից հետո հարց է առաջանում՝ ի՞նչ գործ ունի տարրական գրագիտություն ու բարեկրթություն չունեցող «քուչի տղան» մշակութային հիմնարկում: Կ. Մելիք-Թանգյանը մինչ օրս երբևէ էքսկուրսիաներ չի վարել թանգարան այցելած բարձրաստիճան և պատվավոր հյուրերի համար, ինչպես դա արվում է մյուս բոլոր թանգարաններում: Թանգարանի պետը մինչև անգամ տեղյակ չէ, թե ինչ է ցուցադրվում իր ղեկավարությամբ գործող հիմնարկում, քանի որ նա համարյա անտեղյակ է ռազմական պատմությունից ու ոչինչ չի հասկանում թանգարանային գործից: Կ. Մելիք-Թանգյանը գաղափար չունի նաև ՀՀ օրենսդրությունից, նորմատիվ իրավական ակտերից և վարչարարությունից: Այդ իսկ պատճառով էլ թանգարանի պետը մշտապես ուղղորդվում և կախման մեջ է գտնվում իր ընդհանուր հարցերով տեղակալից և մյուս խորհրդատուներից: Նման անձնավորված մոտեցմամբ և խտրական պահվածքով` թանգարանի պետը շարունակ սթրեսի է ենթարկում աշխատակիցներից շատերին` լցնելով նրանց համբերության բաժակը: Թանգարանում տիրող լարվածությունն ու դժգոհությունները, բնականաբար, ազդում են միջանձնային և գործնական հարաբերությունների վրա, ինչից էլ տուժում է կոլեկտիվ աշխատանքը:

Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) մասնագիտական վարքագծի կանոնագրքի պահանջներով՝ «վերադաս մարմինը պարտավոր է թանգարանն ապահովել բավարար թվով որակյալ մասնագետներով, որպեսզի այն կարողանա իրագործել իր առջև դրված խնդիրները: Աշխատակազմի քանակը և աշխատանքի բնույթը որոշվում են ըստ թանգարանի մեծության ու հավաքածուների քանակի: Վերադաս մարմինն առանձնահատուկ պարտավորություն է կրում թանգարանի տնօրեն նշանակելու հարցում՝ հաշվի առնելով տվյալ պաշտոնն արդյունավետ վարելու համար անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները: Վերադաս մարմինը պարտավոր է ապահովել, որ թանգարանի որևէ անդամի պաշտոնի նշանակումը, պաշտոնի բարձրացումը, պաշտոնից ազատումը կամ պաշտոնի իջեցումը կատարվեն համաձայն թանգարանի իրավական կանոնակարգին ու քաղաքականությանը համապատասխանող ընթացակարգերի՝ թանգարանի շահերից բխած պահպանելով մասնագիտական չափորոշիչները և էթիկայի նորմերը: Թանգարանի բոլոր աշխատակիցներից պահանջվում է համապատասխան պատրաստվածություն և ինքնաշխատությամբ՝ մակարդակի շարունակական բարձրացում»:

Անցնող ժամանակաշրջանում Կ. Մելիք-Թանգյանը հասցրեց լուսանցքում թողնել այս մշակութային հիմնարկը: Տարբեր տարիներին «Մայր Հայաստան» ռազմական թանգարան են այցելել մեծ թվով վետերաններ, բարձրաստիճան զինվորականներ, գիտության և մշակույթի գործիչներ, օտարերկրյա հյուրեր: Հիմա թանգարանի հետ համագործակցությունը նվազագույնի է հասցվել, քանի որ ոչ մի մտավորական չի ցանկանում առնչվել թանգարանի ներկայիս պետի հետ: Բավական է երկու բառ փոխանակել նրա հետ` տեսնելու թանգարանի պետի մտքի դատարկությունն ու առևտրականի հոգեբանությունը, որի չափման միավորը մարդկային հարաբերություններում միայն փողն է և շահի ակնկալիքը: Կասկած չկա, որ եթե որևէ հիմնարկում ղեկավար նշանակվի Կ. Մելիք-Թանգյանը, ապա ամենաշատը մեկ ամսում նա կհասցնի քանդել այն: Նա լարված հարաբերություններ է ունեցել նաև իր նախկին ծառայության վայրում` ՊՆ զորամասերից մեկում, որն առավել հայտնի է «կինոբազա» անվամբ: «Մայր Հայաստան» զինվորական թանգարանն իր բացման օրվանից բազում տնօրեններ է ունեցել, սակայն նրանցից և ոչ մեկը ներկայիս պետի նման պատահական անձ չի եղել: Վերջինիս տեղը ոչ թե թանգարանում է, այլ քրեակատարողական հիմնարկում` որպես ռեժիմի ապահովման պետ:

Կ. Մելիք-Թանգյանի խոսքերի մեծ մասն իրականության հետ աղերս չունի: Նա ոչ միայն չունի կառավարման ձիրք, այլև անտաղանդ ստախոս է և կեղծ բարեպաշտ: «Բաժանիր, որ տիրես» կարգախոսով նա ամեն ինչ անում է, որ թանգարանի աշխատակիցներին միմյանց դեմ լարի և կռվացնի: Թանգարանի պետը միաժամանակ վախեցրել և արգելել է բոլոր աշխատակիցներին, որպեսզի նրանք չպատասխանեն ռազմական ոստիկանների, քննիչների, ինչպես նաև իրավապահ և վերադաս մյուս մարմինների ներկայացուցիչների հարցերին, քանի որ, պետի խոսքերով, ինքը «այնպես է խախտում օրենքները, որ հետո կարողանա դրանց տակից դուրս գա»:

Եթե զինվորականի այս տեսակը չմաքրվի ՊՆ համակարգից և խիստ պատժի չարժանանա, ապա ամբողջ Զինված ուժերի ինստիտուտը, ներառյալ իր բարեխիղճ և պարկեշտ զինծառայողներով, չի կարողանա հարգանք և վստահություն վայելել հանրության աչքում: Պատվազուրկ սպային կա՛մ պաշտոնաթող են անում, կա՛մ զրկում են զինվորական կոչումից, կա՛մ էլ ընդհանրապես հեռացնում են Զինված ուժերի շարքերից: Փոխգնդապետ Կ. Մելիք-Թանգյանը շատ հեռու է զինվորական կարգապահությունից: Նա չի ավարտել սպայական ուսումնական հաստատությունը: Իսկ փոխգնդապետի կոչումն ստացել է` փոխգնդապետի հաստիքում նշանակվելու պատճառով: Այսինքն` նա զբաղեցրած պաշտոնից ելնելով է փոխգնդապետ դարձել: Հնարավոր է` թանգարանի պետն անգամ չգիտի սպայի պատվի մասին: Բայց նա պետք է պահպաներ սպայի պատիվը և չվիրավորեր այդ զինվորական կոչումը, որովհետև դա հանցագործություն է: Մեծ նվեր կլինի թանգարանին ու Զինված ուժերին, եթե Կ. Մելիք-Թանգյանը մեկընդմիշտ զորացրվի և հեռացվի թանգարանից, որպեսզի իր կերպարով այլևս չարատավորի սպայի պատիվն ու թանգարանի հեղինակությունը:

Ինչ վերաբերում է թանգարանում տեղ գտած օրինախախտումներին և չարաշահումներին, դրանք հիմնականում հետևյալներն են:

1. 2021 թ. փետրվարի 1-ից «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում լուծարվեցին բոլոր զինվորական հաստիքները, բացի թանգարանի պետի հաստիքից, փոխարինվելով ծառայողի հաստիքներով: Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ապօրինի կերպով կրճատվեց նաև գլխավոր ֆոնդապահի հաստիքը: Հնարավոր չէ պատկերացնել թանգարան, որն ունի ֆոնդեր, բայց չունի գլխավոր ֆոնդապահի և ֆոնդապահների հաստիքներ: Իսկ որոշ աշխատակիցների նշանակումները տեղի ունեցան խիստ անհամապատասխան ձևով: Օրինակ` թանգարանի պարետ Արգիշտի Պետրոսյանցը նշանակվեց միանգամից ավագ գիտաշխատող, գլխավոր ֆոնդապահ Լիլիֆար Անտոնյանը՝ պահակախմբի պետ, իսկ գլխավոր ֆոնդապահի պարտականությունները պետի հրամանով դրվեցին գիտաշխատող, գործավարի պարտականությունները կատարող Գայանե Քարամյանի վրա, ով նախկինում երբևէ չի վարել ֆոնդեր: Ի դեպ, 1995 թվից սկսած թանգարանի երկարամյա աշխատակից Լ. Անտոնյանի ղեկավարությամբ հրատարակվել է «Հուշամատյան (1941-1945)» քառահատոր գիտական աշխատությունը՝ նվիրված Խորհրդային Հայաստանից զորակոչված և Հայրենական Մեծ պատերազմում զոհված ու անհետ կորած զինվորներին:

2. Կառուցվածքային հիշյալ փոփոխությունների արդյունքում, խախտելով պետական հիմնարկներում պաշտոնային դրույքաչափերի մասին ՀՀ Կառավարության 03.07.2014 թ. N 737-Ն որոշումը, թանգարանին ապօրինի կերպով հատկացվել են «Գ» կոդեր, որոնք պետք է տրվեն գիտահետազոտական ինստիտուտներին: «Գ» կոդերով են պայմանավորված բարձր աշխատավարձերը, իսկ թանգարանի որոշ գիտաշխատողներ ընդհանրապես չեն համապատասխանում իրենց հաստիքներին (թանգարանի ֆեյսբուքյան էջը, կայքէջը կամ գրադարանը վարելու համար գիտաշխատողի հաստիք հարկավոր չէ): Թանգարանի պետը «Գ» կոդերը հիմնավորել է իր նախկին գիտական գծով տեղակալ Համլետ Գևորգյանի մի քանի տասնյակ հոդվածներով և պատմագիտական մենագրություններով, որոնք հեղինակը տպագրել էր սեփական նախաձեռնությամբ և իր ուժերով: Թանգարանի աշխատողներից մինչև անգամ գաղտնի է պահվում հիմնարկի փոփոխված նոր կանոնադրությունը, որտեղ թանգարանի պետի գիտական գծով տեղակալի գործառույթների մի զգալի մասը (ցուցահանդեսների կազմակերպում, դպրոցների հետ համագործակցություն ևն) դրված են թանգարանի պետի ընդհանուր հարցերով տեղակալի վրա: Նպատակն այն էր, որ թանգարանի պետի ընդհանուր հարցերով տեղակալի գործառույթներին ավելացվեն գիտակրթական և գիտալուսավորչական ուղղություններ՝ հավակնելու «Գ» կոդով պայմանավորված բարձր աշխատավարձ: Մինչդեռ թանգարաններին և մյուս բոլոր մշակութային հաստատություններին կառավարության վերոհիշյալ որոշմամբ առհասարակ չեն տրամադրվում «Գ» կոդեր:

3. Թանգարանի պետի կողմից պետական բյուջեի հաշվին կատարված գնումները հիմնականում կատարվում են իր կամ իր մտերիմների խանութներից: Այստեղ ակնհայտորեն շահերի բախում կարող է առաջանալ, ինչն իրենում կոռուպցիոն տարրեր է պարունակում: Մյուս կողմից, արդեն մի քանի տարի է, ինչ ՊՆ Ներքին աուդիտի վարչությունը թանգարանում չի իրականացրել ֆինանսական հաշվետվությունների աուդիտ: Սա իր հերթին կասկածների տեղիք է տալիս թանգարանում կոռուպցիոն հնարավոր սխեմաներ թաքցնելու առնչությամբ:

4. Մեզ հասած տեղեկություններով՝ երկար ժամանակ է, ինչ թանգարանի պետը զբաղվում է տարբեր ձեռնարկատիրական գործունեությամբ. ունի տպարան, գրախանութ, կենցաղային ապրանքների խանութ, շինանյութի խանութ, ինչն օրենքով արգելվում է զինվորական ծառայության մեջ գտնվող անձին: Նշված փաստը քողարկելու նպատակով ձեռնարկությունները սեփականության իրավունքով փաստացի պատկանում են Կ. Մելիք-Թանգյանի ընտանիքի անդամներին: Օրինակ` իր «Էդիկ Թանգյան» տպարանը գրանցված է տղայի անունով (տպարանի հասցեն է՝ Երևան, Միկոյան 23/1): Հայտնի չէ, թե նա այդ բիզնեսներում որքանո՞վ է կատարել և կատարում իր հարկային պարտավորությունները պետության նկատմամբ:

5. Թանգարանի պետի մտերիմ և խորհրդատու աշխատակիցներն ունեն արտոնյալ կարգավիճակ ու վայելում են թանգարանի պետի անմիջական հովանավորությունը, հաճախ չեն կատարում իրենց աշխատանքային պարտականությունները, երբեմն էլ միայն ձևական ներկայության համար են վարձատրվում պետության կողմից: Ավելին, 2013-2017 թթ. Կ. Մելիք-Թանգյանն ինքը, զբաղեցնելով թանգարանի պետի ընդհանուր հարցերով տեղակալի պաշտոնը, այդ ժամանակահատվածում ծառայության չի ներկայացել, թանգարանում անգամ չեն իմացել այդպիսի աշխատողի գոյության մասին (նա թանգարան է եկել ամսական մեկ անգամ), սակայն ստացել է բարձր աշխատավարձ և տարբեր պարգևներ՝ «անբասիր ծառայության» դիմաց: Փաստորեն, թանգարանի այն աշխատակիցները, որոնք տարիներով վարձատրվել են չաշխատելու դիմաց, մեծ վնաս են պատճառել պետությանը: Սա նույնպես կոռուպցիայի դրսևորում է:

6. 2021 թ. հուլիս ամսին Կ. Մելիք-Թանգյանի արձակուրդի ընթացքում նախարարի հրամանով թանգարանի պետի պարտականությունները ժամանակավորապես դրվել էին թանգարանի պետի ընդհանուր հարցերով տեղակալ Լիլիա Առուշանյանի վրա, սակայն նա, շրջանցելով նախարարի հրամանը, այդ ընթացքում մեկ շաբաթից ավելի բացակայել էր հիմնարկից, փոխարենը՝ ինքն իրեն երկու օրվա համար ձևակերպել էր արձակուրդ և առանց վերադաս մարմինների գրավոր թույլտվության՝ լքել Հայաստանի Հանրապետությունը` մեկնելով Կիև՝ հարսանիքի (ՀՀ տարածքից դուրս գալը և ներս մտնելը հեշտությամբ կարելի է ստուգել ինչպես Լ. Առուշանյանի անձնագրի մեջ խփված ելքի և մուտքի կնիքներով, այնպես էլ «Զվարթնոց» օդանավակայանից ստացված տեղեկություններով): Թանգարանի պետը փոխանակ կատարեր Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գրավոր հանձնարարությունը՝ «աշխատանքից հեռացնել Լ. Առուշանյանին», դեռ մի բան էլ ամեն կերպ արդարացնում է ընդհանուր հարցերով իր տեղակալին և նրան համարում անփոխարինելի, ով այս անգամ նույնպես փոխարինում է թանգարանի պետին նրա արձակուրդի ընթացքում:

Թանգարանում տիրող «բեսպրեդելի» ու աշխատանքային խնդիրների առնչությամբ քանիցս զեկուցվել է ինչպես Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներին, այնպես էլ պատկան մյուս մարմիններին, սակայն ամեն անգամ հարցը ծածկադմփոցով կոծկվել է, իսկ ՊՆ-ում բարձրացված բողոքները հայտնվել են փակուղում: Ժամանակին նույնկերպ անտեսվեցին և արհամարհվեցին թանգարանի պետի նախկին գիտական գծով տեղակալ Հ. Գևորգյանի բողոքները վերադաս հրամանատարությանը: ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, որի կուրացիայի տակ է գտնվում թանգարանը, անգամ բողոքներ ստանալուց հետո հետաքրքրված չէ, թե ինչ է կատարվում այնտեղ: Փոխանակ թանգարանի բարոյահոգեբանական մթնոլորտն առողջացնելու, ինչպես նաև աշխատանքային բնականոն վիճակն ապահովելու նպատակով հանձնաժողով ստեղծելու, խնդիրներին տեղում ծանոթանալու, հրատապ կարգով համալիր ստուգումներ ու ծառայողական քննություն անցկացնելու՝ վերադաս մարմինները բավարարվում են իրականությունից կտրված կցկտուր պատասխաններով, որոնք տրվում են թանգարանի պետի և նրա ընդհանուր հարցերով տեղակալի կողմից: Գուցե պատճառն այն է, որ ՊՆ-ն չունի՞ թանգարանային գործի մասնագետներ, ինչի պատճառով էլ զինվորական թանգարանը, որը 2016 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ստացել է պետական հիմնարկի կարգավիճակ, որոշ դեպքերում շարունակում են զորամասի տեղ դնել և այդպես վերաբերվել:
     Թանգարանի ներսում վստահ են, որ այս բոլոր խնդիրներին լուծումներ չեն տրվելու այնքան ժամանակ, քանի դեռ կա անպատժելիության մթնոլորտ և հովանավորչություն: Բանն այն է, որ Կ. Մելիք-Թանգյանը վայելում է Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի բարձր հովանավորությունը, ով նախկինում զբաղեցրել է ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը: Փաստորեն, 2018 թ. թավշյա իշխանափոխությունից առաջ պետական ապարատում գոյություն ունեցած արատավոր բարքերը, այդ թվում` ազգականական և քավոր-սանիկ կապերով ոչ կոմպետենտ մարդկանց պաշտոնների նշանակելը և ամեն գնով այդ պաշտոններում պահելը այսօր էլ շարունակվում են: Ի դեպ, հետաքննող լրագրողների «Հետք» պարբերականը մի քանի տարի առաջ անդրադարձել էր Կ. Մելիք-Թանգյանի և Վ. Ավետիսյանի մասնակցությամբ պատահած մի զավեշտալի պատմությանը: Համաձայն այդ հրապարակումների` Կ. Մելիք-Թանգյանը կատարում էր Վ. Ավետիսյանի հանձնարարությունները, սակայն վերջինս հրաժարվեց «ճանաչել» իր գործընկերոջ լուսանկարը, որտեղ նա սեփական մեքենայով տեղափոխում էր 2016 թ. Ապրիլյան պատերազմի օրերին Երևանի թիվ 164 դպրոցի աշակերտների տրամադրած օգնությունները, որոնք այդպես էլ չհասան ռազմաճակատ, այլ հայտնվեցին գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
984 | 0 | 0
Facebook