Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

«Ես արեցի այն, ինչը պարտավոր էի անել: Հիմա դուք արեք՝ ինչ ուզում եք». անասելի դաժանության համար վարչապետը կյանքով է հատուցել

14:20, կիրակի, 31 հոկտեմբերի, 2021 թ.
«Ես արեցի այն, ինչը պարտավոր էի անել: Հիմա դուք արեք՝ ինչ ուզում եք». անասելի դաժանության համար վարչապետը կյանքով է հատուցել

1984 թվականի հոկտեմբերի 31-ին սպանվել է Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին: Սպանության դրդապատճառը անկախության ձգտող սիկխ հայրենասերների զանգվածային սպանությունն է եղել Փենջաբ նահանգում:

1984 թվականի սկզբին սիկխ անկախականները, կրոնական առաջնորդ Բհինդրանվալեի գլխավորությամբ, Հնդկաստանի կառավարությունից պահանջել են Փենջաբն անջատել Հնդկաստանից ու միաժամանակ, կառավարական զորքերի հնարավոր գրոհից պաշտպանվելու համար, իրենց գլխավոր սրբատեղի՝ Ամրիթսար քաղաքի Ոսկե տաճար են բերել զենք ու զինամթերք:

1984 թվականի հունիսի 4-ին՝ սիկխերի համար առավել նշանակալի կրոնական տոնի օրը, Ինդիրա Գանդին կարգադրել է գրոհով վերցնել Ոսկե տաճարը: Հրամանը ծայրահեղ դաժանությամբ ի կատար է ածվել, և Ոսկե տաճարը տանկային հրանոթներով լիովին ավերվել է: Զոհվել են ոչ միայն սիկխերի բոլոր առաջնորդներն ու Բհինդրանվալեն, այլև մի քանի հարյուր սիկխ խաղաղ ուխտավորներներ: Այս անօրինակ դաժանությունը հարուցել է Հնդկաստանի 18 միլիոն սիկխերի անասելի վրդովմունքը, բայց վարչապետը, անտեսելով նախազգուշացումները, իր թիկնազորից չի հեռացրել ազգությամբ սիկխ թիկնապահներին:

Հոկտեմբերի 31-ի առավոտյան Գանդին, նախապատրաստվելով հեռուստահարցազրույցի, հրաժարվել է զգեստի տակից զրահաբաճկոն հագնել, մտածելով, թե այն իրեն կգիրացնի: Սիկխ թիկնապահներ Բեանտ Սինգխը և Սատվանտ Սինգխը կանգնած են եղել վարչապետի կեցավայրից դեպի նրա աշխատավայր տանող նեղ ծառուղու եզրին տեղակայված պահակետերից մեկում: Երբ Ինդիրա Գանդին անցել է նրանց մոտով, Բեանտը հանել է 38 տրամաչափի ռևոլվերը և կրակել նրա վրա, իսկ Սատվանտը Ստերլինգի ատրճանակ-գնդացրից է դիմահար կրակահերթ արձակել: Դրանից հետո նրանք իրենց զենքը դրել են գետնին, իսկ Բեանտ Սիգխն ասել է. «Ես արեցի այն, ինչը պարտավոր էի անել: Հիմա դուք արեք՝ ինչ ուզում եք»: Նրանց ձերբակալել են ու տարել պահակատուն: Մի քանի րոպե անց այնտեղ սկսել են կրակել, որի արդյունքում Բեանտ Սիգխը սպանվել է, իսկ Սատվանտ Սինգխը՝ ծանր վիրավորվել է, բայց ողջ է մնացել:

Համահնդկական բժշկական ինստիտուտում Ինդիրա Գանդիին չորս ժամ վիրահատել են, բայց նա, գիտակցության չգալով, ժամը 14.20-ին մահացել է: Նրա մարմնից 14 գնդակ են հանել:

Սատվանտ Սինգխին և դավադրության մեկ այլ մասնակցի 1986 թվականի դատապարտել են մահապատժի, և դատավճիռն ի կատար է ածվել 1989 թվականի հունվարի 6-ին, Նյու Դելիի Տիխար բանտում:

Հետաքննությամբ պարզվել է, որ վարչապետի պահակախմբում 10 տարի ծառայած Բեանտ Սինգխը կապված է եղել սիկխերի կրոնաանկախական կազմակերպության հետ և ինքն էլ իր ազգանվակցին ներգրավել է վարչապետին սպանության գործին: Բայց Հնդկաստանի իշխանություններին չի հաջողվել պարզել, թե ով է տվել վարչապետին սպանելու հրամանը:

Գանդիի սպանությունից հետո Հնդկաստանում սիկխերի զանգվածային կոտորած է սկսվել: Մի քանի օրում ավելի քան 3 հազար մարդ է սպանվել, այրվել են սիկխերի տասնյակ տաճարներ:

Քաղաքացիական պատերազմը հաջողվել է կանգնեցնել միայն այն ժամանակ, երբ Ինդիրա Գանդիի որդին՝ Ռաջիվը, ռադիոյով կոչ է արել բնակչությանը հրաժարվել վրիժառությունից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
852 | 0 | 0
Facebook