Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մա՛հ բռնակալներին» թևավոր խոսքի ծագման մասին

18:05, չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ.
«Մա՛հ բռնակալներին» թևավոր խոսքի ծագման մասին

«Sic semper tyrannis» . սա լատիներեն արտահայտություն է, որը թևավոր խոսքի արժեք է ձեռք բերել և նշանակում է «Բռնակալներին՝ միշտ այսպես»: Այն հաճախ բավականին ազատ է թարգմանվել ու դարձել է «Մա՛հ բռնակալներին»: «Sic semper tyrannis» արտահայտության լրիվ տարբերակը հետևյալն է «Sic simper evallo mortem Tyrannis» (նշանակում է ՝ «Միշտ այսպես է մահը հասնում բռնակալներին», իսկ տառացիորեն՝ «Բռնակալներին ես միշտ այսպես եմ մահ բերում»): Այս կարգախոսը եղել է հռոմեացի հանրապետականների, ինչպես նաև բռնակալների դեմ պայքարի ելած եվրոպացիների բազում սերունդների ոգու ճիչը:

Հռոմեացի հին հեղինակներից ոմանք պնդում են, թե այս արտահայտությունն առաջին անգամ արտաբերել է Մարկոս Բրուտոսը մ.թ.ա. 44 թվականի մարտի 15-ին, Հուլիոս Կեսարին սպանելու ժամանակ: Բայց պատմիչ Պլուտարքոսն էլ ասում է, թե Բրուտոսը հնարավորություն չի ունեցել որևէ խոսք ասել, և ոչ մեկը նրանից այդ արտահայտությունը չի լսել: «Կեսարի սպանությունից հետո, - գրում է Պլուտարքոսը, - Բրուտոսն առաջ է եկել՝ իբրև թե ցանկանալով խոսել տեղի ունեցածի մասին, բայց սենատորները, չդիմանալով, փախուստի են դիմել՝ ժողովրդի մեջ խառնաշփոթություն և անհաղթահարելի սարսափ տարածելով»:

ԱՄՆ 10-րդ նախագահ Ջոն Թայլերի հայրն այս արտահայտությունն արտաբերել է՝ դիմելով դպրոցի ուսուցչին, որին նա համադասարանցիների հետ կապկպել էր:

ԱՄՆ Նախագահ Աբրահամ Լինկոնին սպանած դերասան Ջոն Բուտն իր օրագրում գրել է, թե ինքը 1865 թվականի ապրիլի 14-ին Աբրահամ Լինկոլնի վրա կրակելուց հետո «Sic semper tyrannis» է բացականչել:

Հիշյալ արտահայտությունը տեղ է գտել «Մերիլե՛նդ, ի՛մ Մերիլենդ» երգում: Այս երգը մեծ ժողովրդականություն է վայելել կոնֆեդերատների, այսինքն՝ ԱՄՆ հյուսիսային նահանգներից անջատվել ձգտող հարավային նահանգների բնակչության շրջանում: Հիշյալ դարձվածքը պարունակող երգն այժմ Մերիլենդ նահանգի օրհներգն է:

1995 թվականի ապրիլի 19-ին Օկլահոմա Սիթի քաղաքի դաշնային վարչության շենքում պայթեցում է տեղի ունեցել: Ձերբակալվածի՝ Իրաքի դեմ պատերազմի մասնակից Թիմոթի Մաքվեյի հագի մարզաշապիկին Լինկոլնի նկարն ու այս թևավոր խոսքն է եղել:

Էկվադորցի հրապարակախոս, թերթի խմբագիր և դիվանագետ Խուան Մոնատավալոն այս թևավոր խոսքն օգտագործել է իր երկրի պահպանողական նախագահ Գաբրիել Գարսիա Մորենոյին 1875 թվականի օգոստոսի 6-ին մի խումբ երիտասարդ ազատականների կողմից սպանելու կապակցությամբ:

Այս արտահայտությունը նաև հանդիսանում է ԱՄՆ Վիրջինիա նահանգի պաշտոնական կարգախոսը, որը դաջված է նաև նահանգի դրոշմի և դրոշի վրա: Մարդու իրավունքների ամերիկյան հռչակագրի հեղինակներից մեկը՝ Ջորջ Մեսոնը, դեռևս 1776 թվականին է առաջարկել, որ այս կարգախոսը դառնա պետական դրոշմի մաս: Դրոշմը ներկայացնում է Առաքինությանը՝ ձեռքին՝ սուր, ոտքը՝ Բռնակալի մարմնին, իսկ նրա թագը՝ մի կողմ նետված: Դրոշմի հեղինակը Ջորջ Ուիթն է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության Հռչակագրի ներքո ստորագրողներից մեկը և Թոմաս Ջեֆերսոնի դասախոսը:

Այս արտահայտությունը նաև ԱՄՆ ռազմածովային նավատորմի «Վիրջինիա» սուզանավի ու Փենսիլվանիա նահանգի Ալենթաուն քաղաքի նշանաբանն է:


    
    
ԱՄՆ Ռազմաօդային ուժերի 149-րդ կործանիչ էսկադրիլիայի էմբլեմը:
ԱՄՆ Ռազմաօդային ուժերի 149-րդ կործանիչ էսկադրիլիայի էմբլեմը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1425 | 0 | 0
Facebook