Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչ է տեղի ունեցել, երբ հայրը փորձել է որդիներին զինվորական ծառայությունից ազատել

20:20, երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
Ինչ է տեղի ունեցել, երբ հայրը փորձել է որդիներին զինվորական ծառայությունից ազատել

Հռոմի Օկտավիանոս Օգոստոս կայսրը մեծագույն խստությամբ հետամուտ է եղել ամբողջ կայսրությունում ու մասնավորապես բանակում պատշաճ կարգապահության պահպանմանը: Նույնիսկ իր լեգատներին (մոտավորապես՝ համհարզ) իրենց կանանց հետ տեսակցել թույլատրել է միայն ձմռանը, այն էլ մեծ տհաճությամբ:

Անհնազանդության համար նա մի լեգեոն ամբողջությամբ ցրել է: Մյուս լեգեոններն էլ, որոնք պաշտոնաթողություն են պահանջել, նա արձակել է առանց վաստակած պարգևների:

Հռոմեացի մի հեծյալի (հեծյալները հռոմեական հասարակության վերնախավի մաս են կազմել), որն իր երկու պատանի որդիների ձեռքերի բթամատերը կտրել էր, որպեսզի նրանց ազատի զինվորական ծառայությունից, Օգոստոսը հրամայել է այդ խարդախողին իր ամբողջ ունեցվածքի հետ աճուրդով վաճառել, բայց տեսնելով, որ սրան շատ են ցանկացել գնել իր ընկերները, որպեսզի ազատեն ստրկացումից, հանձնել է իր ազատարձակին (նախկին ստրուկ, որին տերը լավ ծառայության համար ազատություն է շնորհել) ՝ պայմանով, որ սա նրան ազատություն տա, բայց ուղարկի հեռավոր կալվածքներ:

Թշնամու առջև նահանջած փաղանգներում նա յուրաքանչյուր տասներորդին մահապատժի է ենթարկել, իսկ մնացյալին փոխադրել է գարեհացի (արշավանքների ժամանակ բեռնակիր անասուններին գարի են տվել, իսկ զինվորները սովորաբար ցորենհաց են ստացել): Ռազմակարգը լքող ցենտուրիոններին (հարյուրապետ), ինչպես նաև շարքայիններին մահապատժի են ենթարկել, իսկ մնացյալ զանցանքների համար տարատեսակ պատվազրկող տույժեր են տվել. օրինակ՝ ցենտուրիոնին կարգադրել են մի ամբողջ օր կանգնել պրետորական վրանի առջև, երբեմն՝ միայն շապիկով և գոտիով (գոտին նրբակեցության, ժամանակակից ժարգոնով՝ ղզիկության նշան է եղել), ուրիշ անգամ ստիպել են պրետորական վրանի մոտ կանգունաչափ կամ ճիմ բռնած կանգնել (գետինը կանգունաչափով չափելը և բանակատեղի կառուցելիս ճիմ կրելը շարքային զինվորների և ոչ թե ցենտուրիոնների պարտականությունն է եղել):

Պատմիչն ասում է, թե Օկտավիանոսը երբեք ճակատամարտ կամ պատերազմ չէր սկսում, եթե վստահ չէր լինում, որ հաղթանակի դեպքում ավելի շատ կշահի, քան թե կկորցնի պարտության ժամանակ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1468 | 0 | 0
Facebook