Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ի՞նչ նպատակ է ձեզ մղում հրամանի տակ մտնել. եթե ձեր նպատակը հարստանալն է, հանգստանալն ու պատիվների արժանանալը... ապա դուք արժանի չեք դրան»

20:45, հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ.
«Ի՞նչ նպատակ է ձեզ մղում հրամանի տակ մտնել. եթե ձեր նպատակը հարստանալն է, հանգստանալն ու պատիվների արժանանալը... ապա դուք արժանի չեք դրան»

Ասպետ ընդունելու հիմնական արարողությունում կրոնը, եկեղեցին է գլխավոր դերը կատարել: «Ասպետի տիտղոսի հավակնորդ երիտասարդ զինակրի հագուստը սկզբում հագից հանել են ու լոգնոց են մտցրել, որը դարձել է մաքրման խորհրդանիշ: Երբ նա լոգնոցից դուրս է եկել, սպիտակ, մարմինը քրքրող տունիկա են հագցրել. Սպիտակը՝ մաքրության խորհրդանիշ, մարմինը քրքրելը՝ արյան խորհրդանիշ, որը նա պիտի հեղեր հավատին ծառայելու ընթացքում: Տունիկայի տակից պետք է հագներ սև շապիկ՝ որպես բոլոր տղամարդկանց վերահաս մահվան խորհրդանիշ: Այդ կերպ մաքրված ու հանդերձավորվածը պետք է 24 ժամ խիստ ծոմ պահեր: Նա պարտավոր էր ամբողջ գիշեր աղոթել, երբեմն՝ միայնության մեջ, երբեմն՝ եկեղեցում՝ հոգևորականի և կնքահոր հետ: Հաջորդ օրվա լուսաբացին նա պիտի գնար խոստովանության: Խոստովանությունից հետո նրան թույլ են տվել հաղորդություն ընդունել: Այնուհետև նա մասնակցել է Սուրբ հոգու պատարագին, որին հաջորդել է ասպետի պարտականությունների մասին քարոզը:

Քարոզի ավարտից հետո նորընծա ասպետն օձիքից կախված սրով մոտեցել է զոհասեղանին, հոգևորականն արձակել է սուրը, օրհնել է այն և մոտեցրել օձիքին: Սուրն ստացողը ծնկել է սենյորի առջև և խնդրել է իրեն ասպետության զինել:

«Ի՞նչ նպատակ է ձեզ մղում հրամանի տակ մտնել, - հարցրել է սենյորը: - Եթե ձեր նպատակը հարստանալն է, հանգստանալն ու պատիվների արժանանալը՝ պատվի չարժանացնելով ասպետությանը, ապա դուք արժանի չեք դրան»:

Ասպետության հավակնորդը խոստացել է բծախնդրորեն կատարել ասպետի պարտականությունները, և սենյորն այդ արարողության համար նախատեսված աղոթքն է բարձրաձայնել:

Ասպետների ստանձնած պարտավորությունները, որոնք կատարելու համար նրանք հանդիսավորապես երդվել են, մեկ միասնական համակարգ չեն եղել: Այդ պարտավորությունները տարբեր ժամանակներում (9-ից 14 րդ դարերում) ասպետից պահանջվող տարբեր երդումների հավաքածու է: Այդ երդումներից որոշները վերաբերում են բոլորովին տարբեր ժամանակների ու հասարակության տարբեր վիճակների, բայց դրանք, այնուամնենայնիվ, ցույց են տալիս այն բարոյական կերպարանքը, որը ցանկացել են տալ ասպետությանը:

Ասպետների վրա դրված պարտականություններում բարոյական զարգացում է առկա, որը լիովին օտար է եղել այդ դարաշրջանի աշխարհիկ հասարակությանը: Բարոյական պատկերացումները, որոնք դրված են եղել ասպետների ստանձնած պարտավորությունների հիմքում, հաճախ այնքան նուրբ են, այնքան մարդկային, որ կասկած չի մնում, որ դրանք մշակել են հոգևորականները: Մարդկանց միջև հարաբերությունների ու պարտականությունների մասին այդպես միայն հոգևորականությունն է մտածել: Հոգևորականության ազդեցությունը մշտապես օգտագործվել է ասպետությանը վերապահված այդ պարտականությունների կատարումն ուղղորդելու, ասպետությանը ծնած գաղափարները, սովորույթները հարաբերությունները բարելավելու համար: Ինչպես արդեն ասվեց, ասպետությունը սկզբնապես չէր ստեղծվել թույլերին պաշտպանելու, արդարությունը վերականգնելու կամ բարոյականությունը բարեփոխելու համար: Այն ծնունդ է առել առանց հատուկ ծրագրի՝ որպես գերմանական ավանդույթի և ավատատիրական հարաբերությունների բնական հետևանք, բայց հոգևորականությունն անմիջապես, առանց հապաղելու, տիրել է նրան և դարձրել է միջոց հասարակության մեջ խաղաղություն հաստատելու, անհատական վարքի կանոններ, առավել ընդարձակ ու առավել խիստ բարոյականություն ամրագրելու համար:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1396 | 0 | 0
Facebook