Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Հոդվածներ

Դեռ իր պատանեկության տարիներին կանխատեսվել էր, թե նա կմեռնի այն ժամանակ, երբ իրենից ավելի հզոր պայծառատեսի կհանդիպի

13:32, հինգշաբթի, 07 հոկտեմբերի, 2021 թ.
Դեռ իր պատանեկության տարիներին կանխատեսվել էր, թե նա կմեռնի այն ժամանակ, երբ իրենից ավելի հզոր պայծառատեսի կհանդիպի

Հին հույների Տրոյա կատարած արշավանքի մասնակիցներից մեկն էլ եղել է առասպելական գուշակ Կալխասը՝ Ապոլլոնի թոռը, որից էլ նա ստացել է գուշակելու ձիրքը: Հոմերոսն ասում է, թե նա Ագամեմնոնի բանակի այն քուրմն ու պայծառատեսն է եղել, որ իմացել է, թե ինչ է եղել անցյալում և ինչ է լինելու ապագայում:

Երբ Աքիլլեսը դարձել է ինը տարեկան, Կալխասն ասել է, թե առանց նրա մասնակցության հնարավոր չի լինի Տրոյան գրավել: Ագամեմնոնը հատուկ եկել է Մեգարա, որտեղ ապրել է Կալխասը, որպեսզի խնդրի նրան միանալ արշավանքին ու այնտեղ կառուցել է Արտեմիսի տաճարը, որպեսզի Կալխասը համաձայնի մասնակցել արշավանքին (ըստ մեկ այլ վարկածի՝ Ապոլլոնն իր քրմի միջոցով կարգադրել է Կալխասին միանալ հունական զորքին և խանգարել նրանց ժամանակից շուտ վերացնել Տրոյայի պաշարումը):

Կալխասը նաև գուշակել է, որ ծովում համընթաց քամի չի լինի ու հույների նավերը չեն հասնի Տրոյա, եթե նրանք Ագամեմնոնի դուստր Իֆիգենիային նախապես չզոհաբերեն Արտեմիս դիցուհուն: Ըստ առասպելաբանության՝ Կալխասն այս գուշակությունն արել է Ավլիսում, որտեղ ժամանակավորապես հանգրվանել էր դեպի Տրոյա նավող Ագամեմնոնի զորքը: Այստեղ Ագամեմնոնը զայրացրել է Արտեմիս դիցուհուն՝ նետահարելով նրա եղնիկին, և դիցուհին հողմեր է առաքել, որոնք հույներին գամել են Ավլիսում: Ագամեմնոնն ուխտել է Իֆիգենիային զոհաբերել դիցուհուն (ըստ մեկ այլ առասպելի՝ Ագամեմնոնն այդ ուխտն արել էր մինչև Իֆիգենիայի ծնվելը, բայց չէր կատարել իր ուխտը): Իֆիգենիային Աքիլլեսի հետ ամուսնացնելու պատրվակով Ագամեմնոնը դստերը կանչել է Ավլիս ու զոհաբերել է աստվածուհուն: Արտեմիսը զոհարանում Իֆիգենիային փոխարինել է եղնիկով և աղջկան տեղափոխել է Տավրիս (Ղրիմ) ՝ նրան դարձնելով իր քրմուհին:

Կալխասը նաև գուշակել է Տրոյական պատերազմի տևողությունը. Տրոյա նավարկելուց առաջ, դեռևս Ավլիսում, Կալխասը նկատել է, որ զոհաբերություն կատարելու ժամանակ օձը դուրս է եկել զոհասեղանի տակից, բարձրացել է սոսի ծառի վերին ճյուղին, խժռել է այնտեղ բնադրած թռչնին ու նրա ութ ճտերին և քարացել է. տեղի ունեցածը Կալխասին հուշել է, որ Տրոյան կնվաճվի պատերազմի տասներորդ տարում միայն: Պատերազմի տասներորդ տարում հույների ճամբարում բռնկված ժանտախտի համաճարակը Կալխասը բացատրել է նրանով, որ աքայացիներն անարգել են Ապոլլոնի քուրմ Քրիսեսին և պահանջել է, որ Ագամեմնոնն ընդունի փրկագինն ու վերադարձնի Քրիսեսի դստերը, որին նա առևանգել էր ու իր հարճն էր դարձրել ՝ հարուցելով Ապոլլոնի զայրույթը: Ագամեմնոնը կատարել է պահանջը և համաճարակը նահանջել է:

Կալխասի խորհրդով հույներն առևանգել են տրոյական պայծառատես Հեղինեին, որը ղեկավարել է Տրոյան պաշտպանող գաղտնի պայծառատեսներին:

Փայտե ձիու միջոցով պաշարված Տրոյա ներթափանցելու գաղափարը, ըստ առասպելի, Կալխասն է տվել (ըստ մեկ այլ վարկածի՝ այդ գաղափարի հեղինակը հիշյալ Հեղինեն է եղել):

Տրոյայի անկումից հետո Կալխասը կանխագուշակել է, որ եթե կենդանի թողնվի Հեկտորի և Անդրոմաքեի մանկահասակ որդին, ապա նա մեծանալով վրեժ կլուծի իր ծնողների սպանության ու իր հայրենի քաղաք Տրոյայի կործանման համար: Հույները հետևել են նրա խորհրդին և անմեղ երեխային քաղաքի պարսպից ցած են նետել:

Դրանից կարճ ժամանակ անց իրականացել է հենց Կալխասի մահվան վերաբերյալ կանխատեսումը (դեռ պատանեկության տարիներին կանխատեսվել էր, թե նա կմեռնի այն ժամանակ, երբ իրենից ավելի հզոր պայծառատեսի կհանդիպի): Այդ պայծառատեսը լինում է Մոպսոսը, որը նրան հանդիպում է Կոլոֆոն քաղաքի մոտ: Ցանկանալով Մոպսոսին շփոթության մատնել՝ Կալխասը նրան հարցրել է, թե քանի թուզ կպտղաբերի այն թզենին, որի մոտ իրենք կանգնած են: Փակելով աչքերը և վստահելով իր ներքին ձայնին՝ Մոպսոսը պատասխանել է. «Տասը հազար ու ևս մեկ»: Երբ թզենու պտուղները քաղել են ու հաշվել, պարզվել է, որ Մոպսոսը չի սխալվել: Դրանից հետո Մոպսոսն էլ իր հերթին է հարցրել Կալխասին, թե մոտակայքում թափառող խոզի փորում քանի խոճկոր կա, դրանք ինչ սեռի են և երբ են ծնվելու: «Ութ խոճկոր, դրանք բոլորն արու են, իսկ ծնվելու են տասը օր անց», - պատասխանել է Կալխասը՝ հուսալով, թե մինչև խոզի ծնելը ինքն այլևս այդտեղ չի լինի: «Ես կարծում եմ, որ խոզի փորում երեք խոճկոր կա, և դրանցից միայն մեկն է արու, և դրանք ծնվելու են վաղը՝ ուղիղ կեսօրին», - առարկել է Մոպսոսը և դարձյալ նրա գուշակությունը ճիշտ է եղել: Կալխասի սիրտը չի դիմացել այդ պարտության պատճառած վշտին, և նա մահացել է:

Ըստ մեկ այլ վարկածի՝ Մոպսոսը տեսել է, թե ինչպես է Կալխասը խաղողի որթատունկը տնկում ու հայտարարել է, թե Կալխասն այնքան չի ապրի, որ ճաշակի այդ տունկի խաղողից քամված գինին: Առաջին բերքից գինի քամելով՝ Կալխասը Մոպսոսին հրավիրել է համտեսի, բայց վերջինս կրկնել է իր մարգարեությունը: Դա հարուցել է Կալխասի քրքիջը, և նա այնքան երկար է քրքջացել, որ մահացել է:

Մահվանից քսան տարի անց ստորգետնյա թագավորության տիրակալ Հադեսը Կալխասին վերակենդանացել է:

Հարավային Իտալիայում՝ Ապուլիայում, Կալխասի պատվին տաճար է եղել, որն ունեցել է իր պատգամատունը և պատգամախոսը և որը գուշակությունները կատարել է սև ոչխարի մորթու վրա քնելով:

Նկարում՝ Կալխասը (աջ կողմում) ուղեկցում է Իֆիգենիային զոհաբերության տանողներին: Ձախակողմյան եզրային հատվածում Ագամեմնոնն է, իսկ վերևում՝ Արտեմիս դիցուհին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
545 | 0 | 0
Facebook