Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Հոդվածներ

Անվտանգության խստագույն միջոցառումներն անգամ չեն փրկել դիկտատորին

13:00, չորեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2021 թ.
Անվտանգության խստագույն միջոցառումներն անգամ չեն փրկել դիկտատորին

1981 թվականի հոկտեմբերի 6-ին Կահիրեում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ սպանվել է Եգիպտոսի Նախագահ Մուհամեդ Անվար ալ Սադաթը:

Զորահանդեսը տեղի է ունեցել անվտանգության խստագույն միջոցառումների ապահովման պայմաններում. ոստիկանությունը նախապես փակել է հրապարակ տանող բոլոր փողոցներն ու նրբանցքները, նույնիսկ տրիբունայում կանգնելու հրավեր ստացած պատվավոր հյուրերը զննության են ենթարկվել: Բայց զորահանդեսի սկսվելուց երեք ժամ անց հրապարակով անցնող մեքենաներից մեկն անջատվել է 130 միլիմետր տրամաչափի հրանոթներ կրող բեռնատարների շարասյունից ու շարժվել է դեպի տրիբունան, որտեղ գտնվում էին Սադաթը, Եգիպտոսի բարձրագույն ղեկավարությունը և պատվավոր հյուրերը: Բեռնատարի խցիկից դուրս է ցատկել 333-րդ հրետանային բրիգադի ավագ լեյտենանտ Հալեդ Իսլամբուլին. նա տրիբունայի վրա նռնակ է նետել, այնուհետև խոշոր տրամաչափի գնդացրից սկսել է կրակել: Այդ նույն բեռնատարի թափքից երկու զինվորական ևս երկու նռնակ են նետել տրիբունայի վրա, իսկ դիպուկահար Հուսեին Աբբաս Ալին կրակել է ինքնաձիգից: Սկսվել է խուճապ, Սադաթը վեր է կացել բազկաթոռից ու ասել է. «Չի՛ կարող պատահել»: Կանգնելով անշարժ՝ նա դարձել է դիպուկահարի հարմար թիրախ, և գնդակները խոցել են նրա պարանոցն ու կուրծքը՝ ծակելով թոքային զարկերակը: Քսան րոպե անց Սադաթը մահացել է: Համոզվելով, որ նախագահն այլևս չի շնչում՝ ահաբեկիչները փորձել են փախչել:

Սադաթից բացի սպանվել են մի քանի բարձրաստիճան զինվորականներ, ղպտիական ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսը, նախագահի լուսանկարիչը և անձնական սպասավորը: Վիրավորվել են փոխնախագահ Հուսեին Մուբարաքը և արտասահմանյան պետությունների մի քանի դիվանագետներ, այդ թվում ԱՄՆ ռազմական խորհրդատուները:

Ահաբեկչության մասնակիցներից երեքը բռնվել են տեղում, իսկ չորրորդը՝ երեք օր անց: Ձերբակալվել է նաև Սադաթի սպանության մանրամասները մշակած ճարտարագետ Մուհամեդ Աբդել Սալյամ Ֆարագը:

Հետաքննությունը պարզել է, որ դավադիրները եղել են «Ալ ջիհադ ալ Ջադիդ» («Նոր սրբազան պատերազմ») կազմակերպության անդամ, և այդ կազմակերպությունը գլխավորել է վերոհիշյալ Ֆարագը: Կազմակերպությունը նպատակ է ունեցել Եգիպտոսում իսլամական հեղափոխություն կատարել, որի առաջին քայլը պիտի լիներ Անվար Սադաթին վերացնելու գործողությունը: Նրանք այդ գործողության ծրագիրը ծածկագրել էին «Սպանե՛լ փարավոնին» կարգախոսով:

1982 թվականի ապրիլի 15-ին Ֆարագն ու կազմակերպության անդամներից երկուսը կախաղան են հանվել, իսկ Իսլամբուլին և Աբբաս Ալին գնդակահարվել են: Բայց հետաքննությունը չի պարզել, թե ինչպես են դավադիրները, խույս տալով բծախնդիր վերահսկաողությունից, բեռնատարով հրապարակ հասցրել նռնակներն ու մարտական զենքերը և ինչու ահաբեկչական գործողությունից մի քանի վայրկայան առաջ Սադաթի թիկնապահները լքել իրենց պահակակերտերը: Վարկածներից մեկի համաձայն՝ Սադաթի սպանությունը կազմակերպել են Եգիպտոսի հատուկ ծառայությունները:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
361 | 0 | 0
Facebook