Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Հոդվածներ

«Այդ թշվառ ազգի բոլոր անբախտությունը այն է, որ 1500 տարիեն ավելի է, որ ինքն իրեն ճանաչել չի կարողանում»

21:14, շաբաթ, 25 սեպտեմբերի, 2021 թ.
«Այդ թշվառ ազգի բոլոր անբախտությունը այն է, որ 1500 տարիեն ավելի է, որ ինքն իրեն ճանաչել չի կարողանում»

186*-ի հուլիս ամսու մեջ Կովկասի կողմերեն մի տասնինը-քսան տարեկան հայ երիտասարդ եկավ Պետերբուրգ՝ համալսարան մտնելու...նորամուտների քննության ժամանակը շատ հեռու էր, որովհետև նոքա, ինչպես հայտնի է, իրենց քննությունները տալիս են ամառվա արձակուրդին, որ կատարվում է երբեմն օգոստոսի վերջը, իսկ շատ անգամ սեպտեմբեր ամսվա սկզբանն. այսպիսով, մեր հայ երիտասարդը առջևը գրեթե երկու ամիս ազատ ժամանակ ուներ: Նորա այսպես շուտ մայրաքաղաք գալը կարող էր երեք պատճառե հառաջացած լինել. կա՛մ նա ուզացել է առաջիկա քննություններու համար երկարատև և լավ պատրաստվիլ. կա՛մ նա ուզացել է ուսանողական պայմաններին լավ ծանոթանալ և կա՛մ Պետերբուրգի ամառային դաստակերտական կյանքը վայելել, որ ըստ մեծի մասին լիքն է լինում ռոմանթիկական արկածներով, որք չափազանց հրապուրիչ են գավառաբնակ երիտասարդներուն, և մանավանդ նոցա, որոնց երակների մեջ հորդ վազում է հարավային եռացող արյունը:

Բայց այդ հիշած երեքեն ոչ մինը չէր իսկական պատճառը մեր հայ երիտասարդի ժամանակե առաջ Պետերբուրգ գալուն: Նա ուրիշ հաշիվ ուներ, և նորա հաշիվը այս էր: Չքավոր ծնողքի զավակ լինելով՝ նա չուներ հնար յուր սեփական հաշվով չորս կամ հինգ տարի որպես ուսանող ապրելու մայրաքաղաքի մեջ. ի բնե հպարտ ու անձնասեր լինելով՝ նա չէր ուզում, որ յուր շատ համազգի երիտասարդների նման, մտնել ի թիվս այն երիտասարդների, որոնք լոկ օրական ապրուստի համար իրանց ամենաթանկագին գանձը՝ իրանց համոզմունքը, դնում են կեղծ ազգասիրության դիմակի տակ... Չէ, մեր նորեկ երիտասարդը շատ բարեկիրթ էր այդ անտանելի պայմանին ինքն իրեն ենթարկելու համար: Թիֆլիսի գիմնազիայի մեջ նա առաջին մաթեմատիկն էր. այն չափով ու սահմանով, որքան վարժապետները ավանդում էին համաշխարհային պատմություն, աշխարհագրություն, լատին լեզու, և այլն, նա այնպես լավ սովորում էր և լավ գիտեր, որ բոլոր քաղաքի մեջ ամենաընտիր աշակերտն էր համարվում, օրենը ամբողջ տասներկու ժամ յուր դասերով պարապելը նորա համար մի սովորական բան էր դարձել, իսկ ինստիտուտի վերին դասարանի աշակերտուհիները նորա մեջ պինդ արմատացրել էին այն համոզմունքը, թե նա ունի չքնաղ դեմք և իրան: Այսպիսի բնատուր և ստացական գեղեցիկ հատկություններով ամոթ չէ՞ր մի փառասեր երիտասարդի՝ յուր գլուխը ծռել մի քանի մեկենասների առջև...

Հարություն Ալթմազովը...լսո՞ւմ եք՝ Ալթմազով և ոչ թե Ալթմազյան, ...գնաց յուր հյուրանոցը: Ժամը ճաշի էր: Ծառան հարցուց նորան. «Որտե՞ղ կբարեհաճիք ճաշիլ. ձեր սենյակի՞ մեջ, թե հասարակաց ճաշարանումը: - Հասարակաց ճաշարանումը, - ասաց Ալթմազովն ու գնաց այնտեղ: Ճաշարանի մեջ մի երկար սեղանի առջև շատ մարդիկ նստած էին՝ բարձր աստիճանավորներ, զինվորականներ, օտար տերության գործակալներ և շատ ռուս և օտարազգի ազնիվ կնանիք: Երբ որ Ալթմազովը յուր սովորական ազատ քայլվածքով գնաց և մի ազատ սպասքի առջև նստավ, ամենքը և մանավանդ կնանիք զարմացած՝ աչքերը նորա վրա դարձուցին, և շատերեն մինչև անգամ ակամա հիացման բացականչություն դուրս թռավ. Mais mon Dieu, quelle beaute՛! Աստվա՛ծ իմ, որպիսի՜ գեղեցկություն:

Ճաշը վաղուց սկսվել էր և արդեն վերջանալու վրա էր: Մի տարեց խաթուն կին, որ սաստիկ ուզում էր նորա հետ խոսք բանալ, բայց չիմանալով ինչպե՛ս, ասաց նորան ֆրանսերեն. «Պարոն, եթե կներեք իմ, գուցե անտեղի, հետաքրքրությունը, ասացեք, խնդրեմ, սպանիացի չե՞ք արդյոք: - Ո՛չ, տիկի՛ն, - պատասխանեց Ալթմազովը նույն լեզվով: «Ուրեմն իտալացի՞ եք», - շարունակեց անծանոթ կինը: - Իտալացի ևս չեմ, - ասաց Ալթմազովը: «Ես գիտեմ, - ասաց մի չոր-չոր, նիհար, բայց ազնիվ դեմքով կին, - պարոնը Հնդկաստանից է, հնդիկ ռաջայի որդի»: - Այդ ևս ոչ, - ասաց հայ երիտասարդը: «Ես գիտեմ, - գերմաներեն ասաց երրորդ կինը, որ ամենեն մատաղահասն էր, - պարոնը հարավային Ֆրանսայեն է, թերևս մարսիլիացի»: - Կսախալիք ամենքդ ալ, տիկիններ, - ասաց Ալթմազովը, - ես Կովկասիցն եմ, - մի փոքր կակազելով ավելցուց թույլ ձայնով, - ես հայ եմ: «Հա՞յ եք», - ասացին երեք կնանիքը և իրար երես նայեցան: «Ի՞նչ զարմանալու բան է որ, - կամաց ձայնով ասաց անգլիացի կինը, բայց որը լսեց Ալթմազովը, - կովկասյան ցեղ որ ասում են, այդ ես կարդացի «Թայմզ» լրագրի մեջ, ոչ այլ ինչ է, եթե ոչ բուն հայերը, որոնց մտավոր զարգացումն, կատարելագործության ընդունակությունը և արտաքին գեղեցկությունը միշտ և հանապազ գովված է եղել ամեն ազգերի մեջ: Եվրոպացիք իզուր այդ հատկություններն առգրում են թեթևամիտ վրացիներուն, կիսաթուրք, կիսամոնղոլ չերքեզներուն, այդ սխալ է…Հայտնի բան է, մի քանի ազգերի նախանձն է, որ պարզապես մերժում են և պատմական ճշմարտությունը չգիտցող ձևանում: Փոքր Ասիայի ապագան, նույն և Ստամպոլին, խոմ մեր լորդ Դերբին վաղուց ասել է, պատկանում է հայերին, եթե նոքա Թալեսի երկու խոսքը հասկանային՝ «Ծանիր զքեզ»: Այդ թշվառ ազգի բոլոր անբախտությունը այն է, որ 1500 տարիեն ավելի է, որ ինքն իրեն ճանաչել չի կարողանում: Հայերին ինքները իրանց չճանաչելը, իրանց արժեքը չիմանալը շատ ձեռնտու է Տաճկաստանին, և այդ ազգը, յուր սեփական շահերի համար, ամեն հնար գործ է դնում, ուրիշ դիպվածներումն խորամանկ, բայց այդ տեղում թեթևամիտ հայերին հավիտենական անգիտության ու կուրության մեջ պահելու: Նախնյաց պատմությունը իմաստավորելը, որ միշտ հետնորդների աչքը բացել է, ուշի-ուշով աշխատում են հայերից հեռացնել՝ իբր ժամանակի զուր կորուստ և անօգուտ աշխատանք. մինչդեռ՝ հայերու բախտը, ամեն գիտություններեն առաջ, դորանից է կախված: Խե՜ղճ ազգ»:

Ռափայել Պատկանյան. «Փառասեր»

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
477 | 0 | 0
Facebook