Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Հոդվածներ

«Միայն ստրուկների հավատարմությունը պետք է համարել երկարատև»

20:37, չորեքշաբթի, 25 օգոստոսի, 2021 թ.
«Միայն ստրուկների հավատարմությունը պետք է համարել երկարատև»

Սելջուկյան բռնապետությունը կառավարել են ստրուկները: Զորքի հրամանատարները, հեռավոր երկրամասերի կուսակալները գնված ստրուկներ են եղել: Արևելքում շատ հին ժամանակներից պետական իմաստությունն ամրագրել է այն համոզմունքը, թե միայն ստրուկների հավատարմությունը պետք է համարել երկարատև: Օսմանյան Թուրքիայի պետական կառավարման համակարգի հիմքն այս համոզմունքն է եղել: Սուլթանական հարեմի պաշտոնյաները, պալատի պահապանները ստրուկներ են եղել, այսինքն թուրքական ծագում չեն ունեցել: Իշխանության գլխավոր նեցուկը՝ ենիչերությունը, նույնպես ստրուկներից է կազմված եղել: Վեզիրների մեծ մասը ստրուկներ են եղել: 17-րդ դարի մի թուրք պաշտոնյա, վերադառնալով վեզիրների խորհրդակցությունից, ասել է. «Ես վերադառնում եմ գերիների շուկայից» (գերիներին որպես ստրուկներ վաճառել են): Նույնիսկ սուլթանները կիսով չափ ստրուկներ են եղել, որովհետև նրանց ստրկուհի մայրեր են ծնել: Ահա թե ինչու Կոստանդնուպոլսում սուլթանին «ստրկուհու որդի» են անվանել:

17-րդ դարի երկրորդ կեսից, թույլ ու կնամոլ սուլթանների ժամանակ, երբ պետական գանձարանը գրեթե դատարկվել է հարեմների վրա կատարվող անհեթեթ ծախսերի պատճառով, սկսվել է քայքայվել ենիչերիների փակ կաստան: Շատ փոքր գումարների դիմաց ոչ ստրուկ մահմեդականը ևս կարող էր ենիչերի դառնալ: Ենիչերիների գնդերի մեջ սկսել են ներթափանցել հասարակության տականքը՝ շրջմոլիկները, ջորեպանները, ուղտապանները, խոհարարները, ավազակները և ամեն տեսակ սրիկաները: 17-րդ դարի թուրք գրող Խոջի բեկը սուլթան Մուրադին պետական գործերի վիճակի մասին մի ընդարձակ զեկուցագիր է ներկայացրել: Զեկուցագրում անդրադառնալով վերոհիշյալ կատերգերիայի մարդկանց, նա ասում է, թե խաղաղ ժամանակներում այդ դատարկապորտ սինքլորները պատրաստ են եղել ամեն տեսակ խռովություն ու խառնակություն հրահրել, բայց երբ պատերազմ է սկսվել, նրանք ամեն միջոց գործադրել են արշավանքից խուսափելու համար և շատ հաճախ փախել են մարտադաշտից: Պատահել է, որ այս նորընծա ենիչերիներն իրենց ռոճիկները ծախել են առևտրականներին, իրենք դարձել են սովորական զինվորներ, իսկ առևտրակաները ստացել են նրանց ռոճիկը: Եղել են նաև այնպիսիք, որոնք փողով գնել են ենիչերիի միայն տիտղոսը, որն իրավունք է տվել զինված ման գալ փողոցներում, վիրավորել ու անպատվել խաղաղ բնակիչներին, ամեն մի նոր թագավորող սուլթանից «բախշիշ» (արտոնագիր) ստանալ և առևտուր անել առանց որևէ տուրք վճարելու:

Զինված ենիչերիին սանձահարելը շատ դժվար է եղել: Իր գոյությունը պահպանելու համար կառավարությունը ստիպված է եղել հանդուրժել նրա գոյությունը և ազատություններ տալ: Մուսթաֆա Ապուշ սուլթանի ժամանակ, երբ կայսրությունում կատարյալ անիշխանություն է տիրել, ենիչերիներն են եղել դրության տերը: 15 ամսում նրանք վեց մեծ վեզիր են փոխել: Ամեն մի վեզիր իր դիրքն ամրապնդելու համար աշխատել է անպայման նրանց հետ լեզու գտնել: Միր Հուսեին մեծ վեզիրը փողեր է բաժանել ենիչերիներին, որ նրանք իրենց համար հարճեր պահեն, ոչխարներ գնեն: Ենիչերիներն այնքան են ինքնավստահ դարձել, որ կողոպտել են նույնիսկ սուլթանի մթերանոցները: Բայց առատաձեռնությունը միայն գրգռել է այս զինվորների անհագ ախորժակը, և նրանք գիշերները կողոպուտի են դուրս եկել, կատարել են բազմաթիվ սպանություններ: Այդ ժամանակների Կոստանդնուպոլիսը նմանվել է նոր գրավված քաղաքի:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
443 | 0 | 0
Facebook