Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Հոդվածներ

Անավարտ կենսագրություն

23:07, կիրակի, 22 օգոստոսի, 2021 թ.
Անավարտ կենսագրություն
    
    
    

Ամեն անգամ երբ իմ կենսագրությունը ուղարկում եմ որևէ գործակալության, զգում եմ, որ ինչ որ մի բան պակաս է:

՛՛Սոցիալական դրությունը – չամուսնացած՛՛:

Կարծես անավարտ է ամբողջ կենսագրություն:

Բավական է ընդամենը մեկ բառ ու… ամեն ինչ կընկնի իր տեղը:

Ամեն առավոտ նույն պատմությունը:

Անավարտ կենսագրություն, ինքնակենսագրություն:

Դե, Աստված կարգին մարդկանց ուղարկել է Կարգին մարդկանց մոտ, իսկ ինձ, գործակալության դռները բացող-փակող:

Այնքան տխուր եմ, որ կարծես ծննդյանս օրը լինի:

Ծննդյանս օրվան մնացել է հարյուր վաթսուն չորս օր:

Հարկավոր է սուրճ խմել:


    

Տեսնես ո՞վ է սուրճը հնարել:

Այդ հնարողին գցես մի անմարդաբնակ կղզի, զրկես սուրճից ու թող այդպես տանջվի ինձ նման:

Հիշում եմ, գնել եմ երկու օր առաջ, բայց ո՞ւր եմ խցկել ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել:

Մարդ պետք է երեք կին ունենա:

Մեկն անպայման առավոտյան սուրճի համար:

Մեկն անպայման երեկոյան ճաշ ունենալու համար:

Մյուսն էլ լվացքի:

Թե ինչո՞ւ են մի հատ կին ունենում ու տանջվում, գլուխս չի մտնում:

Գլուխս չի մտնում նաև թե ես ինչո՞ւ գոնե մեկը չունեմ:

Հիմա հանգիստ պառկած կլինեի ու կվայելեի իմ առավոտյան սուրճը:

Քույրս էլ՝ Տաթևիկը գլուխս տանում է իր հերթական ընկերուհիների հետ ծանոթացնելով:

Ամեն երկու օրը մեկ, երբ գալիս է տունս հավաքելու կամ լվացք անելու սղոցում է ուղեղս, սղոցում ու հաստատ գիտե, որ միևնույն է իմ սղոցված ուղեղով չեմ ամուսնանալու:

Վերջապես գտա: Ի՞նչ գործ ունի սուրճը հացի համար նախատեսված դարակում, չեմ հասկանում:

Հիմա էլ շաքարավազ ման արի, օֆ, զզվել եմ:

Ոչինչ, դառը կխմեմ:

Դառը սուրճը ՛՛Անալգինի՛՛ համ ունի, բայց դե ի՞նչ արած:

Դռան զանգ:

Երևի հարևան պառավն է, կամ աղն է պակաս կամ մաղը:

Ա՞ղը:

Տեսնես դ՞ա որտեղ եմ դրել:

Մարդ մի երեք կին ունենար ու պրծներ այս ամենից:

Դռների մեջ քույրս է:

- Տաթև՞, բայց դու պետք է վաղը գայիր, հո բան չի՞ պատահել:

Առանց ձայն հանելու մտավ ներս, ձեռքի տոպրակը գցեց բազմոցին ու նայում է վրաս:

- Ի՞նչ է եղել, սուրճ կխմե՞ս, միայն դառն է, շաքարավազը վերջացել է:

- Դու հինգ տարվա շաքարավազի պաշար ունես, ամեն անգամ երբ չես գտնում, նորն ես գնում ու գցում որտեղ պատահի:

- Դե լա՛վ, մի՛ փքվիր, ասա՛:

- Լսի՛ր, դու խիղճ ունե՞ս, դու ուղեղ ունե՞ս, ամբողջ մանկապարտեզով մեկ խայտառակվեցի:

- Տաթո ի՞նչ է եղել, բան չեմ հասկանում:

- Խնդրեցի ընդամենը մեկ օր երեխայի հետ մնաս, մեկ գիշեր ու…

- Ի՞նչ եմ արել, բան չեմ հասկանում:

- Այդ ի՞նչ հեքիաթներ ես պատմել երեխային, ի՞նչ ՛՛Ոսկե ձկնիկ՛՛, որը տոկոսով լվացքի մեքենա է տալիս թոշակառու պապիկին, ի՞նչ ՛՛Քծիբ մրջյուն՛՛, որ նույնիսկ հացի կտոր չի տալիս Ճպուռին, ինչո՞ւ ես Թումանյանի ՛՛Գիքորին դարձրել՛՛ Գրիշիկ, այդ ի՞նչ ՛՛Կառլսոն՛՛ է, որի մեջքին վարչապետի ձեռքերն են…

Ձայնը մեկ խոհանոցից է գալիս, մեկ պատշգամբից, մեկ…

- Լա՛վ, լա՛վ մի սկսիր, շատ ընդունակ տղա ունես, ոնց էլ հիշել է ամեն ինչ:

- Վաղն ինքդ կգաս, երեխային ինքդ կտանես մանկապարտեզ, դաստիարակչուհին քեզ է ուզում տեսնել: Պատկերացնո՞ւմ ես ամբողջ մեռյալ ժամին, քո հեքիաթները պատմել է երեխաներին, նրանք էլ տանն իրենց ծնողներին:

Դուրս եկավ լողասենյակից ձեռքին շաքարավազով մի փոքրիկ տոպրակ:

- Ի՞նչ գործ ունի սա կեղտոտ գուլպաների տաշտակի մեջ: Դու ե՞րբ պետք է խելք հավաքես:

- Տաթո ջան գիտե՞ս քեզ ինչքան եմ սիրում:

Համբուրում եմ քրոջս:

Մարդ մի քույր ունենա ու էլ ոչինչ հարկավոր չէ:


    

* * *

- Քեռ, այ քեռի, մյուս անգամ որ քո մոտ քնեմ ինձ Մկների ժողովը կպատմե՞ս:

- Որտեղի՞ց գիտես դրա մասին, մանկապարտեզի՞ց:

- Չէ, երեկ պապան ասում էր լամպերից մեկը չի՛ վառվում, լվացքի պարանը կտրվել է, դռան փականը դժվար է բացվում, մաման էլ ասաց Մկների ժաղովի ճառ ասողն ես:

Ժպտում եմ, քույրս…


    

Դեռ հեռվից հասկացա թե կանգնածներից, որ մեկն է դաստիարակչուհին:

Կարճ՝ վանդակավոր շրջազգեստով, մազերը պոչ կապած, աշխույժ…

Մոտեցա:

- Բարև, Ձեզ, ես Սմբատիկի քեռին եմ, կանչել էիք, չէ՞:

- Ընկեր Աիդա, ուրախ եմ:

Հայացքը փորձում ե խստացնել:

- Ընկե՞ր, միթե Ձեզ այդպես են կոչում երեխաները: Հիմա կարծեմ ամեն տեղ Տիկին են ասում:

- Ես տիկին չեմ, - ժայռ ցույց տվող դեմքը դարձավ ծիծաղկուն:

- Օրիորդ, թերևս:

- Կենսաբանական շեշտը ցուցադրող է:

- Ես գիտեմ ինչպես դիմել, Քույր, քույրիկ:

Դեմքն արդեն իրենն է, պարզ, ժպտացող, բարի, մի փոքր էլ կարծես թախծոտ:

- Դուք գրո՞ղ եք, Սմբատիկի քեռի:

- Ո՛չ, գրողի տարած, այդպիսին եմ ծնվել:

Լրջացավ:

- Մի խնդրանք ունեմ, երեկ չէ առաջին օրս մայրիկիս պատմեցի Ձեր մասին, շատ է ցանկանում ծանոթանալ, նախկինում ուսուցչուհի է եղել, հիմա թոշակի է:

- Ի՞նչ պետք է պատմեիք իմ մասին, երբ ինքս չգիտեմ իմ մասին:

- Դե Ձեր հեքիաթները, համ էլ որ աշխատանք չունեք:

Ուղեղումս հասակով մեկ կանգնեց Տաթևիկի կերպարը:

Նորից նույն պատմությունը:

Տեսնես ի՞նչ հավակնություն կունենա իմ երեք կանանցից, առաջինը, երկրորդը թե երրորդը:

- Լավ, ես Ձեզ այստեղ կսպասեմ, միայն այն ժամանակ դուրս արի քույր Աիդա, երբ իմ քույրը երեխային վերցրած կլինի: Պայմանավորվեցի՞նք:

Նայում եմ ոտքերին:

Ցանցագուլպաներով է, մեծ անցքերով:

Իմ գուլպաների նման, հիշելով հագածս ծակ գուլպաները ծիծաղում եմ:

Կարմրեց:

Նայում է ոտքերին:

- Ինչ որ բան այնպե՞ս չէ:

- Ամեն ինչ նորմալ է, ուղղակի նման ենք իրար:


    

* * *

Տանից գալիս է եփվող դոլմայի հոտ, միայն չեմ կարողանում որոշել, թփո՞վ թե՞ կաղամբով:

- Մարգարիտա Ակոպովնա, - ներկայացավ մայրը:

- Սմբատիկի քեռի՝ Լիպարիտ Վաղարշակովիչ:

Ծիծաղեց:

- Ներս անցիր Արտյոմ ջան, ես գիտեմ քո անունը, զգա քեզ ինչպես տանը: Ես խոհանոցում մի հինգ րոպեից կվերջացնեմ:

Սենյակում մնացինք երկուսով:

Աիդան երեխայի նման շրթունքները ուռցրել ու նեղացած նայում է ինձ:

- Չփորձես մորս ձեռք առնել, կսպանե՛մ:

Տոնը սպառնալից չէ, ավելի փաղաքշականի է նման: Խնդրանքի:

Կարծես դեմքը ձևափոխված իմ հարազատ քույրը լինի, որից վախենալն անհնար է:


    

* * *

Ճաշն անցավ համարյա անխոս, մի քանի կցկտուր հարցեր, պատասխաններ:

- Դու գրո՞ղ ես, ճի՞շտ եմ հասկացել:

- Ոչ, ուղղակի գրում եմ, ընկերներիս համար, հարազատներիս, ինձ համար վերջապես:

- Խմբագրել, սրբագրել կարո՞ղ ես:

- Երևի, երբեք չեմ փորձել:

- Ուրեմն կարող ես:

Ես Աիդայի կողմը չնայեցի այդ ընթացքում:

Չգիտեմ ինչու խուսափում էի, բայց զգում էի նրա հայացքը, որն ուտելու ընքացքում ինձնից չէր հեռացնում:

Ճաշից հետո չհասկացա, թե ինչ առասպելական արագությամբ Աիդան գտավ սուրճի, շաքարավազի, բաժակների տեղն ու փոքրիկ սկուտեղի վրա բերեց սենյակ:

- Իմ տղան քեզ շատ նման էր, կատակասեր, հարուստ բառապաշարով, բանաստեղծություններ էր գրում սիրո մասին, ազատ անկախ մտածելակերպ ուներ:

Չկարողացանք պահպանել, քսանմեկ տարեկանում, հեպատիտից…

Հայրը մեկ տարի էլ չդիմացավ, Աստված հոգին լուսավորի, շատ էր կապված տղայի հետ:

Աչքերը լցվեցին:

- Մամ, դե լավ: Խնդրում եմ:

Աղերսող հայացքով ինձ մեկնեց մի տետր:

- Արտյոմ ջան, սա իմ կյանքն է, հիմնականում նրա մասին, ես քեզ խնդրում եմ, այն ինչ որ կերպ ավարտել, կապ չունի ինչ վերջաբանով: Ամեն անգամ կարդում եմ ու ինչ որ մի բան կիսատ է: Ես գիտեմ, որ գործ չունես, ես քեզ կվճարեմ, շատ եմ խնդրում, չմերժես:

- Մամ, լավ էլի:

Բացեցի տետրը:

Առաջին էջում ուսուցչուհուն հատուկ, գեղեցիկ ձեռագրով վերնագիրն էր.

«Անավարտ կենսագրություն»:


    

* * *

Չգիտեմ ինչի՞ց սկսել, ինչպե՞ս շարունակել:

Սեղանիս Մարգարիտա Ակոպովնայի տետրն է:

Արդեն քանի-քանի անգամ եմ կարդացել:

Խմբագրել եմ, սրբագրել:

Բայց չգիտես ինչու թվում է, որ եթե ես շարունակեմ ապա ոչինչ լավ բան չի ստացվի:

Ինչպես շարունակել ուրիշի կյանքը:

Ինչպիսի՞ վերջաբան:

Ինչո՞ւ համար:

Բայց չէ ո՞ր խոստացել եմ նրա աղերսող աչքերին:

Ճիշտ է, աչքերով եմ խոստացել, առանց որևէ բառ ասելու, բայց զգում եմ, որ չի ստացվի:

Պատուհանից բակն է երևում:

Դատարկ՝ ինչպես ես, ինչպես իմ ներսը:

Միապաղաղ ինչպես իմ կյանքը…

Հեռվից տարբերեցի Տաթևիկի քայլվածքը:

Կողքից էլի մեկն է:

Չեմ ցանկանում ճանաչել: Ինչո՞ւ, ինքս էլ չգիտեմ:

Մոտեցան շքամուտքին:

Հետո Տաթևիկը հայացք գցեց իմ պատուհաններին, ինչ որ բան ասաց Աիդային:

Ձեռքի պայուսակները տվեց նրան ու հեռացավ:


    

* * *

- Սա քույրդ տվեց, ինքը շտապում էր:

Ինձ մեկնեց ձեռքի պայուսակները:

- Չես զարմացե՞լ, որ ես եմ:

- Ոչ, սպասում էի: Անցիր, ի՞նչ ես կանգնել աղքատ ազգականի նման:

Հարևանի դուռը բացվեց, ու զույգ հետաքրքրքսեր աչքեր նայեցին Աիդային:

- Սեդա մարքուր, ձու չունեմ, կոֆեի տեղը չգիտեմ, աղս էլ վերջացել է, անցիր տուն:

- Դու միշտ ես այդպիսի՞ն: Կոպիտ ու…

- Չէ, մեկ մեկ լրջանում եմ, երբ ինչ որ բան եմ ման գալիս ու չեմ գտնում:

- Ի՞նչ ես ման գալիս:

- Դե ասենք մինչև հիմա քեզ էի փնտրում ու չէի գտնում:

- Տափա՛կ: Այս ի՞նչ վիճակում է սենյակդ, չնայած քույրդ մոտավորապես պատմել է:

Սենյակում տեղավորվեց բազմոցի մեջ ու սկսեց ավելի ուշադիր զննել սենյակը:

- Մի բան կտա՞ս հագնեմ, սպորտային շալվար, վերնաշապիկ, դե մի որևէ…

- Միայն վերնաշապիկ, պահարանից վերցրու, որը որ դուր կգա:

- Պատշգամբից ներս չգաս, ու առանց հիմարությունների, հաշվիր որ քույրդ եմ:


    

Կլանված էի ընթերցանությամբ, երբ հասկացա որ արդեն մեկ ժամ կլինի որ չեմ լսում ոչ ամանեղենի չխկոց, ոչ իրերի տեղաշարժի ձայն, ոչ էլ նրա ցածրաձայն երգը:

- Աիդա, ի՞նչ ես անում, - ասացի քիչ բարձր ձայնով:

Սենյակից ինչ որ բան ասաց: Սկիզբը չլսեցի միայն վերջին երկու բառը.

- Արի ամուսնանանք:

- Ի՞նչ:

- Արի ամուսնանանք, չլսեցի՞ր:

Մտա սենյակ:

Մերկ ոտքերով, միայն իմ միակ մաքուր ու արդուկված վերնաշապիկով նստած հեռւստացույց է նայում:

- Առանց իրար ճանաչելո՞ւ:

- Դե ծանոթանում են, բա ինչո՞ւ են եկել:

- Ովքե՞ր, Աիդա:

- Դե այս հաղորդման եկածները, չե՞ս տեսնում:

- Ես ի՞նչ հարցրեցի դու ի՞նչ ես ասում:

- Ես ասացի ՛՛Արի ամուսնանք՛՛ եմ նայում, Գուզեևայի հաղորդումը: Դու մի՞շտ ես այդպիսին:


    

* * *

Առավոտյան զգացի, որ մի տեսակ անհարմար եմ քնել, ինչ որ բան խանգարում է:

Երազումս էլ ինչ որ մեկն ասում է վեր կաց, սուրճի ժամանակն է:

Ախ, այդ սուրճ հնարողը:

- Վեր կաց, Արտյոմ, սուրճ եմ ուզում, երեկ խոստացար չէ անկողնում մատուցել:

Նայում եմ կիսաքուն ու հասկանում, որ այդ ՛՛խանգարող բանը՛՛ կողքս պառկած Աիդան է:

«Էհ, փորձված աղվեսն էլ է ընկնում թակարդը» , մտածեցի ու ծիծաղելով գնացի խոհանոց:


    

Տեսնես ո՞վ է սուրճը հնարել:

Այդ հնարողին գցես մի անմարդաբնակ կղզի, ու թող այդպես տանջվի ինձ նման:


    

* * *

- Սուրճն ի՞նչ եղավ, խա՞շ ես դրել, մեռա՛ սպասելով:

Ձայն չեմ հանում:

Հավաքում եմ հեռախոսի համար:

- Մարգարիտա Ակոպովնա՞… Աիդան ինձ մոտ է, այդպես ստացվեց:

- Գիտե՛մ, Արտյոմ: Ի՞նչ կարող եմ ասել, հասուն մարդիկ եք:

- Ես ավարտեցի մի կիսավարտ կենսագրություն՝ իմ կենսագրությունը:

Իսկ ձեր տետրի գրածը թող այդպես էլ մնա, լա՞վ, ամեն մեկը իր կենսագրությունը պետք է ավարտի սեփական ուժերով:

- Լավ, այդպես էլ գիտեի: Հուսամ, որ ապագայում թոռնիկիս էլ կպատմես քո հեքիաթները:


    
    
    
    
    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
339 | 0 | 0
Facebook