Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Հոդվածներ

Արթուրը մտավ մի միջավայր, որտեղ իրեն անվերջ սուլելու են

Martin
Հեղինակ`
Martin
10:36, երեքշաբթի, 17 օգոստոսի, 2021 թ.
Արթուրը մտավ մի միջավայր, որտեղ իրեն անվերջ սուլելու են
    
Երբ մարզիկը որոշում է հասարակության ծափերին արժանանալ ոչ թե իր մրցելույթների, այլ ոչ ադեկվատ հայտարարությունների միջոցով, նա դադարում է ընկալվել որպես լեգենդ, մարդ, որն իրենով մարմնավորում է ժողովուրդ, պետություն։
Երբ Տոկիոյի օլիմպիական խաղերից առաջ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն ակնարկել էր Գյումրիի քաղաքապետ դառնալու հնարավորության մասին, արդեն պարզ էր՝ սպորտը, գորգը նրա համար դարձել են երկրորդական մի բան, հոբբի։ Նման փիլիսոփայությամբ օլիմպիադա չեն մեկնում, առավել ևս՝ պետք էր մոռանալ չեմպիոնական հավակնությունների մասին։
Այդպես էլ եղավ ու մեծ հաշվով՝ Արթուրը եզրափակիչը տանուլ տվեց հոգեբանորեն՝ իր անատամ մրցելույթով, գորգի վրա դրսևորած անտաղանդ վարքագծով, հաղթողի կամքի իսպառ բացակայությամբ։ Արթուրը եզրափակիչը տանուլ էր տվել հոգեբանորեն, իր բազկի ուժին ապավինելու փոխարեն՝ տուրք տալով բորբոքված երևակայությանը, դավադրային տեսություններ մոգոնելու ֆանտազիային։
Բարձրակարգ մազրիկներն աչքի են ընկնում զսպվածությամբ, անգամ եթե պարտվել են ու նույնիսկ այն պարագայում, երբ պարտության մեջ մեղավոր են տարբեր գործոններ, այդ թվում՝ մարզչական հնարավոր սխալը, որը հնարավոր է բոլոր դեպքերում, ցանկացած մարզական միջոցառման ժամանակ։
Բայց Արթուրը, որը, թերևս, արդեն իրեն պատկերացնում է Գյումրիի քաղաքապետի պաշտոնում, հանդես եկավ դյուցազնին ոչ վայել հրապարակային հայտարարություններով՝ արժեզրկելով իր անունը, լեգենդար հետագիծը։
Ի՞նչ է նշանակում՝ պարտվել եմ, որովհետև դիմացինս ռուսաստանցի էր։ Միթե՞ կարելի է սեփական ձախողումն արդարացնելու համար հրապարակավ վիրավորել բարեկամ երկրի, մի ողջ ժողովրդի։ Կամ ինչպե՞ս կարելի է չգնահատել մրցակցի ուժեղությունը, ավելի գրագետ խաղը։
Հետո, թե վնասվածք եմ ունեցել՝ մոռանալով, որ մրցելույթից մեկ օր առաջ ընտանիքով հայտարարում էին, որ վնասվածքը լուրջ չէ։
Դավաճանի վերջին փրկօղակը հայրենասիրությունն է, անբարեխիղճ մարզիկի վերջին «հույսը» մրցավարն է, որի վրա պոստֆակտում կարելի է բարդել սեփական անտաղանդ մրցելույթի, ոչ կամային բնավորության մեղքը։ Թե՞ Արթուրն ամենևին էլ «Սպիտակ արջի» պատվանվան տակ թաքնված լեգենդ չէ ու հույս ուներ, որ ինչ-որ մեկը պետք է մրցավարից «գնի» իր ոսկին։
Ի դեպ, Արթուր Ալեքսանյանը երբեք էլ կամային հատկանիշներով աչքի չի ընկել ու երբ 2015-ին մեր օլիմպիական հավաքականը բառի իսկական իմաստով «ճակատամարտի» էր մեկնում Բաքու՝ մասնակցելու Եվրոպայի օլիմպիական խաղերին, նա տարբեր պատրվակներով հրաժարվեց միանալ հավաքականին։
Իսկական մարզիկը, դյուցազնը սեփական պարտության մեջ մեղադրում է բացառապես իրեն․ այդպես են վարվել իրական լեգենդները։ Արթուրն ընտրեց իրենից բացի բոլորին մեղադրելու ճանապարհը՝ չգիտակցելով, որ իրեն դուրս է դնում մարզաշխարհից, դեմագոգիկ ու պոպուլիստական հայտարարություններով մտնում է մի աշխարհ, իր համար անծանոթ մի միջավայր, որտեղ իրեն անվերջ սուլելու են։ Ոչ միայն մարզագորգի վրա ունեցած սայթաքումների, այլ նաև մեծ մարզիկին, լավ մարդուն բնորոշ հատկանիշներ կորցնելու համար։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
438 | 0 | 0
Facebook