Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կողմնորոշվելու ժամանակն է

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
23:48, երեքշաբթի, 10 օգոստոսի, 2021 թ.
Կողմնորոշվելու ժամանակն է

Կողմնորոշվելու ժամանակն է

Նիդերլանդական հեղինակավոր ThePostOnline կայքը հրապարակել է դեսպան Տիգրան Բալայանի «Կողմնորոշվելու ժամանակն է» խորագով խմբագրական հոդվածը


    

«Մենք չենք ցանկանում ինչ-որ մեկի կողմն անցնել» ․ շատ եմ լսում այս արձագանքը, երբ եվրոպացի գործընկերներիս հետ զրուցում ենք Կովկասում խաղաղության և Ադրբեջանի բռնապետի ագրեսիվ և անհանդուրժելի գործողությունների կանգնեցմանն ուղղված Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի բանաձևերի իրականացման հարցում հավելյալ գործողությունների անհրաժեշտության մասին։

Թեև զրուցակիցներս ընդհանուր առմամբ համաձայնում են և հազվադեպ են վիճարկում փաստարկներս, նրանք պնդում են, որ կարևոր է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տևական լուծում գտնելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ միաժամանակ աչք փակելով այն փաստի վրա, որ խուսափելով ինչ-որ մեկի կողմն անցնել, նրանք խոչընդոտում են Մինսկի խմբի համանախագահության ջանքերի արդյունավետությանը, ինչն ամենօրյա պարբերականությամբ խաթարվում է Ադրբեջանում իշխող ռեժիմի կողմից։

Զրույցների ընթացքում զգում ու հասկանում եմ, թե որքան հոգնած են զրուցակիցներս Հարավային Կովկասում տեղի ունեցող խառնաշփոթից և նոր բռնությունների մասին անընդհատ նախազգուշացումներից: Ես միայն չեմ կարող հասկանալ այն, որ մարդու հիմնարար իրավունքներին առնչվող հարցերը Հարավային Կովկասում պակաս ուշադության է դարձվում, քան այլուր:

Ի վերջո, եթե մի կողմ դնենք նախորդ տարվա ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքները, Հայաստանի նկատմամբ Ալիևի տարածքային պահանջները և մշտական սադրանքներն ու պարզապես կենտրոնանանք Ալիևի ռեժիմի կողմից բուն Ադրբեջանում իրականացվող գործողությունների վրա, ցանկացած դիտորդ կարող է եզրակացնել, որ Իլհամ Ալիևն իր «կոռուպցիան արտահանելու», եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու, ինչպես նաև արտերկրում իր ընդդիմադիրներին հետապնդելու և սպանելու (վերջերս Ստամբուլում և Թբիլիսիում անհայտ հանգամանքներում մահացել են երկու հայտնի ընդդիմադիր բլոգերներ) մարտավարությունը նորություն չէ Արևմուտքի համար: Նա «գողացել է» բազմաթիվ ընտրություններ (2013թ. ընտրությունների արդյունքները հրապարակվել են քվեարկությունից մեկ օր առաջ), դաժանաբար ճնշել ընդդիմությանը և տարիներ շարունակ արհամարհել միջազգային կանոններն ու նորմերը: Եվրոպան աչք է փակել այդ ամենի վրա՝ փորձելով հանգստացնել, խնդրել, բանակցել և ձեռք մեկնել, սակայն ապարդյուն:

Ալիևների ընտանիքի՝ տասնամյակներ ձգվող բռնապետական կառավարման ընթացքում հազարավոր անմեղ ադրբեջանցի քաղաքացիներ են ձերբակալվել, խոշտանգվել և սպանվել` ընտրությունների կեղծման և երկրի ածխաջրածնային հարստությունը թալանելու և ահագնացող կոռուպցիայի դեմ իրենց բողոքն արտահայտելու համար:

Այս տողերը գրելիս, որոնք կարող են դիտարկվել չափազանց ոչ դիվանագիտական կամ էլ հուսահատության ճիչ, ես դեռ շարունակում եմ հավատալ արդարությանը և համոզված եմ, որ առկա սպառնալիքների լրջության թերագնահատումը միայն կվատթարացնի իրավիճակը: Եվ հիմա ինքս ինձ հարց եմ տալիս, թե որն է հիմնավորումը չկանգնելու՝

- միլիոնավոր հայերի և ադրբեջանցիների կողքին, ովքեր չեն ցանկանում պատերազմել միմյանց դեմ և ցանկանում են ապրել խաղաղության և ներդաշնակության մեջ,

- Ադրբեջանական զնդաններում տանջվող հազարավոր քաղբանտարկյալների, ճնշված կամ դաժանաբար սպանված լրագրողների, ընդդիմության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների, իրավապաշտպանների և բլոգերների կողքին;

- ադրբեջանական կալանավայրերում ապօրինաբար պահվող և խոշտանգումների ենթարկվող հարյուրավոր հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով տասնյակ հազարավոր զոհերի կողքին,

- տարածաշրջանում ապրող բնիկ ժողովրդի կողքին, որի դարավոր մշակութային հուշարձանները ոչնչացվում, պղծվում կամ փոփոխությունների են ենթարկվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրի կողմից։

Ալիևը դարձել է պատերազմ ու հակամարտություն խթանող, քաոս ու անկայունություն արտահանող: Ալիևի ռեժիմի ագրեսիվ պահվածքը դուրս է գալիս Հարավային Կովկասի սահմաններից՝ ազդելով հարևան երկրների վրա և սպառնալիք ներկայացնելով ողջ տարածաշրջանի համար:

Կողմնորոշվելու հարցում Եվրոպայի դժկամությունը քայքայում է եվրոպական արժեքների նկատմամբ հավատն ու հաշտության հույսերը, որոնք փայփայում են միլիոնավոր հայեր և ադրբեջանցիներ:

Ցանկանում եմ եզրափակել այս տողերը Էլի Վիզելի խոսքերով, ով հիանալի կերպով ձևակերպել է. «Մենք միշտ պետք է կողմեր ընտրենք: Չեզոքությունն օգնում է ճնշողին և ոչ երբեք զոհին: Լռությունը քաջալերում է տանջողին և ոչ երբեք տանջվողին: Երբ մարդկային կյանքերը վտանգված են, երբ մարդկային արժանապատվությունը վտանգված է, ազգային սահմաններն ու զգայունությունը դառնում են անկարևոր»:


    

Door: Tigran Balayan , 16: 56, 09 augustus 2021ThePostOnline

Tigran Balayan, ambassadeur Armenië: 'Het is tijd om een kant te kiezen' | ThePostOnline

'Kwesties van fundamentele mensenrechten in de zuidelijke Kaukasus lijken minder belangrijk te zijn dan elders'

TPO.NL


    

հղումներն, , օրագրում, ,
     https://niderlandakan.livejournal.com/502826.html
     https://www.nidoragir.com/2021/08/blog-post_10.html

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3293 | 0 | 0
Facebook