Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինքնաթիռի կործանման պատճառը շատերին չի համոզել

20:03, շաբաթ, 31 հուլիսի, 2021 թ.
Ինքնաթիռի կործանման պատճառը շատերին չի համոզել

1981 թվականի հուլիսի 31-ին ինքնաթիռի վթարվելու հետևանքով զոհվել է Պանամայի փաստական ղեկավար, երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Օմար Էֆրային Տորիխոս Էրրերան:

Հեղաշրջմամբ իշխանությունը 1968 թվականին զավթած Տորիխոսը ժողովրդականություն է ձեռք բերել նրանով, որ 1977 թվականին պայմանագիր է կնքել ԱՄՆ Նախագահ Ջիմի Քարտերի հետ Պանամայի ջրանցքը ԱՄՆ վարչակազմի վերահսկողությունից հանելու և Պանամայի կառավարությանը փոխանցելու մասին:

Այն բանից հետո, երբ 52-ամյա Տորիխոսին և նրա հինգ ուղեկիցներին տեղափոխող ինքնաթիտը վթարվում է Կոկլե շրջանի լեռներում, Պանամայի իշխանությունները եզրակացնում են, թե վթարի պատճառը եղել է վատ տեսանելիության պատճառով օդաչուի թույլ տված սխալը: Բայց Տորիխոսի զոհվելուց անմիջապես հետո ինքնաթիռի կործանման շրջանում ԱՄՆ ռազմական ինքնաթիռ է նկատվել, իսկ ավելի ուշ Տորիխոսի եղբայր Մոզեսը հայտարարել է, թե Պանամայի առաջնորդը զոհվել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հատուկ գործողության արդյունքում: Նրա հետ համամիտ է եղել Տորիխոսին ծանոթ ամերիկացի գործարար Ջոն Փերքինսը, որը պնդել է, թե ինքնաթիռում եղել է պայթուցիկ պարունակող մագնիտոֆոն:

Դիտորդները հատուկ նշանակություն են տվել այն փաստին, որ Տորիխոսը զոհվել է Ռոնալդ Ռեյգանի նախագահ ընտրվելուց վեց ամիս անց: Իսկ Ռեյգանը սուր քննադատության է ենթարկել Ջիմի Քարտերի վարած արտաքին քաղաքականությունը և նմանություն են նկատել Տորիխոսի և Էկվադորի Նախագահ Ռոլդոսի մահվան հանգամանքների միջև: Բայց և՛ Պանամայի, և՛ ԱՄՆ-ի իշխանություններն այս համեմատություններն ու եզրակացությունները քաղաքական շահարկումներ են անվանել:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1785 | 0 | 0
Facebook