Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ուզուրպատորին Տիզբոնում ողջունել են այնտեղ բնակվող հրեաները

21:46, ուրբաթ, 30 հուլիսի, 2021 թ.
Ուզուրպատորին Տիզբոնում ողջունել են այնտեղ բնակվող հրեաները

Հայրասպան շահնշահը՝ Խոսրով 2-րդը, գահ է բարձրացել 591 թվականին՝ մոտավորապես 20 տարեկանում և իշխել է մինչև 628 թվականը: Մեծ վտանգ տեսնելով Բահրամի ապստամբական բանակից՝ Խոսրովը նախ փորձել է նրան մեղմորեն համոզել, որ դադարեցնի ապստամբությանը և հնազանդվի իրեն՝ խոստանալով ոչ միայն մոռացության տալ նրա ապստամբությունը, այլև մեծամեծ պատիվների արժանացնել: Բահրամը կոպտորեն մերժել է առաջարկը և իր բանակն ուղղել է նոր շահի դեմ, քանզի համարել է, որ նրա իշխանությունն անօրինական է: Այլ ելք չունենալով՝ Խոսրովը մեծ զորք է հավաքել և ընդառաջ է գնացել Բահրամին: Երկու բանակները հանդիպել են Մծբին քաղաքի մոտ: Տեսնելով ապստամբների ուժը՝ երիտասարդ թագավորը սկսել է վարանել ու չի կարողացել վճռական գործողություններ սկսել: Այդ անվճռականությունից օգուտ է քաղել Բահրամը և անակնկալ հարձակում է սկսել: Արքայական զորքերը չեն կարողացել դիմակայել և ցրվել են, իսկ Խոսրովը հազիվ է երեսուն թիկնազորով ճողոպրել՝ տանելով իր հետ նաև իր հարեմը:

Հաղթական ճակատամարտից հետո Բահրամ Չուբինը մտել է Տիզբոն: Գրավելով մայրաքաղաքը՝ նա հայտարարել է, թե երկիրը կառավարելու է Որմիզդ 4-րդի որդիներից մեկի՝ Շահրիյարի անունից: Նա նաև պահանջել է, որ իրեն աջակցություն չցուցաբերած ազնվականները հեռանան Տիզբոնից՝ սպառնալով գլխատել հրամանը չկատարողներին: Շատերը ստիպված են եղել լքել քաղաքը՝ իրենց հետ տանելով նաև իրենց զինյալ թիկնապահներին: Հայտնի է, որ Չուբինին ողջունել են Տիզբոնում բնակվող հրեաները:

590 թվականի մարտի 9-ին Բահրամ Չուբինը, այնուամենայնիվ, թագադրվել է: Իրանի այս նոր շահնշահը Սասանյան տոհմից չի եղել, բայց արդարացնելու համար այս ուզուրպացիան, հայտարարվել է, թե նա Արշակունի է: Բահրամն ատել է տապալված Սասանյաններին ու ասել է, թե ուզում է վերջ դնել այդ «համաշխարհային պատուհասին»:

Թեպետ նա նույնիսկ իր անունով դրամ է հատել, բայց իբրև թագավոր՝ ժողովրդականություն չի վայելել, որովհետև Սասանյան տոհմից չի եղել, իսկ Սասանյան տոհմն արդեն վաղուց նվիրական էր դարձել ժողովրդի սրտում՝ որպես բուն ազգային և սրբազան տոհմ: Բահրամի իշխանությունն ընդունել են Իրանի մարզերից միայն մի քանիսը: Օրինակ՝ ուզուրպատորի դրամները հատվել են միայն հյուսիսային և արևելյան Խորասանում, ստորին Միջագետքում, Խուզիստանում, Սպահանում, Ահվազում և իր հայրենի Ռեյում: Լիովին բնական է, որ հենց արքունիքում էլ ուզուրպատորի դեմ ուժեղ ընդդիմություն է եղել, որն ինքն էլ է զգացել: Նա հրամայել է բանտարկել մի քանի զորահրամանատարների, այդ թվում Վնդոյին: Վերջինիս հաջողվել է բանտից փախչել և պալատի վրա հարձակում կազմակերպել: Խռովությունը ճնշվել է, և Վնդոն թաքնվել է եղբոր՝ Վստամի մոտ:

Փախստական դարձած Խոսրովն անցել է բյուզանդական տարածք: Կիրկեսիոն քաղաքում տեղաբաշխված զորքերի հրամանատարը նրան արքայական պատիվներով է ընդունել, և այդտեղից Խոսրովը նամակ է գրել Մավրիկոս (Մորիկ) կայսրին՝ աղաչելով լինել իր հայրը, օգնել զորքով, որ ինքը կարողանա ուզուրպատոր Բահրամի ձեռքից ետ վերցնել իրենից խլված հայրական գահը: Աջակցություն ստանալու դեպքում Խոսրովը խոստացել է Մորիկին հանձնել Սիրիայի մեծ մասը, Հայաստանից՝ Արարատյան աշխարհը՝ մինչև Դվին, Մասիս և Վանա լիճ, և Վրաստանի մեծ մասը՝ մինչև Թիֆլիս:

Մորիկն այս խնդրագրի առթիվ որոշել է մի քիչ դեմոկրատիա խաղալ: Նա խնդրագիրը հանձնել է ծերակույտին (սենատ), իսկ ծերակույտը վճռել է, որ կայսրն առաջարկը չպիտի ընդունի: Բայց Մորիկը միանձնյա վճռել է զորք տրամադրել Խոսրովին: Նա հրամայել է բյուզանդական Հայաստանի սպարապետ Հովհան պատրիկին ու Սիրիայի սպարապետ Ներսեսին անցնել սահմանը գրավել Տիզբոնը և Խոսրովին վերահաստատել Սասանյան գահին:

Նկարում՝ Բահրամ Չուբինի պատկերով ոսկեդրամ:
     (շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2223 | 0 | 0
Facebook