Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ազատվեք թրքուհու որդուց... որովհետև նա մահապատժի է ենթարկել մեզանից լավագույններին ու ոչնչացրել է մեր մեծատոհմիկներին…»

21:34, հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ.
«Ազատվեք թրքուհու որդուց... որովհետև նա մահապատժի է ենթարկել մեզանից լավագույններին ու ոչնչացրել է մեր մեծատոհմիկներին…»

Խորասանից Ռեյ գալով՝ Չուբինը հրամայել է գահաժառանգ Խոսրովի անվամբ դրամ հատել՝ ցանկանալով այդ կերպ հորն ու որդուն գժտեցնել: Եվ, հիրավի, դրան հետևել է պառակտումը թագավորական ընտանիքում: Խոսրովը պաշտպանություն է գտել Ատրպատականում՝ տեղի մարզպանի մոտ: Այդ ընթացքում շահը զնդանն է նետել արքայազնի մոր եղբայրներին՝ Վնդոյին և Վստամին (Ֆիրդուսու «Շահնամե» -ում՝ Բինդու և Բիստամ), իսկ Բահրամ Չուբինի գլխավորած խռովարարների դեմ զորք է ուղարկել: Բայց Բահրամի՝ այդ զորքում գտնվող կողմնակիցները սպանել են իրենց հրամանատարին և անցել են ապստամբների կողմը:

Երկու բանակների ապստամբությունը համարձակություն է ներշնչել Որմիզդին ատող բազմաթիվ պալատական ազնվատոհմիկների ու զրադաշտական կղերականությանը: Նախապատրաստվել է հեղաշրջում: Նրանք Որմիզդի երեսին ասել են. «Քո գանձարանները լի են ոսկով, բայց արցունքով էլ լի են քաղաքներն ու պալատները, դաշտերն ու դաստակերտները»: Մոտավորապես նույնի մասին է վկայում 7-րդ դարի վերջի ասորական անանուն տարեգրությունը. «...նա (այսինքն Որմիզդ 4-րդը) հարկեր բարձեց իր ազնվականության ու ամբողջ աշխարհի վրա»: Ապստամբության պատճառների մասին է՛լ ավելի հստակ է ասել ադ Դինավարին. «Նրանք (Վնդոն և Վստամը՝ Որմիզդի կանանցից մեկի եղբայրները) մեծերին այս փոխանցեցին. «Ազատվեք թրքուհու որդուց, այսինքն՝ Որմիզդ թագավորից, որովհետև նա մահապատժի է ենթարկել մեզանից լավագույններին ու ոչնչացրել է մեր մեծատոհմիկներին…» »:

Բահրամ Չուբինի ապստամբության լուրը Որմիզդին հասել է այն ժամանակ, երբ նա մայրաքաղաք Տիզբոնից հեռու է եղել: Նա շտապել է Տիզբոն հասնել, բայց տեղեկացել է, որ այդտեղ էլ է ապստամբություն սկսվել: Զգալով, որ կատարելապես անզոր է ապստամբների դեմ՝ Որմիզդը, որպեսզի տպավորություն գործի խռովարարների վրա, հագել է արքայական ամենաճոխ զգեստները, նստել է իր գահին և շուրջն է բոլորել իր սիրելիներին ու հավատարիմ մնացած թիկնապահներին: Ներս է մտել Վնդոն, որին Որմիզդը տարիներ առաջ ուղարկել էր Հայաստան, հետո պաշտոնանկ էր արել ու բանտարկել: Ջանալով մինչև վերջ պահպանել իր արժանապատվությունը՝ Որմիզդը գոչել է. «Ո՞ւմ հրամանով ես դուրս եկել բանտից, որտե՞ղ ես ձեռք բերել այդ հանդգնությունը, և ի՞նչ է նշանակում այդ թափորը, որի գլուխն անցած՝ դու համարձակվել ես երևալ աչքիս»: Բայց արժանապատիվ կեցվածքը Որմիզդին չի փրկել: Վնդոն նրան հիշեցրել է, թե քանի՜-քանի՜ մարդ է խեղդամահ արել Տիգրիսի ջրերում, ապա ցած քաշելով գահից՝ վերցրել է նրա գլխի խույրը և իր հետևորդներին հրամայել է կապկպել նրան: Գահընկեց արվածին սկզբում բանտարկել են, ապա՝ կուրացրել: Ապստամբները գահ են բարձրացրել Որմիզդի անչափահաս որդուն՝ Խոսրովին: Սա փորձել է ամոքել հորը, նրան ընծաներ է ուղարկել, որպեսզի ցույց տա, թե չի մոռացել նրան, բայց հպարտ Որմիզդը ետ է ուղարկել ընծաները, ուստի և սպանվել է որդու հրամանով: Այս իրադարձությունների մասին ադ Դիվադին հետևյալն է գրել.

«Կուրացված Որմիզդին տեսակ-տեսակ խորտիկներ են մատուցել, բայց նա այդ ամենը երեսպաշտություն է համարել ու այդ պատճառով մերժել է: Կատաղած բանտապահները բռունցքներով հարվածել են նրա փորին, մահակներով՝ պարանոցին ու կոտրել են երբեմնի ամենազոր տիրակալի ողերը, և նա մահացել է»:

Նկարում՝ Ֆիրդուսու «Շահնամե» պոեմի 15-րդ դարի նկարազարդումը. գահին նստած է Որմիզդ 4-րդը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3036 | 0 | 0
Facebook