Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պատերազմը, Արցախը և Հերմինեի կարոտը

15:49, հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ.
Պատերազմը, Արցախը և Հերմինեի կարոտը

Պատերազմները երբեք չեն ավարտվում զինադադարի կամ հաշտության պայմանագրերի կնքումով։ Դրանցից հետո ևս պատերազմները շարունակվում են մարդկանց ներաշխարհում, որդիներին անվերջ սպասող մայրերի մտքերում, սիրած տղաներից կարոտ առնելու համար գերեզմանի ճամփան բռնող օրիորդների հոգիներում, արտագաղթի պատճառով դատարկվող գյուղերով, կարոտից ճաք տվող հայրենական տան պատերով, լքված այգու մի անկյունում անգործությունից ժանգոտվող և տիրոջը սպասող օղի թորելու սարքով, հասած պտուղները ծառերից չքաղող տիրոջը կարոտ մնացած այգիներով․․․

Պատերազմը հրադադարից հետո ևս երկար շարունակվում է ամենուր, նաև գրականության մեջ․ 44-օրյա պատերազմի ցավով, բայց նաև լույսով լի ծնունդ էր Հերմինե Ավագյանի «Վազում եմ, սպասի՛ր․․․» գիրքը, որը պատմվածքների ժողովածու է։ Գիրքը, կարելի է ասել, հեղինակի ճամփորդությունն է ժամանակի և տարածության մեջ․ ժամանակը իր ապրած կյանքն է՝ մանկությունից մինչև հասունություն, տարածությունը՝ իր կենսատարածքը՝ Արցախ-հայրենիք առանցքով։ Հերմինեի կարոտը առաջին անգամ ծնվեց Արցախյան առաջին պատերազմի հետ, երբ դեռ մանուկ հասակում իր հերոս հոր կարոտը սկսեց առնել սևերիզ լուսանկարից։

«Վազում եմ, սպասի՛ր․․․» գրքի առաջին իսկ էջերից՝ նախաբանից մինչև վերջ, հեղինակը վազում է իր կարոտի հետևից՝ կարոտ հայրենի եզերքների հանդեպ, որը նա զուգորդում-նույնացնում է լույսի հետ․

«-Ուզում եմ բռնել լույսը․․․, -երկխոսում է կարոտի հետ հեղինակը։

-Ուրեմն վազիր մեր հետևից, -հնչում է պատասխանը․․․» ։

Ու այդպես, կարոտն իրեն ուղեկից կարգած, հեղինակը ճամփորդում է կարոտներին ավելի ճանաչ ճամփաներով, որպեսզի չմոլորվի, չկորցնի, այլ մեջքն ուղղած շարունակի քայլել, ասել է թե՝ ապրել, արարել և ապրեցնել։

Ճամփորդության ընթացքում տագնապներն ու խոհերը ծնունդ են տալիս նոր պատումների․

ահա Արուս տատը «Մի բուռ չամիչ՝ մի բուռ կարոտ» պատմվածքից, ով երանությամբ ու կարոտով է հիշում երիտասարդ օրերը, երբ հինգ երեխաները դեռ փոքր էին ու փոքրիկներով շրջապատված չամիչով քաղցրացնում էր և՛ փոքրիկների քիմքը, և՛ իր օրերը։ Իսկ օր ծերության միայնակ էր մնացել կարոտից ճաք տվող իր տան պատերի հետ՝ ինքն էլ կարոտից դառնալով չամիչ։ Կյանքը նրա համար, ասես, կանգ է առնում, երբ ճաք տված պատից բախտի դաժան դիպվածը կախում է նրա երիտասարդ որդու սևերիզ լուսանկարը։ Մոխիրներից վեր հառնելու, երբեք չպարտվելու և մեջքն ուղղած շարունակելու առաջ շարժվելու խորհուրդն ենք կրկին տեսնում պատմվածքի վերջում, ինչը կարող ենք բացատրել նաև հեղինակի լավատեսությամբ ու ընթերցողին լույս ներարկելու մղումով։ Արուս տատը վերադառնում է կյանք, որովհետև նա իմանում է, որ թոռ ունի և ով պիտի այցելի տատին։ Նա նորից գրպանները լցնում է չամիչով․ «Կարոտը նոր չամիչ ուտող էր գտել․․․» ։ Կյանքի շարունակականության, մարդը մարդով մարդ լինելու, կյանքը թանկ կորուստներից հետ նորից վերաիմաստավորելու փիլիսոփայությունն է ընկած պատմվածքի հիմքում։

«Ծերության երգը աշնան ականջներում» պատմվածքում տեսնում ենք գյուղի մարդու անքակտելի կապվածությունը հայրենի գյուղին, իր տանը, այգուն, և հեղինակը անտեսանելիորեն ահազանգում է դատարկվող գյուղի խնդիրը, ծերության շեմին հասած ծնողների ցավոտ տեղափոխությունը գյուղից դեպի քաղաք՝ զավակների մոտ։

Երեխաներ լույս աշխարհ բերելը «Ճռռացող լռություն» պատմվածքում Հերմինե Ավագյանը գեղագիտորեն դարձնումէ ասելիքի հրամայական իր հերոսուհու շուրթերով․

«Մեր բոլորիս պարտքն է առողջ ու շատ երեխաներ լույս աշխարհ բերել, այդպե՞ս չէ, այդպես չե՞ն հաղթում․․․», -հեղինակը հնչեցնում է հռետորական հարցը՝ դրանով իսկ հաստատելով պատերազմից հետո հաղթանակ արձանագրելու իր բանաձևը։

Հերմինեի կարոտը, թև առնելով, հասնում է մինչև ճերմակ գեղեցկուհուն՝ Շուշի, մտնում Ղազանչեցոց, վերապրում Գրիգորի և Ծիայի պսակադրությունը, եկեղեցում նորահարս Ծիայի հազար անգամ խաչակնքվելն ու արցունքները, լռության մեջ մրմնջացող աղոթքը և բանաձևում պատումի վերնագիրը․ «Բոլոր երազանքները բերում են Շուշի» ։

Գրքում «կարոտ» -ը ձեռք է բերում գեղագիտական տարբեր իմաստավորումներ և դրսևորումներ․ տարբեր պատմվածքներում կարոտն ունի համ, բույր, ձայն, կարոտը անձնավորվում է, զրուցում, ցավի նշանակություն է ստանում, երբ այն անհայրենիք է, թևեր է առնում, կյանքով լցվում, երբ վերագտնում է կորցրածը։ Բայց այդ կարոտը միշտ լուսավոր է, լույս տվող, ճիշտ ճանապարհից շեղվողին դարձի բերող, երբ հաշվի են նստում նրա հետ։ Կարոտը հայրենիքն է, որը մեր սիրտն է, ու որտեղ էլ գնանք, այն մեզ հետ է ցկյանս։

Զարինե Սառաջյան, բ․գ․թ․, դոցենտ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2247 | 0 | 0
Facebook