Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայոց պետականությունը վերականգնելու խոստում տված պարսիկ զորահրամանատարի արկածներով լի պատմությունը

20:43, երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ.
Հայոց պետականությունը վերականգնելու խոստում տված պարսիկ զորահրամանատարի արկածներով լի պատմությունը

Բյուզանդիայի հրահրմամբ՝ 589 թվականի աշնանը Կասպից ծովից անդին ձևավորված Թուրքմենական պետության կառավարիչ (խաքան) Կարա Չուրինի որդին՝ Սավե շահը, վիթխարի բանակով (300 – 400 հազար) հարձակվել է Իրանի վրա: Թուրքմեն խաքանի որդին Իրանի Որմիզդ 4-րդ շահից պահանջել է նորոգել ճանապարհներն ու կամուրջները, որպեսզի իր զորքերն անցնեն իրենց դաշնակից Բյուզանդիա:

Պարսից սահմանապահ զորքը թշնամու ճնշման տակ նահանջել է՝ բացելով ճանապարհ դեպի Խորասան: Բայց երբ Պարսկաստանի պաշտպանության գործի ղեկավարումը հանձնվել է Իրանի հռչակավոր տոհմերից մեկի ներկայացուցիչ Բահրամ (հայ պատմագրության մեջ՝ Վահրամ) Չուբինին, Հերաթի մոտ թուրքական խաքանության զորքերը խոշոր պետություն են կրել, և խաքանի որդին ստիպված է եղել գալ Տիզբոն և հաշտություն կնքել:

15-րդ դարում ապրած հերաթցի պատմագիր Միրխոնդը Բահրամ Չուբինի (համաձայն աղբյուրների՝ նա պարթև Արշակունիների շառավիղ հանդիսացող յոթ տոհմերից մեկի՝ Մերհեվանդակ տոհմի սերունդ է. քանի որ եղել է բարձրահասակ, չորուկ ու թխամորթ, ստացել է «Չուբին» մականունը, որ նշանակում է «նիզակի կոթի փայտ» . նա նաև շատ դիպուկ նետաձիգ է եղել) նշանակման մասին հետևյալ առասպելն է մեջբերել, որն առկա է նաև Ֆիրդուսու մոտ.

«Սավե շահին դիմագրավելու համար նա (Որմիզդ 4-րդը) խելացի և փորձառու մարդկանց խորհուրդ գումարեց: Այդ ժամանակ խորհրդաժողովի մասնակիցներից մեկը զեկուցեց. «Ո՛վ տիրակալ, իմ հայրը մի մարդու գիտի, որը ծեր հասակի պատճառով ծառայությունից հեռացվել է ու նստած է տանը»: Որմիզդն ասում է. «Այո՛, ես քո հորը լավ գիտեմ: Նա Խոսրովի ժամանակ իմ մորը Թուրքեստանից Իրան է բերել: Հիմա ի՞նչ կարող ես ասել նրա մասին»: Այդ մարդը շուրունակեց. «Երբ երեկ հայրս ինձանից լսեց, որ տիրակալին մարդ է պետք, որպեսզի ուղարկի Սավե շահի դեմ պատերազմելու, ասաց. «Այդ դեպքում քեզ պիտի պատմեմ, և դու պետք է պատմածս շահին հասցնես…Այն ժամանակ, երբ մեր արդար տիրակալ Շահ Նուշիրվանն ինձ ուղարկեց Թուրքեստան՝ նշանելու խաքանի աղջկան, խաքանն ինձ զանազան նվերներով պատվեց, և, տեղականալով մեր դեսպանության նպատակի մասին, հրամայեց, որ իր դուստրերին ինձ ներկայացնեն, որպեսզի ես նրանցից մեկին ընտրեմ ու տանեմ Մադային (Տիզբոն): Բայց, քանի որ մայր խանուհին չցանկացավ, որ աղջիկն իրենից բաժանվի, հրամայեց, որ խաքանի մյուս դուստրերին ու նրանց սպասուհիներին զարդարեն ու ինձ ցույց տան, իսկ խաքանի աղջիկն առանց զարդարանքի լինի: Բայց ես, մի հայացք գցելով խաքանին շատ նման այդ մաքուր մարգարտին, ընտրեցի նրան: Խաքանը, մարդ ուղարկելով աստղաբաշի մոտ, հրամայեց, որ նա նայի այդ աղջկա կյանքի ավարտի հորոսկոպը Պարսկաստանում և տեղեկացնի: Ուշադիր դիտարկումից հետո աստղաբաշխը հաղորդել է. «Երկնային մարմինների դասավորությունից ակնհայտ է դառնում, որ այդ արժանավոր աղջիկը պարսից թագավորից բարձրահասակ, խոշորակն և շատ խելացի որդի կծնի, և թագավորի մահից հետո թագավորությունը նրան կտրվի. այս երկրից (Թուրքեստանից) ոչ ոք զորք չի հավաքի նրա երկիրը նվաճելու համար, բայց նա՝ լայնաճակատ ու գանգրահեր, թուխ մաշկով, սերտաճած հոնքերով, լիքը դեմքով այդ մարդը, թշնամու թագավորին կսպանի, նրա զորքին կջախջախի և ունեցվածքը կթալանի»: Երբ խաքանն իմացավ երկնային գաղտնիքները, դստերը թագավորական ճոխությամբ զգեստավորեց, որպեսզի ես նրան Մադային հասցնեմ»:

Շահը մարդիկ է ուղարկել տվյալ անձնավորությանը գտնելու: Հանձնարարությունը կատարողները շուտով պարզել են, որ հիշատակված նշաններով մարդը Բահրամ Չուբինն է ՝ Հայաստանի ու Ատրպատականի կառավարիչը: Նա մնացյալ պարսիկ մարզպաններին գերազնացել է քաջությամբ, տաղանդով ու առաքինությամբ: Իր պաշտոնյաների հետ խորհրդակցելով՝ Որմիզդը Բահրամին նշանակել է Սավե շահի դեմ ուղարկվող զորքերի հրամանատար, կարգադրել է, որ Բահրամի տրամադրության տակ դրվի պետության գանձարանն ու զինանոցը ու թույլ է տվել, որ նա անձամբ կատարի իրեն անհրաժեշտ զինվորների ընտրությունը: Բահրամն ընտրել է ռազմական գործում առավել հմուտ 12 հազար հեծելազորայինի, որոնց մեջ չի եղել 40 տարեկանից ցածր տարիքի գեթ մեկը: Պարսիկներն ունեցել են նաև կրականետ մեքենաներ:

Նույն ժամանակ շահը դեսպան է ուղարկել թուրքմենների զորաբանակ, որը դիտմամբ ձգձգել է բանակցությունները՝ սպասելով Բահրամ Չուբինի բանակի մոտենալուն, իսկ հետո փախել է խաքանի զորակայանից: Կարծիք կա, որ հենց նա է Սավե շահին համոզել, որ արշավի ոչ թե կենտրոնական կամ հյուսիս-արևմտյան Իրան, այլ Հերաթ:

Պարսիկները ճակատամարտի համար պատահական չեն ընտրել Հերաթի հարթավայրը: Լեռներով ու գետով շրջափակված այդ վայրում թուքմենները չէին կարող իրականացնել իրենց գլխավոր առավելությունը՝ թվական գերակշռությունը: Սավե խանը փորձել է բանակցել, բայց Բահրամը հրաժարվել է: Նա կարգադրել է թիկունք տանող ճանապարհները ողողել հեղուկ կավով ու կարգել է ճանապարհը փակող ջոկատներ: Երբ հակառակորդներն ընդհուպ մոտեցել են իրար, հրամանատարը նետաձիգներին կարգադրել է նետահարել թուրքական փղերի կնճիթները, և ցավից կատաղած կենդանիները սկսել են տրորել իրենց զինվորներին: Մարտի ընթացքում Չուբինն անձամբ նետահարել է Սավե խանին, որից հետո թուրքերը սկսել են փախչել: Պարսիկները մինչև ուշ երեկո հետապնդել են նրանց, և մի քանի ժամ անց թուրքերի բանակն արդեն ոչնչացված է եղել: Թուրքերին չեն կարողացել օգնել նույնիսկ կախարդները, որոնք, համաձայն առասպելի, պարսիկների վրա քամի ու ջրհեղեղ են ուղարկել:

Սավե շահի որդին ստիպված եկել է Տիզբոն և հաշտության պայմանագիր է կնքել:

Այս հաղթանակը Պարսկաստանի համար շատ անհրաժեշտ է եղել: Իրանին սպառնացող վտանգը չեզոքացվել է, իսկ իր ծառայությունների համար Բահրամ Չուբինը տիրույթներ է ստացել Քուշանների երկրում ու հռչակվել է երկրի փրկիչ:

Նկարում՝ Բահրամը նետահարում է Սավե շահին:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3095 | 0 | 0
Facebook